Ես քեզ ներում եմ...


Ես ներում եմ քեզ նախ նրա համար,
Որ քո դեմ եղել եմ ես անհույս, անզոր
Որ այն գարունը խելագար ու ծեր,
Որ գողացել ես դու ինձնից մի օր,
Դարձրել ես  փոշի, մոխիր գունավոր
Ու անողոքաբար սպանել ես գուցե:

Ես քեզ ներում եմ և նրա համար,
Որ շատ եմ փորձել կամուրջներ հատել,
Որ ետ չեմ նայել,
Որ սիրուց փախել եմ,
Ու որ քեզ ջնջել եմ,
Բայց դե չեմ ատել....

Ու հիմա նետում եմ անցյալի ծովը
Այդ հին կամուրջը կիսափուլ ու թեք,
Գողանում եմ ես իմ հոգին կրկին
Ու քեզ թողնում եմ լոկ մշուշ ու մեգ...
Ու քեզ թողնում եմ սառույցներն քո սեգ,
Որ քո նոր գարնան փոշոտ քողի տակ
Այդ սառույցները քեզ չմոռանան
Եվ դրանց շնչից լուռ սառես մեկ-մեկ...

Եվ իմ սխալներն եմ ես հիմա ձուլում
Այն կամրջակի հալվող քարերին,
Արդ որպես իմ սխալ՝ հեռացի՛ր հեռու,
Որ դու չդառնաս իմ ծովի գերին:

Քեզ ես ներում եմ սխալներիս համար,
Որ հիմա անցել են հանց անձրև վարար,
Եվ նրա համար եմ հիմա ներում քեզ,
Որ դու չգիտես ասել «Կներես»...

No comments:

Post a Comment