Պատառիկներ


Ես ազատություն եմ տենչում, իսկ դու դեռ աղավնի նկարելիս սկսում ես վանդակից...
***
Երջանկությունը դադարեց մատներս դաղել այն օրը, երբ հասկացա, որ էլ մանուկ չեմ..
***
Երբ քեզ հոգի են նվիրում, կոշիկներդ դրանով սրբելը պարտադիր չէ...
***
Ինձ ցավ պատճառելու համար իմ փոխարեն դու վրեժ լուծեցիր, բայց ինձնից՝ ինձ անհարություն սպանելով...
***
Կարոտի թափանցիկ ծրարով քեզ եմ ուղարկում վերջին երկու երազանքներս...Դրանք ինձ էլ պետք չեն, իսկ քեզնից լավ երազանք սպանել ոչ ոք չգիտի...
***
-Նա մահվան շեմին էր, ինչպե՞ս եղավ, որ բոլորից երկար ապրեց...
-Նա ուղղակի սկսեց հավատալ...
***
Քաղաքում կամուրջներ շատ կային... Նա քայլում էր դրանցից մեկով և մտածում, թե որը ընտրի կամրջի ու կյանքի միջև... և որոշեց ընտրել կյանքը, որ ամեն գիշեր իր երազում հոգին կամուրջը ընտրել կարողանա...
***
Երբ մի օր հիասթափվեցի բոլորից և ամեն ինչից ու հուսահատվեցի, կյանքը ինձ նվիրեց գունավոր մատիտներ, որ նկարեմ, բայց քանի որ դրանցից սևի ծայրը կոտրված էր, ինձ մոտ անգամ խավարը գունավոր ստացվեց...
***
Եվ այսպես, հոգիս, սովորում ենք առանց նրա ապրելու պարը... Մեկ... Երկու.. Երեք... Ի՞նչ եղավ...
-Սայթաքեցի...
-Ոչի՛նչ... Կսովորես...
***
Ես աչքերումս լույսեր էի հավաքել, որ մի օր դրանք քեզ նվիրեմ, բայց երբ այդ օրը եկավ, դու դրանք պահանջեցիր հեղուկ վիճակում, ու ես ամեն լույսի շողը արցունքի մի կաթիլ դարձրած հանձնեցի քամիներին, որ քեզ հասցնեն....
***
-Դու մենա՞կ ես...
-Ո՛չ... Գարունը երդվել է, որ սիրում է ինձ...
-Երանի քեզ...
***
Մի՛ փորձիր ինձ փնտրել աշնան պատառոտված ու տերևախառը գրպաններում... Այնտեղից ինձ վաղուց աքսորել են...
***
Այսօր ինձ մի պահ պատկերացրի գարնան գրկում ու նախանձեցի ինքս ինձ...
***
Պատուհանագոգին մի բան մղկտում էր... Մի հուշ իր տեղը չէր գտնում այրված նամակների արխիվում... Մեկը աձրևին խաբելիս բռնվել էր...
***
Երբ մարդը ստեղծվեց, նրան երկու հայելի տվեցին՝ մեկը արտաքին, մյուսը՝ ներքին, թաքնված դեմքի համար, բայց քանի որ երկրորդի մեջ տեսածը նրան սարսափեցրեց, նա երկրորդը վերցնելուց հրաժարվեց ...
***
Նույնիսկ մուրացկանին փող նետելու համար մի փոքր խոնարհվել է պետք...
***

Այն այսօրը, որ երեկ էր, վաղը էլ չի լինելու...
***

Ես կյանքը սիրում եմ ճիշտ այնպես, ինչպես արևը...Դրա ջերմությունը անուղղակիորեն ստանալը կենսականորեն անհրաժեշտ է, բայց դրան դեմ առ դեմ կանգնելու ու ուղիղ նայելու քաջություն ես երբեք չեմ ունեցել՝ դրա աչք ծակող ճառագայթների վախից...
***
 Թռիչքն ու անկշռությունը նույն բաները չեն...
***
Կարևոր չէ, թե ովքեր և ինչպես են քեզ հետ քայլում, կարևորն այն է, որ դու լսել քո սեփական ոտնաձայները...
***
Ոմանք ասում են, որ սերը երբեմն նման է լինում այն զգացողությանը, որն ունենում ես, երբ սառցակալած ձեռքերիդ չափազանց տաք թեյով լի բաժակ են տալիս. սկզբում այն հաճելիորեն ջերմացնում է, բայց հետո սկսում վառել...
***
Երբեք բարությունը չշփոթես միամտության, իսկ միամտությունը՝ հիմարության հետ...
***

Սթափ մտքիս դարակները մի օր քնելուց առաջ բաց թողեցի, և այնտեղ կասկածի ցեցեր հայտնվեցին...

