Քառատողեր




Ես քերում եմ ստվերը քո այս քաղաքի պատերից՝
Կանգ առնելով անցյալի ու գալիքի դռներում,
Ու չնայած ունեցածս՝ որոշեցիր՝ շատ էր ինձ,
Չեմ խռովում. դեռ ապրում եմ, դեռ սիրում եմ, դեռ ներում...

***

Կատաղում եմ, երբ չհասկանալիս
Լոկ մի հարց տալու տեղ, ջնջում են բառը,
Երբ բարձր ճյուղին ձեռք չհասնելիս
Վեր ձգվելու տեղ կտրում են ծառը...

***
Թեկուզ ես խուլ եմ,
Թեկուզ երգս՝ կույր,
Ա՛ռ այն քեզ նվեր
Տար այն համր ու լուռ...

***
Ես մի ձայնավոր եմ, դու էլ գաղտնավանկ ես,
Դու էլ գաղտնավանկ ես, որը չի հնչում,
Ես մի դատարկ թերթ եմ, դու էլ ավել հանգ ես,
Դու էլ ավել հանգ ես, որը չի ջնջվում...

***
գուցե պատճառն այն պարզ բանի,
որ մերժումից չեմ հառաչել,
այն է, որ ես ծնված օրից
երբեք ոչինչ չեմ աղաչել...

***
Վերադարձի փարոս վառած՝
Կյանքը ճամփորդ քեզ կանվանի.
Դու որոշիր, թե ինչ դառնալ՝
Նոյի ագռավ, թե՝ աղավնի...


***

Փորձանք դարձան զավակներն իմ փորձերի,
Երբ շտապեցի յոթ չափել ու կտրելիս.
Ես պարզապես դռան տեղը կորցրի՝
Բանալիներ ու կողպեքներ փնտրելիս...

***
սովորել եմ քեզ ես ժպտալ ամեն անգամ աչքերով փակ,
ամեն անգամ իմ հոգու հետ նույն կատակով խաղալիս,
բայց այս անգամ մեղավորին գուցե կոչեմ «ժամանակ»,
որ քո ծեծված այդ կատակից ոչ թե ժպտում եմ, այլ լալիս...



Ես չեմ փոշմանում, որ մի օր ձեռնոց
Անամոթաբար նետեցի մահին.
Հենց այդ կռիվն էր, որ սովորեցրեց.
Թևերը ծլում են թռիչքի պահին...


***
Ես ձանձրանում եմ փորձանքներից անվերջ,
Էլ չեմ ուզում քայլել, երբ ներկաս է չոքում,
Ու չեմ գտնում իմաստ էլ հաղթանակի մեջ,
Երբ ապտակից ոչ թե ցավում ես, այլ հոգնում...
***
գիժ ենք, թե՝ գժված՝ ես էլ չգիտեմ,
թու՞ր ենք, թե՞ պատյան՝ մարտը լոկ կասի,
ա՞յտ ենք, թե՞ ապտակ, թող մարդիկ դատեն,
բայց թող ավարտին մարդ մեզ չսպասի...
*** 

Սարեր չափելիս ուշադի՛ր եղիր.
Երկնից գագաթը չէ նրա բարձրությունը
Եվ մի՛ կուրացիր հաղթության լույսից.
«Անհաղթ»-ից «անբախտ» լոկ մեկ պարտություն է...
***
Մատնոցածին ուրվականներ
Իրենց բախտից հառաչում են.
Կեսը խուլ են, կեսը՝ համր,
Մնացածն էլ սիրտ չունեն...

***

Թող որ սիրտս թրթռա,
Բայց ես, մեկ է, չեմ փոշմանում,
Որ երբ կյանքը գոչեց «ՑԱ՛ՏԿ»,
Չցատկեցի, այլ թռա...

***
Վհուկները թող ինձ էլի վախեցնեն,
Թե չես սիրում, ինչպես լույսն է ատում մութին,
Թող որ անգամ լուսաբացը իմ կորցնեն.
Լույսն ու մութը համբուրվում են մայրամուտին...

***

Արդ չգիտեմ՝ ինչ է եղել,
Քաջացե՞լ եմ, թե՞ խենթացել,
Բայց ես երբեք կրակի հետ
Այսքան վստահ չեմ խաղացել...

***

Երեկո էր՝ ցուրտ, քամոտ,
Քայլեր էին, որ չեկան,
Բարևելիս՝ անծանոթ,
Հրաժեշտին՝ բարեկամ...

***

Հեռանում եմ՝ դեռ չլուծած ոչ մի վեճ,
Քեզ թողնում եմ գոլորշանալ ծովի հետ,
Երբ վերջանաս, կմնա լոկ աղ ու սիրտ,
Որը երկար բաբախում էր հենց իմ մեջ...

