Բաց նամակ հավերժությանը...








Սիրելի՛ հավերժություն...



Հիշու՞մ ես՝ մի օր հարցրիր ինձ, թե ինչ է ինձ համար երջանկությունը, և ես քեզ ասացի, որ կպատասխանեմ այդ հարցին, երբ մի փոքր մեծանամ... Չգիտեմ՝ մեծացել եմ, թե՝ ոչ, բայց պատրաստ եմ այդ հարցիդ պատասխանն ասել...

Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ ապտակողի կոտրված ձեռքը այժմ ապաքինվել է և մեկնվում է որևէ մեկին օգնելու...

Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ ատող և նախանձող մարդիկ այժմ երջանիկ են, քանի որ ունեն շատ ավելին, քան ես, և քանի որ էլ չկա մի բան, ինչի համար նրանք ինձ նախանձելու առիթ կունենային... Ես երջանիկ եմ, որ նրանք հասել են իրենց ուզածին՝ ոչ թե ինձ ցածրացնելով, այլ՝ իրենք բարձրանալով ինձնից էլ վեր...

Ինձ համար երջանկություն է այն, որ ես այնքան թույլ եմ, որ մարդկանց սիրում եմ և այնքան ուժեղ եմ, որ նրանց չեմ ատում...

Ինձ համար երջանկություն է այն, որ ես ունեմ այնքան ուժ, որ չսայթաքեմ, եթե անգամ մի օր սայթաքեմ, ունեմ ուժ չընկնելու, բայց եթե անգամ ընկնեմ, ունեմ ուժ կրկին վեր կենալու...

Ինձ համար երջանկություն է այն, որ կարող եմ օգնությանս ձեռքը մեկնել նրան, ով դրա կարիքը ունի, անգամ եթե օգնության կանչ չեմ լսում նրա շուրթերից...

Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ սիրողները և իմ սիրելիները ինձնից էլ երջանիկ են...

Ինձ համար երջանկություն է այն, որ ստիպված չեմ մուրալ ո՛չ փող, ո՛չ սեր, ո՛չ կյանք...

Ինձ համար երջանկություն է այն, որ արտասվելու կարիք չունեմ և երբ անգամ արտասվում եմ, արցունքս սրբվում է, իսկ մատներս չեն շարժվում... քանի որ կա մարդ, ով ամուր սեղմում է ձեռքերս և սրբում արտասուքս իմ փոխարեն...

Ինձ համար երջանկություն է այն, որ կան մարդիկ, ում ես երջանկացնում եմ միայն, քանի որ կամ, և մարդիկ, ումով երջանիկ եմ ես, միայն քանի որ նրանք կան...

Ինձ համար երջանկություն է այն, որ կարող եմ լսել, երբ գոռալ եմ ուզում, որ կարող եմ խոսել և պատմել, երբ ուզում եմ պարզապես թողնել ամեն ինչ և հեռանալ...որ կարող եմ երգել, երբ ձայն չունեմ և որ կարող եմ ասել, որ սիրում եմ, երբ բարկացած եմ ու հուսահատ...

Ինձ համար երջանկություն է այն, որ սպասել գիտեմ, երբ անգամ ժամանակ չկա... որ գիտեմ սիրտս նվիրել և ոչինչ չսպասել ի պաստասխան... որ գիտեմ հոգիս հանձնել արհամարհանքի ճանկերին, համոզել, որ նա դրան արժանի է և վայրկյան իսկ չզղջալ...

Ինձ համար երջանկություն է այն, որ գիտեմ հպարտությունս քնեցնել, երբ արթանում է սերը... որ գիտեմ թույլ չտալ, որ այն ինձ մղի սիրասպանությունների...

Ինձ համար երջանկություն է այն, որ գիտեմ ապրել կյանքի ամեն րոպեն ինչպես վերջինը և համոզել ինքս ինձ, որ դա իրոք վերջին այդպիսի րոպեն է իմ կյանքում...

Ինձ համար երջանկություն է այն, որ մեծագույն հիասթափությունից հետո անգամ կյանքը ինձ տալիս է ժպտալու փոքրիկ, չնչին մի առիթ և այն, որ ես չեմ անտեսում այդ առիթը...

Ինձ համար երջանկություն է այն, որ ցանկացած փոթորիկ ավարտ ունի... Կարևորը այդ փոթորկի ժամանակ քո սիրելիներին ամուր բռնելն է, որ ավարտից հետո նրանք նորից կողքիդ լինեն...

Ինձ համար երջանկություն է հույսը’ իբրև օդի հետ թոքեր խուժող թմրանյութի չափաբաժին ամեն օր ընդունելը...

Ինձ համար երջանկություն է այն, որ հոգու ազատության անավարտ նոպաներին ես թռչել եմ սովորում...

Ինձ համար երջանկություն է այն, որ կյանքի անվերջանալի հարվածներին ինձ ուսուցիչ կարգելով՝ ես ապրել եմ սովորում...

Ինձ համար երջանկություն է այն, որ խոսքերս լսող կա.. թեկուզ նրանցից շատերը դրանք կասկածի տակ առնելն են դիտում իբրև նպատակ...

Ինձ համար երջանկություն է այն, որ այսօր ես կարող եմ պատմել քեզ, հավերժությու՛ն, այն, ինչ չեմ ասել այսքան երկար... որ այժմ կարող եմ խախտել լռության իմ դարը և պատմել քեզ՝ որն է իմ իրական երջանկությունը... այն, որ կլինի գոնե մեկը, ով կխորհի իր մասին այս տողերը կարդալով...

Ինձ համար երջանկություն է այն, որ իմ ճանապարհին շատ են սիրտս ցավեցնողները... այդպիսով ես մյուս անսիրտների պես չեմ դառնա... այդպես ես երբեք սրտիս տեղը չեմ մոռանա...

Սիրելի՛ հավերժություն, ես քեզ խոստացել էի պատմել՝ ինչ է ինձ համար երջանկությունը.... ես հիմա էլ չգիտեմ՝ մեծացել եմ, թե՝ ոչ... բայց այսօր պատմում եմ քեզ ամենը...

Ինձ համար երջանկությունը այն է, որ ներսումս քնած և ժամանակ առ ժամանակ արթնացող ու կյանքի ամենակուլ խավարից վախեցող մանկանը ես միշտ կարողանալու եմ ասել «Մի՛ վախեցիր»...








14.01.12


No comments:

Post a Comment