***

Երբեք մի հաշվեք ու մի հիշեցրեք ուրիշներին արած ձեր լավությունները...Ձեր աչքին դրանք շատ ավելի մեծ ու շատ են երևում, քան իրականում կան...

***
Երազանքներիս արծաթագույն քաղաքը իմը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հոգիս գիտի նկարել ...

***
Իմ բոլոր հույսերը խաչված մնացին փշալարերին այն օրը, երբ կրակի ու ցեխաջրի միջև դու ցեխաջուրն ընտրեցիր, ես՝ կրակը...

***
Հենց այսպիսին է կյանքը. կանգնում ես մի քայլ առաջ բոլորից, որ նետված նռնակը քեզ չհասնի՝ առանց իմանալու, որ հենց այս անգամ է այն մեկ քայլ առաջ ընկնելու բոլորից ...

***
Մի՛ բողոքիր, երբ խճճվում ես սարդոստայնի թելիկներում ու անշարժանում. սարդոստայնի փոխարեն կարող էր փշալար լինել...

***
Ես ձեզ չեմ պատմի փոշու մեջ շնչահեղձ լինող փայտօջիլների կամ անձրևի կաթիլներում իրենց օձեր կարծող ճիճուների մասին...

Ես ձեզ կպատմեմ երկրից անորոշ ժամանակով արձակուրդ վերցրած ու երկինք հեռացած օդապարուկների պատմությունը...երբ նրանք վերադառնան...

***
Եթե սենյակիդ պատերը ներկել ես դրախտի գույներով, դա դեռ չի նշանակում, որ ապրելու ես դրախտում ...

***
Հոռետեսներն ասում են, որ աշխարհը սև է՝ ինչպես սաթը, ու չկա էլ փրկության լույս, բայց չէ՞ որ երկիրը վերևից նայելիս կապույտ է՝ ինչպես երկինքը ներքևից...

***
-Ես դեռ չեմ մեծացել... Մանկությունը դեռ իր թաթիկներով հոգուս ամենաանհասանելի խորքերում է... Ես դեռ կարոտում եմ այն օրերը, երբ գիտեի, թե սեղանը ինչ տեսք ունի ներքևից...
***
-Իսկ դու գիտե՞ս՝ ինչպես են թիթեռներ փրկում...
-Ոչ... Ես դեռ սպասում եմ, որ թիթեռներից մեկը փրկի ԻՆՁ...
***
Դու չուզեցիր, որ միանգամից հավատամ հրաշքներին՝ վախենալով, որ թույլ սիրտս ուրախությանը չի դիմանա ու բոլոր հրաշքներդ ինձ նվիրեցիր կաթիլներով՝ կաթ առ կաթ...
***
Երբ ժամանակից շուտ սկսեցի քայլել, աչքերս փակ էին, երբ ընկա, ու աչքերս ցավից բացվեցին, չափազանց ուշ էր....
***
Դու անկշռության այն բանալին ես, որ ես գտնում եմ ամենասարսափազդու անկումների ժամանակ...

***
Տեսնես երբ կհասկանաս, որ երազանքի ճերմակ ու նուրբ փետուրները ավլել պետք չէ...
***
Ծաղիկները այնքան քաղցր են օրորվում,
Երբ հնչում է հեռացող նավի սուլոցը, իսկ դու դեռ ափին ես նայում...
***
Այս առավոտ համբուրեցի արևին
Եվ շուրթերս ճաքեցին, բայց չմեռան...
***
Ես անգիր եմ անում քո ակնոցների գույները, որ սովորեմ աշխարհին նայել քո աչքերով...
***
Վերհուշ...

Կոշիկներդ միշտ հոգնած գալիս էին տուն ու կանգ առնում հողաթափերիս կողքին մինչև այն օրը, երբ դրանք էլ շեմս չհատեցին... ու հողաթափերս մենակ մնացին...

***

-Գիտե՞ս ինձ այսօր խաբեցին՝ ասելով թե հրաշքներ չեն լինում...
-Իսկ դու ի՞նչ արեցիր...
-Ես էլ խաբեցի, թե հավատում եմ դրան...
***
Գարունը արդեն երգում է զարկերակներումդ... Չե՞ս հավատում... Մտի՛ր ցանկացած այգի ու դաստակդ մոտեցրու ականջիդ... Կհամոզվես ....