*** 

Ես դեռ չեկած իմ նոր կյանքն եմ
Վաղվա ձեռքում լուռ համբուրում,
Ու թվում է, թե ես նորից
Մինչև վաղը չեմ համբերում...

***

Չես հասկանում, որ տարբեր են
Ցողն ու լացը տերևի.
Թույնն այն, որ քո մահաբերն է,
Ինձ կփրկի ... երևի...

*** 

Ո՞վ է ասել, որ վերքերը
Օրերի հետ լավանում են...
Ես հոգնել եմ վերք կարելուց.
Ես ձեռքերս լվանում եմ...


*** 

Ես խելագարվել եմ,
Բայց ոչ քո սիրուց,
Այլ քանի որ քեզ սիրելու համար
Մարդ պետք է լինի մի քիչ խելագար... 

*** 

Մատնածալքիս հուշի թույն է կաթկաթում
Ամեն անգամ, երբ անցյալով շրջող «դու»-ն
Իմ այսօրվա մտքի ուղին է հատում
Ու իմ «ես»-ը իր շապկի մեջ կարկատում...

*** 

Մոռանալով չեն սիրում,
Սևահողից չեն ձուլում կավ.
Գնալու ժամն իմանալով՝
Չես գուշակի՝ երբ եկավ...

*** 

Էլ երբեք ոչ ոք չի իմանալու,
Թե ինչեր կային արևից այն կողմ՝
Քո դեմ փակելով դուռ ու պատուհան
Ու քեզ թողնելով անցքը բանալու...




*** 

Մինչ կամացուկ իմ թախիծն է նահանջում՝
Ինձ թողնելով մի պարկ լիքը երազանք,
Մատներիս տակ հին կարոտն է մրմնջում,
Որ ես ու դու այդ մրմունջով տուն դառնանք...

*** 

Եթե ես քեզ սիրեի
Գոնե մի քիչ, մի քիչ քիչ,
Հոգուս խորքում կլսվեր
Գոնե մի ճիչ, մի ճիչ քիչ...

***
Տառապա՛նք իմ, անունդ է «Կասկած»,
Ժանիքդ հատու է ու կույր,
Ինձ սպանիր, երբ լինեմ ես քնած՝
Ու ցողված գիշերով լուսնաթույր...

***
Հեռացումը չի պահանջում արդարացում բարձրագոչ,
Հարկավոր չէ նրան փնտրել անցյալի չոր կապանում,
Ու կապ չունի ամենևին մեղավոր էիք դուք, թե ոչ.
Բոլորդ էլ ճիշտ նույն կերպ եք ուշանում...

***
-Նայի՛ր.. այստեղ՝ ափերիս մեջ
Խլվլալով կյանքն է հոսում...
-Ոչ, մի՛ դյութիր խոսքով քո պերճ,
Դու ինձ, մեկ է, չես համոզում...

***
Անհայտության աշնանամաշ գլխարկում,
Թափառում են հարցեր...հարցեր պառաված,
Մինչ գարունը գրպաներն է դատարկում,
Դրսում աշու՜ն...Ներսում սիրտն է ամպամած...

***
«Հետո»-ները ես պահում եմ,
«Հիմա»-ները՝ նվիրում,
«Արդեն»-ները լուռ սահում են,
«Միթե»-ները դեռ սիրում...

***
Հավատում եմ ես թռիչքին,
Լույսն է հավատիս վկա՝
Լույսն էր կանգնել իմ թիկունքին
Երբ ճոճվեցի, բայց չընկա...

***
Դու հենց այդպիսին ես՝
Լույսից ջոկված մեկը.
Շողերից շեղվածն ու
Ամենաթեքը...



***
Հասնում ենք անշուշտ մենք լուսնին սիրով ,
Նա էլ աչքով է մեզ մեկ-մեկ անում,
Տեսնելիս ցածում այն պոռթկումը լույս,
Որ մենք մարդիկս՝ սեր ենք անվանում...

***
Կանգ է առել...
Ժամացույցս կանգ է առել՝
Քեզ փնտրելու, քեզ գտնելու, քեզ կորցնելու
Խաչմերուկին...



***

Երկու մրրիկ
Իրար սպանել փորձեցին,
Բայց բախումից
Օվկիանոսները մեռան...

***
Գուցե ցավի լճի համար ես այն սնող թախծոտ գետն եմ 
Գուցե ուղիղ ճամփաներին ես այն ծռված արահետն եմ,

Գուցե կյանքս կետադրելիս ես աշխարհի անգրագետն եմ,
Բայց քո կյանքում, անգի՛ն հոգիս, ես դեռ կախյալ բազմակետն եմ..



