Ուզում է՝ չկա...


Ուզում ես գոռալ,
Իսկ ձայներ չկան,
Ուզում ես լացել՝
Չկա էլ արցունք.
Ջնջում ես անցյալդ,
Գրկում ես ներկան,
Իսկ այն սիրելու
Էլ չկա զգացմունք....

Ուզում ես շնչել՝
Թթվածին չկա,
Ուզում ես քայլել,
Բայց մի ժայռ հսկա
Ճամփադ է փակում,
Խորամանկ ու նենց
Սառույցի վրա
Ոտքդ է սայթաքում
Ու դու ընկնում ես...

Ուզում ես ծնկել,
Ուզում ես հալվել,
Ուզում ես հոժար
Ենթարկվել բախտին,
Բայց հոգիդ սպասում է
Պայծառ դրախտին,
Ու ոտքդ մերժում է
Հենց այդպես ծալվել...

Ուզում ես գտնել,
Բայց կրկին կորցնում ես,
Ուզում ես խոսել՝
Չես էլ շշնջում...
Չես ուզում լսել,
Բայց բախտի ծաղրն է
Չորս կողմդ հնչում.
Չար բախտդ կրկին
Կողքիդ է շրջում,
Ուզում ես խփել՝
Կրկին նահանջում...

Ուզում ես սպասել.
Համբերել չկա,
«Սիրում եմ» ասել,
Բայց «ատում եմ»-ից
Տարբերել չկա...

Բայց իմ լավ ընկեր
Քեզ մի բան կասեմ.
Նա նման չէ քեզ,
Նա քեզնից տարբեր է.
Չի ուզում գոռալ,
Չի ուզում շնչել,
Չի ուզում քայլել
Կամ էլ սայթաքել,
Չի ուզում գտածը
Նա կրկին կորցնել
Ու բախտի ծաղրով
Իր հոգին լցնել...

Ուզում է միայն
Նա մի պահ ժպտալ,
Ուզում է միայն
Մի վայրկյան լինել,
Ուզում է ասել
«Սերը կյանքում կա».
Ուզում է ապրել,
Բայց լոկ բառերից
Միտքը չի ստացվում,
Խավարի դուռը
Լույսով չի բացվում:
Թեկուզ շատերն են
Տենչում այդ ճառը,
Թեկուզ այդ ճառին
Աշխարհն է վկա,
Բայց այն չի հնչում,
Կյանքը չի կանչում.
Ի՞նչն է պատճառը,
Երբ խոսքերը կան,
Ճարտասացն էլ կա,
Պատճառը մեկն է՝
Կյանքը հենց չկա...

No comments:

Post a Comment