***
Նա սովորեց ատել այն օրը, երբ մեկը գրեց նրա օրագրում. «Ես ամենից շատ սիրում եմ քո անկախությունը... խեղդել...»:

***

Հոգուս մերկությունը գրկեցիր ու ամուր-ամուր սեղմելով՝ ծածկեցիր վերնաշապիկի պես, բայց քանի որ վատ էիր կարված՝ հոգուս առաջին իսկ շարժումից հետո պատռվեցիր...

Հոգիս մնաց առաջվանից էլ անպաշտպան...

***

Թախիծը սնելուց օգուտ չստացա...
Ես հիմա միայն մատներս կտցող աղավնիներին են կերակրում...

***

Սուրճը սառեց, մրուրը չպատմեց իր գուշակությունները ապագայի մասին, իսկ դեռ մխացող ծխախոտի գլանակը հուշեց, որ նախորդ գուշակության մեջ նրանք մի տեղ սխալվել էին...

***

Եղանակներն ու մի կյանք

Երբ աշխարհը կանաչեց, ես տեսա քեզ, երբ դեղնեց ու պայծառացավ,՝ սիրեցի, երբ կարմրեց, հասկացա, որ առանց քեզ չեմ կարողանա ապրել, երբ սպիտակեց, էլ չէի հավատում, որ մի օր նորից կանաչելու է...

***

Ժամացույցս ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում ու հրաժարվում աշխատելուց իր քաղցր թակթակոցով.... Բողոքեցի, ժամագործը մեխանիզմը փոխեց, ու ժամացույցս սկսեց անդուլ աշխատել... Ամեն բան արտաքուստ նույնն էր, բացի ձայնից.... Փոխվել էր... Էլ չէի ճանաչում...

Ես հին ու կաղ ժամացույցս ավելի էի սիրում....

***

Մարդն ու ոզնին շախմատ էին խաղում: Մարդն ասաց.
-Դու ծակում ես մեզ, երբ քեզ բռնում ենք... Շա՛խ...
Ոզնին պատասխանեց.
-Ես ծակում եմ ձեզ, որ պաշպանվեմ, դուք ծակում եք իրար հարձակվելիս ու ամեն րոպե... Մա՛տ...

***

Հարբած երազանքները սթափերից տարբերվում են նրանով, որ մնում են, երբ իրենց ասում ես, որ հեռանան...

***

Ես բոլոր ցավերս հյուսում եմ մազափնջի պես, խցկում առաջին պատահած շշի մեջ ու նետում հիշողության դարակը՝ գոլորշանալու... Ինձնից էլ երբեք այդ դարակի բանալին չուզեք...

***

Գունավոր անձեռոցիկներից խոնավ թիթեռներ եմ սարքում ու տալիս քեզ. գիտեմ՝ դու շատ ես դրանք սիրում պատառոտել...

***
Դատարկություն... երբ ունես ամեն ինչ, բայց ոչինչ քոնը չէ...

***
Ագռավներին չեմ սիրում, բայց մեկ-մեկ նախանձում եմ, քանի որ ի տարբերություն նրանց՝ թռչել չգիտեմ...

***
Մարդիկ նման են կախիչներին. ոմանք ողջ գոյության ընթացքում մնում են դատարկ, մյուսները կոտրվում են հագուստի ծանրությունից առաջին իսկ օրը....

***
-Դու իմ ամենասիրելի դեղձի ծաղիկն ես...
-Ինչու՞ հենց դեղձի...
-Քանի որ նրա պես նրբիկ ես, քնքուշ ու չքնաղ...

Անցան գարուններ... Նա էլ անցավ ու կորավ դեղձի ծաղիկների պես, իսկ հաջորդ գարնանը նրան ծաղիկ անվանողը քայլում էր դեղձենու կողքով՝ աշխատելով չտրորել և ոչ մի դեղձի ծաղիկ..

***
Որոշողը դու ես. կարող ես վերև բարձրանալ աստիճաններով՝ մեծ-մեծ քայլերով գնալով առաջ, կամ կարող ես թեքահարթակն ընտրել ու շարժվել դանդաղ, բայց հաստատուն ընթացքով.... Սակայն միակ բանը, որին պետք է հավատաս ու ձգտես հասնել այն գիտակցումը պետք է լինի, որ վերջում կանգնելու ես մի նոր հարթության վրա, որ բարձր է նախորդից...