***

Ինձ թվաց՝ աչքերս փակեցի դանդաղ,
Մինչդեռ սահող ակնթարթ էր...
Ինձ տեսար, կարծեցիր. «Արձան է չքնաղ»,
Մինչդեռ «արձանն» այդ կենդանի մարդ էր...



***


Դրախտի բանալին...

Դու կփրկվես, երբ հասկանաս,
Որ սխալ ես ընտրել ուղին քո բախտի,
Որ դեպ դժոխքը քայլելով՝
Չես բացի դռները դրախտի...



***

Վերափոխում...
Նա բեմ է ելնում ամեն առավոտ,
Հավատում արդեն, որ այնտեղ տանն է,
Նա կեղծել գիտի հույս, հավատ, կարոտ.
Բեմադրող հոգին այժմ դերասանն է...



***

Անհույս ատելություն

Դու կարող ես ինձ չհավատալ,
Բայց ես հոգուս հավատում եմ,
Դու կարող ես լույսդ ետ տալ.
Անհույսներին ես ատում եմ... 

***

Հակադրության զավակ սերը...

Ես քեզ սիրում եմ փրկության ճահիճ,
Քեզ՝ լռության մեջ ծավալվող կատակ,
Ես քեզ եմ սիրում ի՛մ բարի դահիճ,
Դու կործանումիս չա՛ր իմ հրեշտակ... 



***

Ցրտից է

Հարցրիր՝ «Ինչո՞ւ է աչքդ արցունքոտ»,
Պատասխանեցի՝ «Ոչի՛նչ, ցրտից է».
Մեկ է՝ չգիտես՝ արցունքս փոշոտ
Ոչ թե սառույցից, այլ իմ սրտից է...

***
Չպատճառաբանված պատճառ


Ես խելագարվել եմ,
Բայց ոչ քո սիրուց,
Այլ քանի որ քեզ սիրելու համար
Մարդ պետք է լինի մի քիչ խելագար... 

***

Անվերնագիր ճշմարտություն

Դու ասում ես, որ կարող եմ
Նորեն քեզ մարդ ես դարձնել,
Բայց այն, ինչ ես չեմ վերցրել,
Չեմ կարող վերադարձնել...

***

Մեծաստվերը...

Հանկարծահաս փառքը մեկ-մեկ
Մարդուց մի գոռոզ, բիրտ ժայռ է թրծում,
Որը նորաթուխ մի բարդի չեղած
Իրեն հինավուրց կաղնի է կարծում...



***

Ես մտածում էի՝ լինելով համառ,
Կարող եմ թաքցնել, թե որքան եմ թույլ,
Երբ գրազ եկանք համբույրի համար,
Եվ պարտվեցի ես, և կորուստն էիր դու...

*** 

Դու ինձ մի՛ հարցրու՝ ուր եմ գնալու,
Միայն իմացի՛ր՝ չեմ կարող էլ ետ գալ.
Ես վերադարձել եմ, բայց ոչ մնալու.
Լոկ հրաժեշտ էի մոռացել քեզ տալ...

*** 

Թե մինչ արթնանալս պիտ մեռնեմ այսօր,
Վերջին երազս քո՛նն էր, իմացի՛ր,
Ինձ համար թախծի՛ր դու մինչև կեսօր,
Իսկ երեկոյան ընդմիշտ մոռացի՛ր...

*** 

Այնքա՜ն եմ հոգնել ես որոնելուց
Ճիշտը և սխալը թնջուկ-քաոսում,
Որ ցանկանում եմ բղավել տեղից.
-Աստղե՛ր, շա՛րք կանգնեք. հոգիս է խոսում...

*** 

Դուք մի՛ պահանջեք անել անհնարը,
Մի՛ ստիպեք սառած ստերը կռել.
Ես տապալել եմ ձեր այս մի համարը.
Ձեզ հայհոյելու տեղ՝ թու՛յլ տվեք լռել...

***

Անկեղծ սպանություն


Թե որոշել ես դու հոգուս սպանել,
Թիկունքից չասես, սիրտս չի անսա,
Ու մի փորձիր արդ զուր նախաբանել,
Նայի՛ր աչքերիս ու ճիշտը ասա...



***


Եթե մի օր դու հոգնես
Անլույս անփայլ քո կյանքից,
Ձեռքս բռնիր ու արփին տես
Իմ մատների արանքից...



***

Թե մի օր անես այնպես,
Որ վախերդ ցուրտը տանի,
Քեզ կգտնեմ՝ ուր էլ լինես,
Որ շշնջամ. «Երանի»...







No comments:

Post a Comment