Հանելուկը


Ես քեզ շատ եմ պատկերացրել,
Ստեղծել, սնել ու վերացրել,
Մարմին տվել, անմահացրել,
Անգամ՝ ինձնից վեր բարձրացրել...

Ես քեզ շատ եմ թև նվիրել,
Չտեսնելով անգամ՝ սիրել,
Քեզ կորցնելով՝ քեզ միշտ տիրել,
Կյանք մերժելով՝ սեր պատվիրել...

Քեզ ես շա՜տ եմ, շա՜տ եմ սպասել,
«Դու կաս, կգաս» հոգուս ասել,
Դեպ քեզ քայլել ու չեմ հասել
Ու սպասել եմ... շա՜տ եմ սպասել...

Վախդ շատ է սիրտս կրծել,
Շատ է հոգուց սարսափ թրծել,
Ճամփիս շատ է կամքս հյուծել,
Ու մտքում իմ կասկած բուծել...

Բայց նախքան ես պարզեմ՝ արդյոք
Վախիդ մանրը ով է մուծել,
Կպատմեմ ես քեզ, որ ոչ ոք
Հանելուկն այս դեռ չի լուծել...

Կյանքի մի սպասված ապտակ


Մի ոչինչ չասող, համր փլատակ,
Սև-սպիտակ նկար՝ գորշ պատից կախված,
Այդ նկարի մեջ հին մի խիղճ ծախված,
Ու կիսաածուխ սև մի շրջանակ...

Կյանքի թանաքի մեղք մի վրիպակ,
Մի անվերադարձ, անուղղելի սխալ,
Բախտի հորինած, չստացված կատակ,
Ու խուլ դատավոր՝ խենթ ու կողմնակալ...

Ալիքի այտին օրորվող տախտակ,
Դրանով փրկվող հուսահատ մի սիրտ,
Իր հույսից կառչած մի փխրուն դաստակ,
Ու պայքար չարքի դեմ՝ արնախում ու բիրտ...

Մարդկանց գրաված մի ոսկե վանդակ,
Ծուռ ճակատագրեր՝ աշխարհից պոկված,
Կյանքը փշրող ոսկեգույն գնդակ,
Հատուկենտ բարիք՝ խավարից ջոկված....

Հեռվում արտասվող խեղճ մի հրեշտակ,
Մարդկության խղճին ծանրացած մի բեռ,
Նրանց ստորացրած իր ծանրության տակ
Ցեխոտ ճամփեքով քաշքշում է դեռ...

Ու հենց որ գտնի հին մի հիշատակ
Մարդը իր կորած հողանյութ ցեղից,
Կյանքից ստանալով արժանի ապտակ,
Ընկնավորի պես կթռչի տեղից,

Այդժամ կվառվի փրկության կրակ,
Լույսը կզատվի ոսկեձույլ ճահճից,
Մարդն էլ, փրկվելով կործանման մահճից,
Հայացքը կուղղի երկնքին հստակ...


Մի օր


Ինձ արած լավությանդ տակից
Թեկուզ սողալով՝ մի օր դուրս կգամ,

Ինձ նվիրած ծովիդ հատակից
Գուցե լողալով՝ մի օր դուրս կգամ,

Հոգիս ճանկռող այս տողատակից
Թո՛ղ որ դողալով՝ մի օր դուրս կգամ,

Լուսիններ խեղդող գիշեր-վտակից
Արև շողալով մի օր դուրս կգամ...

Մոռացվածների քարուքանդ բակից
«Ես եմ» գոռալով մի օր դուրս կգամ,

Ձեռքս օղակած ժանգոտած փակից
Ես փողփողալով մի օր դուրս կգամ,

Կորուսյալների անգույն ցուցակից
Ես ինձ գտնելով մի օր դուրս կգամ,

Ընկնավոր վախի դառը կտակից
Անունս ջնջելով մի օր դուրս կգամ...


Ցրտից է


Հարցրիր՝ «Ինչո՞ւ է աչքդ արցունքոտ»,
Պատասխանեցի՝ «Ոչի՛նչ, ցրտից է».
Մեկ է՝ չգիտես՝ արցունքս փոշոտ
Ոչ թե սառույցից, այլ  իմ սրտից է...