***
Արտասուքը սեղմվեց աչքերի տակ, կուտակվեց, շատացավ, ճնշեց կոպերը ներսից, հարվածեց, բողոքեց, գոռաց ու խեղդեց թարթիչները հիմքից... Չդիմացավ, գժվեց, տաքացավ, ճեղքեց փակ աչքերի միջև սեղմված նեղլիկ փոսիկը ու ջերմացած օձի պես սահեց դուրս՝ շոյելով թարթիչներից մինչև այտերը ձգվող մարմնակածանը... Նա սովորում էր «մեծավարի» արտասվել...

***
Ես չեմ վախենում մոռացվելուց. ես չհիշվելուց եմ սարսափում...
***
Մաշկիս տակ փրփրում է ընկեր կարոտս ու իր մաղձը խառնում արյանս գնդիկներին... Անսեր օդը փորփրում է թոքերս, երբ արտաշունչս չի հասնում շուրթերիդ... Երկինքները գորշանում են ու էլ չեն մաքրվում, իսկ ես դեռ ամեն երազում մի ալ սրբիչ ձեռքս առած՝ սրբում եմ խռոված երկինքների մոխրագույն փոշին... Գուցե կարոտս մի օր մնա սրբիչիս վրա ու կորի վերջապես....

***
Գարնանային զատիկի պես մի օր եկար, նստեցիր ափիս վրա ու մի քանի վայրկյան հետուառաջ անելուց հետո թռար-գնացիր...

Բայց ես քեզ չափազանց շատ եմ սիրում, որ սկսեմ զատիկներին ատել..

***
Մարդիկ երբեմն այնպիսի հմտությամբ են օգտվում նրանից, որ «հավատում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ»-ը մշտապես վեր ես դասում «հասկանում եմ ու չեմ հավատում»-ից..

***
Նա նախանձում էր եկեղեցու շուրջ ճախրող աղավնիներին, քանի որ կարծում էր, թե նրանք իրենից ազատ են... Բայց հետո նա տեսավ, թե ինչպես են այդ աղավնիներին բռնում ու օդ թռցնում ամեն հարսանիքի ժամանակ...ու փոշմանեց...
***
Ես սարդոստայնի պես կճոճվեմ աշխարհի տանիքներից
Մինչև աշխարհի հաջորդ քիմմաքրումը,
Իսկ երկինքը դեռ թող փորձի ինձ գողանալ այդ տանիքի ծեփաններից...
Ինձ հյուսած սարդը ինձ, մեկ է, նրան չի տալու...

***
Խելագարվելու աստիճան տարբեր ու անզորությունից պատուհաններ ճանկռելու չափ նույնը զգալուց հետո միայն լռելն է մնում ճաշացանկում... Այսօր, վաղը, հավիտյանս հավիտենից ... (միայն թե ոչ ԱՄԵՆ)...

***
Կապեր կան, որ խեղդում են, կապեր կան, որ վերքդ են ծածկում, կապեր կան, որ պետք է չլինեին, կապեր կան, որոնք չլինել կարողանալով հանդերձ՝ քեզ հետ են միշտ ու քեզ կյանք են ապրեցնում...Կյանքը կապերի ընտրություն է...Իսկ դրանք տարբեր գույներ ունեն...

***
Քո քնից իմ արթնություն ընկած ճամփան ես չափում եմ չորացած հացի փշուրներով...Նրանք լավ գիտեն, թե դու երբ մոռացար մարդավարի հաց ուտելը ու գերադասեցիր ազնվացեղ սատանաների հետ սեղան նստել...
***
Ես աշունն եմ... Ինձ չեն ճանաչում...Անզգույշ մի դող... Բռնվեցի...

***
Այս աշխարհի միջանցքների դռները չեն բացվում դեպի ներս, որ քեզ հրավիրեն մտնել. դրանք բացվում են դեպի դուրս, ու եթե ուշադիր չլինես, քեզ կհարվածեն սլացքի պահին....

***

Իմ ճանապարհի տարբեր հատվածներում կյանքը ինձ կանգնեցրել է շատ անգամ ու մատով հարվածելով ճակատիս ասել. «Ա՛յ մանկամիտ, հերիք չեղա՞վ՝ երազանքներիդ պոչը բռնած վազվզես... Քայլիր այն ճամփով, որ տվել են քեզ ու գույներ մի՛ փնտրիր ցեխաջրերում...»...

Գուցե նա ճիշտ է...Երևի այդպես էլ անելու եմ...

