Երկզոհ հանցանք


Քո գործած հանցանքը և մահը սիրո
Ժանգոտ մանգաղ չէր. սուր էր երկսայրի,
Որը և՛ հնձեց գոյությունը իմ,
Ե՛վ քեզ դարձրեց սիրասպան վայրի...

Ու մի բոց պոռթկաց, որ պիտի այրի,
Հալեցնի ներկերը թարմ իմ նկարում.
Մրրիկն այս, թողած հոգիներն ամուր,
Եկավ ծվարեց իմ այս տկարում...

Ես՝ բնակիչս շողքիդ ծայրերի,
Կամքդ էի շտկում՝ կամքդ կորացած,
Ես՝ ավերիչս բիրտ քո ժայռերի,
Կյանքդ էի փրկում՝ կյանքս մոռացած...

Բայց ինքնաքսորյալ եմ, փախստական եմ արդ,
Հանցավոր քեզնից ու կյանքից հեռու,
Որտեղ ամբոխի մեջ՝ հոծ ու բազմամարդ,
Մի մուգ մոխրագույն փոշեհատ ես դու...

Ես՝ վտարյալ նկարիչս,,
Քեզ դատում եմ՝ հանցավորիդ,
Ես՝ անմահ սպիտակ կարիճս,
Քեզ խայթում եմ՝ անցավորիդ...

Բայց իմ թույնն էլ քո թրի պես
Երկսայրի է, ի՜նչ արած.
Այն շուտով քեզ սպանելու է
Եվ ինձ՝ գլորելու ցած...


No comments:

Post a Comment