Այն չէ, ինչ կարծում ես




«Ես քեզ սիրում եմ կյանքից առավել»-
Խոստովանություն է,
Ոչ թե շուրթերիցս ժամ առաջ հնչած
Ինքնասպանության մի հարկադրություն:

«Գովում եմ քեզ, թեկուզ պիտի պարսավեմ»,-
Սիրո հարություն է
Ոչ թե «խղճի խայթ» ծնողից ծնված
Չհամադրվող մի հակադրություն:

«Մնա իմ կողքին, մի դառնա երազ»,-
Սրտի փրկություն է,
Ոչ թե թագուհու կամքով կատարված
Անբեկանելի մի կարգադրոթյուն:

«Դու պիտի գնաս անդարձ, հավիտյան»,-
Մարգարեություն է.
Ոչ թե չսիրող մի դաժան սրտի
Բաղձալի, սպասված, անկեղծ ցանկություն:

«Չես լսում դու ինձ, ավաղ, հեռու ես»,-
Սիրո սպանություն է.
Ոչ թե «ժամանակ» բժշկի բուժած
Թեթև, անցողիկ մի հիվանդություն...

«Քեզ կմոռանամ, չեմ կորցնի ինձ ես»,-
Վերածնություն է.
Ոչ թե խուլ հիվանդ երազի ստեղծած
Մի վառ, գունավոր խելագարություն...
04.06.11


Թվացյալը

Ինձ թվաց՝ աչքերս փակեցի դանդաղ,
Մինչդեռ սահող  ակնթարթ էր...
Ինձ տեսար, կարծեցիր. «Արձան է չքնաղ»,
Մինչդեռ «արձանն» այդ կենդանի մարդ էր...


Պատմություն առանց խոսքերի...


Փողոցում անձրև, փողոցում մենակ,
Փողոցում գիշեր ու մի քիչ հարբած...
Փողոցում լույսեր, փողոցում զբոսանք,
Փողոց-թաց մայթեր ու մի քիչ հարբած...

Փողոցում հայացք, փողոցում մարդիկ,
Փողոցում սառն օդ ու մի քիչ լքված,
Փողոցում արցունք, փողոցում պատիրք,
Փողոցում թաց ցավ ու մի քիչ լքված...

Փողոցում խաբկանք, փողոց-հուսահատ,
Փողոցում անկում ու մի քիչ գժված,
Փողոցում դանդաղ, փողոցով քայլեր,
Փողոցում թաց հետք ու մի քիչ գժված...

Փողոցում ավարտ, փողոցում նոր սկիզբ,
Փողոցում մի սիրտ ու մի քիչ կոտրած,
Փողոցում նոր «նա», փողոցում գալիք,
Փողոց-տիեզերք ու մի քիչ կոտրած...

Փողոցում նոր հույս, փողոցում հավատ,
Փողոցում նոր այգ ու մի քիչ կիսատ... 


Դու... իսկ ե՞ս...


Դու գողացար իմ ներկերը, վրձինները իմ բոլոր,
Իսկ ես այնքա՜ն էի նկարել սիրում...

Իմ մեջ տուն տվիր վախերին մոլոր.
Ես դրանք այնքա՜ն էի վտարել  սիրում...

Պայթեցրիր երկինքս, երկիրս կլոր,
Իսկ ես այնքա՜ն էի հնարել սիրում...

Պատասխան տվիր հարցերիս բոլոր,
Իսկ ես այնքա՜ն էի կռահել սիրում...

Կոտրեցիր հավատը իմ ներսում մի օր,
Իսկ ես այնք՜ան էի վստահել սիրում...

Իմ օգնության ձեռքը դարձրիր անզոր,
Իսկ ես այնքա՜ն էի սատարել սիրում...

Ինձ կամք տվեցիր՝ չար ու կամակոր,
Իսկ ես այնքա՜ն էի կատարել սիրում...

Իմ ուղիղ ճամփան դարձրիր դու կոր,
Իսկ ես այնքա՜ն էի այն շինել սիրում...

Ինձ դու դարձրիր  աճյունասափոր,
Իսկ ես այնքա՜ն էի ողջ լինել սիրում...


Կիսատը...


Իմ մի կեսն այսօր մեռավ,
Իսկ մյուս կեսը դեռ տանջվելու մնաց
«Դանդաղ մահ» վերնագրով
Սուր փշալարին...

Ու դու դեռ կասե՞ս, որ սիրում ես...

Իմ մի ձեռքն անզգայացավ,
Իսկ մյուսը դեռ թմրելու մնաց
Թոշակի անցած, փոշոտված ու հին
Ջութակի լարին...

Ու դու կասե՜ս, որ սիրում ես...

Իմ մի ոտքն այսօր կանգնեց,
Մյուսը ետ-առաջ անելու մնաց
Այս ոտքիս կողքին
Լուռ մեխված քարին...

Մեկ է՝ կասես, թե սիրում ես...

Իմ մի աչքը կուրացավ,
Իսկ մյուսը լուռ սառելու մնաց
Ձմռան կուլ տված
Այգերի շարին...