***
-Բա դու ծնո՞ղ կոչվելու իրավունք ունես... Ոչ պետք եմ քեզ, ոչ հետաքրքրում եմ, ոչ իմ մասին մտածելու առիթ եմ տալիս... Էգուց մյուս օր ինձ մի բան լինի, ո՞նց ես թաղմանս գալու...

-Բա դու երեխա եղա՞ր ինձ համար... Էսքան կյանք ու տանջանք թափեցի վրադ... Ապերխատ... Էսօր կամ, վաղը չկամ... Ո՞նց ես երեսիս նայելու, երբ էլ չլինեմ...

Բա հետո՞... Դե հետո տեսնենք՝ ով շուտ կմեռնի...

***
Ես քայլում եմ հայացքս միշտ դեպի երկինք հառած ու այդ պատճառով էլ անընդհատ ընկնում եմ ոտքիս տակ մեխվող քարերից, իսկ դու այնքան ես գետնին նայում քայլելիս, որ մոռանում ես ամպերի գոյության մասին...

Մեր հայացքները երբեք չեն հատվի...

***
Հոգնում ես ողջ կյանքիդ ճամփան ետ-ետ նայելով անցնելուց, գետնին գրում «շարունակելի» ու խոստանում մի օր վերադառնալ...

Մայթերը կկարոտեն...

***
Չնայած քայլում էինք նույն ճամփով ու իրար հավասար՝ մեզ ոչ ոք իրար հետ չտեսավ, քանի որ մենք այդ ողջ ճամփան անցանք ոչ թե միասին, այլ երկուսով...
***
Այս անգամվա երազիս պատերը շոշափելի էին, սառն ու լուռ՝ այնքան լուռ, որ համոզվեցի, որ այս անգամ տեսածս երազ չէր...
***
Սերն այն է, երբ հանուն անձրևի թարմության համաձայն ես համակերպվել անձրևաորդերի ներկայության հետ...
***
-Արև, այսօր քեզ էին հարցնում...
-
Իսկ դու ի՞նչ ասացիր...
-
Ասացի՝ խեղդվել ես, էլ չես գալու...
-
Իսկ իրե՞նք...
-Հավատացին...
***
Երբ ձկնիկը դուրս է ցատկում ակվարիումից, դա չի նշանակում, որ թռչելն է նրա երազանքը. նա պարզապես ազատություն է տենչում...

***
Դու երբեք էլ չես ընկել.
քեզ պարզապես մի անգամ նկարել են,
երբ պառկած էիր գետնին
ու փորձում էիր մատներով բռնել երկինքը...

***
Գիշերը կիտել է աստղերը հոնքերի տակ
Ու սև ներկել...

Այս գիշեր երկինքը անաստղ է լինելու...

***
Ես այս քաղաքը հաճույքով կծալեի ու կսրբեի մի կողմ,
Եթե չիմանայի,
Որ դրա փոշուց
Կխեղդվեն նաև մյուսները....

***
Գարունը արդեն երգում է զարկերակներումդ... Չե՞ս հավատում... Մտի՛ր ցանկացած այգի ու դաստակդ մոտեցրու ականջիդ... Կհամոզվես ....

Մարդու ավարտի սկիզբը վրա է հասնում այնտեղ, որտեղ նա դադարում է հավատալ սեփական հաղթանակին...

***

Ես պիտի սովորեմ հայացքս գիշերվա խավար փողքերում թաքցնել... Այն ցրտից վախենում է..

***

-Ես կախարդ եմ... բայց ես չեմ պատրաստվում քեզ ուզածիդ չափ փող տալ կամ բացել երջանիկ լինելու գաղտնիքը... Ես քեզ ուղղակի ցույց կտամ իմ փակ բռունքը, կասեմ, որ գարունն այնտեղ է, ու դու կհավատաս, որ ձեռքումս ես իրոք մի բուռ գարուն ունեմ պահած... Սա է իմ կախարդանքը...

***

-Ուզում եմ նկարել ինչ սիրտս է ուզում, բայց մատներս չեն շարժվում... Ինչի՞ց է...
-Կոտրվում ես...

***

Ես... ես...ես...ես...ես...ես...ես...ես...ես...ես...ես...ես.......

Աշխարհը շատ ավելի գեղեցիկ կլինի, եթե այս «ես»-երից գոնե մեկը մի օր «դու» դառնա, մեկը՝ «նա»...

***

-Անուն մի՛ տուր այն ամենին, ինչը շուտով կորցնելու ես... Մոռանալը հեշտ կլինի...
-Հա՞ որ...

***

© Ռի-Մա

2 comments: