Ձմեռ


Մենությունը,
իմ հետքերով վազելուց հոգնած ու քրտնած,
հասավ ինձ,
պոչը փռեց ոտքերիս
ու պառկեց կողքիս հանգստանալու...
իսկ ես մնացի կանգնած,
քանի որ առանց քեզ
վազել չգիտեմ...

Վերարկուիս ծայրերն իրար միացնողը
մի կոճակ է՝
կոճակ-անզորություն,
որն առանց քեզ
կոճկվել չգիտի...

Կոշիկներիս ներբանները ծակ են,
ցուրտ է,
իսկ դու այստեղ չես, որ համոզես,
թե ձյան վրա քայլելն
առողջարար է...

Ես այն թուրն էի,
որ պատրաստ էր հանուն քեզ
երկիրը դարձնել կոճակ
ու ձմռանը քայլել ծակ ներբաններով,
իսկ դու թուրն այդ կոտրեցիր...
չէ՛,
դրանից հետո դու անպաշտպան չմնացիր,
պարզապես ես մատներիս արանքից սահեցրի այն ամենը,
ինչ կարող էի պաշտպանել...

իսկ դու «թրավոր» ասպետից դարձար
հասարակ
կոճակավոր
ձմեռային
մի անցորդ...

եղանակները փոխվում են...


Գիրքը


դու ինձ կարդում ես,
և քեզնից լավ ինձ անգիր արտասանել 
ոչ ոք չգիտի...

դու ինձ կարդում ես.
թարթիչներիս ամեն դողը,
մկաններիս ամեն խաղը,
ամեն վերուվարը կրծքիս...

դու ինձ կարդում ես.
արտատպում սպիտակ թղթին
ու հրճվում դատարկ տողերին հայտնված
սիրո խոսքերից...

նույնիսկ այն ժամանակ,
երբ բարդ եմ ու խճճված
անընթեռնելի ձեռագրի պես,
դու կարդում ես ինձ
և պահ իսկ չես կակազում...

դու ինձ կարդում ես.
այնքան, մինչև հոգնես,
գնաս քնելու
ու ինձ թողնես քո ծակ դարակում
որ փոշոտվեմ...

դու կքնես,
իսկ ես երազ տեսա.
մարդ էի...


Լավագույնը մարդկանցից


Ընկավ մեկի ոտքի տակ,
Կոտրեց մյուսի գլուխը,
Երրորդի ականջը,
Հայհոյեց չորրորդին,
Հինգերոերդին լքեց,
Վեցին ապտակեց,
Յոթը էլ չեղավ.
Կոտրեցին.

Նա ընդամենը քար էր,
Որին մեղադրեցին
Մարդ լինելու մեջ...


Այն, ինչ մնում է


Այն մարդու մոլորակը,
ով ապրում էր քո ներսում
վեց կտոր արեցիր
նարնջի պես...
տունը,
որից նա թռչուններին էր կերակրում
վառեցիր
լուցկու հատի նման...
անկողինը,
որում նա կռիվ էր տալիս մղձավանջների հետ
պատառոտեցիր
ու դարձրիր ցամաքած օդապարիկ...
մարմինը,
որ պահում էր նրա հոգին,
սեղմեցիր տգիտության աքցաններում
ու ճզմեցիր 
հասած ծիրանի նման...
մատները,
որով նա սեր էր նկարում հատակին
կոտրեցիր դալար շիվերի պես
կոտրեցիր միանգամից
ու առանց բողոքելու...
էլ ոչ մի մատ չմնաց քո ներսում,
ոչ մի ծալք,
ոչ մի հետք...
միայն մի եղունգ՝
իսկական
մարդկային...

գոնե դա պահիր...
գլուխդ մի օր գուցե քոր գա...


Ռի-Ման հյուրընկալվոմ է Ռադիո Մաո-ին :)

Այս կիրակի՝ հուլիսի 22-ին ժամը 20.00-ին լսեք օն-լայն հեռարձակմամբ Ռադիո Մաո-ի «Լսարանում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրը լինելու եմ ես՝ Ռի-Մաս :)
Ռադիոյի պաշտոնական կայք-էջը գտեք այստեղ՝
www.radiomao.am


Նոր բլոգ- My new blog

Ողջույն :)
Սիրով ներկայացնում եմ իմ նոր բլոգը, որը նաատեսված է անգլերենով գրված աշխատանքներիս համար: Հուսով եմ՝ այն ձեզ դուր կգա:
Հաճելի ընթերցում :)

Hi :)
I'm glad to present my new blog to you. It's meant to be a separate blog for my English works. Hope you'll like it.
Enjoy your reading :)

Ri-Ma (Ռի-Մա) - http://rimakhach.wordpress.com/