Կոնյա՞կ... թե՞...


Ի՞նչ է սերը՝ մի շիշ կոնյա՞կ,
Գինով տակա՞ռ, օղու բաժա՞կ,
Գուցե թու՞յն հասունացող,
Սիրելի՛դ իմ հարբեցող:

Ի՞նչ է հույսը ՝ լուսամփո՞փ,
Աստղի շո՞ղ արշալույսին,
Թե մի հին վերք դեռ անսփոփ,
Սիրելի՛դ իմ պաղ լուսին:

Ի՞նչ է սուտը՝ կեղծ դիմա՞կ,
Գուցե մի հին չար կատա՞կ,
Թե հոգիդ է սուտասան,
Սիրելի՛դ իմ դերասան:

Ի՞նչ է ծովը՝ ջուր և ա՞ղ,
Բիլ սահման միապաղա՞ղ,
Թե արցունքս անավարտ,
Սիրելի՛դ իմ անապատ:

Կամ ի՞նչ ասել է անցյալ՝
Հավիտյան փակված մի դուռ,
Թե արտասվող սիրեցյալ
Դռան շեմին՝ տխուր, լուռ:

Բայց ոչինչ իմ            լույս հոգի,
Քեզ ամեն ինչ կպատմեմ ես,
Բայց դու չասես ոչ ոքի,
Որ գաղնիքս իմացել ես:


Կպատմեմ քեզ, որ իմ սերը
Ո՛չ կոնյակ է, ո՛չ օղի,
Որ այդ սերը պահող տերը
Վառ ծաղիկն է սև հողի:

Կպատմեմ քեզ, որ իմ հույսը
Լուսամփոփ չէ փողոցի,
Որ իմ հույսը պատուհան է,
Որ քո ձեռքը պիտ գոցի:

Կպատմեմ քեզ, որ սև սուտը
Ոչ թե սիրտ է կամ հոգի,
Այլ հենց քո իսկ էությունն է,
Որ հայտնի չէ ոչ ոքի:

Կպատմեմ քեզ, որ ծովն այն բիլ,
Որ իմ հրճվանքն է վանում,
Է այն սերմից ելած մի ծիլ,
Որը ցավ են անվանում:

Ու կասեմ քեզ, որ անցյալը
Եվ անցյալի սիրեցյալը
Ե՛ս եմ, հոգի՛ս, դռան շեմին՝
Անժամանակ ու անտեղին,

Դեռ արտասվում, տենչում մի լույս,
Իսկ ծիլն ցավի դառնում է բույս՝
Մի մոլախոտ իմ սրտի մեջ,
Որ սպանում է ամեն նոր տենչ:

Ու այն երկար կսպանի դեռ
Երազները իմ գունավոր,
Մինչև օրս դարձնի գիշեր,
Լույսը՝ խավար ահավոր:

Որ առանց սիրտ հոգիս մնա՝
Առանց սեր ու լուսաբաց,
Այն ծիլի հետ, կշողա՝
Իմ լույսերը խժռած:

23.10.10


No comments:

Post a Comment