Բայց դու կասե՛ս, որ սիրում ես...

Իմ մի թեզանիքը այսօր պատռվեց,
Իսկ մյուսը դեռ մաշվելու մնաց
Ավազներ խառնող
Չար քամու պարին...


Մեկ է՝ կխաբես, կասես՝ սիրում ես...


Ափսոս անավարտ է տանջանքի տարին...
Ափսոս գամված եմ սեր-փշալարին...


Կամ վաղը կամ ես


Թե ուզում ես դու վազել,
Ապա սլացի՛ր հեռուներ այնպես,
Կարծես կուշանաս հենց հաջորդ քայլիդ,
Կարծես չես հասնի, պահ իսկ թե կանգնես...

Թե ուզում ես բղավել,
Որ սիրում ես դու մեկին,
Արա՛ դա հիմա... վայրկյաններ հետո
Այլ երգիչ կարող է սիրտն այդ գրավել...

Թե ուզում ես դու ապրել ,
Ոչ թե լոկ սողալ կյանքի ճամփեքին,
Ապա բարևի՛ր կյանքին գունավոր.
Գուցե ճամփիդ վերջն է հենց հաջորդ թեքին...

Ու թե ուզում ես խորը շունչ քաշել
Ու վառվել կյանքի գույներով անմար,
Այսօ՛ր նկարիր գարուն քեզ համար.
Վաղը կարող է ուշ լինել արդեն.
Ձմեռը կարող է վրձինդ մաշել...

Կամ եթե ունես դու չասված մի խոսք,
Ասա՛  դա հիմա. վայրկյանի հերթով
Գուցե և լքեն քո մտքերը քեզ,
Ու էլ չունենաս դու ուրիշ «հետո»...


Եվ վերջում հիշի՛ր, լա՛վ իմ բարեկամ,
Մի՛ սպասիր վաղվան, թե երազ ունես,
Պատմի՛ր ինձ հիմա երազները քո.
Վաղն էլ եթե գա, գուցե ես չգամ...©


Ես քեզ նկարել եմ


Ես քեզ նկարել եմ.
Դու կյանքում չկաս,
Դու գուցե երազ ես
Դու գուցե չգաս...

Չգիտեմ էլ երբ,
Չգիտեմ ինչպես,
Մի ներկված օր ես
Նկարեցի քեզ...

Ա՜խ այնքան հստակ ես,
Որ թվում է ինձ՝
Նկարել եմ քեզ
Լուրթ մի բյուրեղից...

Ու այնքան արձակ ես,
Որ հոգիս կարծում է՝
Թե պոկել եմ քեզ
Մի վայրի ցեղից...

Դու այնքան անմեղ ես,
Որ կարծում եմ ես
Նկարել եմ քեզ
Չար մանուկի պես,

Ա՜խ այնքան հեռու ես,
Որ թվում է ինձ՝
Նկարել եմ քեզ
Արևի շողից,

Դու այնքան ամուր ես,
Որ թվում է ինձ՝
Նկարել եմ քեզ
Անառիկ բերդից,

Ու այնքան դու նուրբ ես,
Որ թվում է ինձ
Նկարել եմ քեզ
Ալ վարդի թերթից,

Դու այնպես փայլուն ես,
Որ մեկ-մեկ թվում է՝
Գողացել եմ քեզ
Ես մի կերոնից,

Ա՜խ այնքան դու սուրբ ես,
Որ թվում է ինձ
Քեզ ես նկարել եմ
Քաղցր մեռոնից...


Այս գիշեր...


Այս գիշերն ավելի խորն էր ու մութ, քան մյուսները, այս գիշեր երկնքում կարծես մեկ աստղ պակասում էր, փողոցի լույսերից մեկը չէր վառվում և լուսինը մեկով պակաս սպի ուներ իր կաթնագույն դեմքին: Այս գիշեր դեղնած ծառերից մեկը մեկով պակաս տերև ուներ, և այս անվերջ մեծ, բայց և ափի մեջ տեղավորվող աշխարհում մեկով պակասեց սիրող սրտերի թիվը:
Այս գիշեր երեք բան ընկավ անծայր բարձունքից, ընկավ` չնայելով ներքև, ընկավ, որովհետև հոգնեց անվերադարձ սեր նվիրելով մեկին, որն ընդունակ չէ սիրել, փորձելով ծաղիկ աճեցնել սառույցի վրա և ձյան փաթիլներով չորս բառ գրել արևի երեսին.«Ես սիրում եմ քեզ»: Սակայն քարը չսիրեց,սառույցը սևահող չդարձավ, իսկ արևի վրա այդ բառեր այդպես էլ չգրվեցին:

Այս գիշեր երեք բան ընկավ երկնահաս բարձունքից, քանի որ հասկացավ, որ նրա սրտի մի կեսն ավելի ուժեղ էր, քան մյուսը, քանի որ իր սրտում սպառվեցին արցունքները և որովհետև նա պարզապես հասկացավ, որ սերը էլ երբեք չի նայի իր երեսին ու չի վերադառնա իր հոգի. այն սերը, որ երբեք չի էլ եղել:

Այս գիշեր երեք բան ընկավ անհաս բարձունքից, ընկավ միաժամանակ, բայց տարբեր ուղություններով. առաջինն աստղ էր` վառ ու փայլուն, որն այդպես էլ չգտավ ուղին դեպի արևը, երկրորդը տերև էր` ոսկեգույն ու փոքրիկ, որին աշունը չսիրեց ու անգթորեն արհամարհեց, իսկ երրորդը... երրորդը... լսի՛ր, քարացած սիրտ, դո՛ւ, որ չբացեցիր քար-դռներդ սիրո առջև ու չհալեցրիր ժայռերը քո ներսում, երրորդը հոգիս էր, որ ընկավ աստղի ու տերևի հետ, բայց եթե նրանք պարզապես ցած ընկան, իմ հոգին ջախջախվեց քո աապառաժների վրա, սակայն անգամ այդ պահին չարտասվեց... ինչո՞ւ... որովհետև չուներ ուժ, չուներ արտասուք, որովհետև այդ ցավն աննշան էր սրտիս ցավի դիմաց...որովհետև արևի վրա չգրվեց.«Ես սիրում եմ քեզ»...որովհետև..

Այս գիշերն ավելի մութն էր, քան մյուսները...այս գիշեր երեք բան ընկավ երկնքի բարձունքից...

Այս գիշեր մեկով պակասեց սիրող սրտերի թիվը ժայռերի այս աշխարհում....


28/08/09


Գարնան թաշկինակը


Այսօր մի թախծոտ աղջիկ մանուշակների մի փոքրիկ ու համեստ փնջով անցավ շքեղ ծաղկեփնջերի մոտով, իր թույլ ոտքերով քայլեց շքեղ մեքենաների կողքով, նստեց մի փոշոտ նստարանի վրա՝ դրա վրա փռելով իր մաքուր թաշկինակը...

Շքեղ վարդերը թոշնեցին, իսկ մանուշակները մնացին անթառամ... Մեքենաները հեռացան, իսկ նա դեռ քայլում էր... Փոշոտ նստարանը մաքրվեց, իսկ մաքուր թաշկինակն այդպես էլ չփոշոտվեց...

Այսօր շքեղ ծաղիկները հասկացան որ գեղեցկությունը ճոխության ու բազմաքանակության մեջ չէ... Այսօր մարդիկ հասկացան որ մեքենաներն այնքան էլ հարմար չեն զբոսանքների համար... Այսօր փոշոտ նստարանը մաքրվեց, իսկ մաքուր թաշկինակը այդպես էլ չփոշոտվեց ...

Այսօր մի թախծոտ աղջիկ անցավ ձմռան մոխրագույն շուրթերի կողքով, զգաց նրա սառը շնչառությունը... անցավ՝ գարունը իր մաքուր թաշկինակում թաքցրած...

Այսօր ձմռան շունչը կտրվեց այն թախծոտ աղջկա լուռ ու դանդաղ քայլերից... Այսօր չորացած ծաղիկները նոր շունչ առան այն թախծոտ աղջկա լուռ ու հանդարտ քայլերից...

Այսօր ամայի փողոցները լսեցին նրա մտքում հնչող հառաչանքն ու լացը, տեսան, թե ինչպես է սիրտն արտասվում: Այսօր այդ փողցները, սակայն, չտեսան նրա արտասուքը աչքերին... 

Նա չէր արտասվում... Նա դեռ ուժեղ էր ձևանում...

Այսօր մի թախծոտ աղջիկ անցավ հոգեվարքի մեջ տանջվող ձմռան կողքով... Այսօր ձմեռը հասկացավ, որ գարունը մոտ է... որ այն թաքնվել է այն փոշոտ նստարանը մաքրած թաշկինակում... այսօր ծաղիկները հասկացան, որ ապրում են կրկին... Այսօր փողոցները հասկացան, որ այն թախծոտ սրտում շատ ավելի խորն ու մութ վիհեր կան, քան որևէ մեկը կարող է պատկերացնել...

Այսօր մի թախծոտ աղջիկ անցավ ամայի, փոշոտ, ձմեռային փողոցներով՝ վերհիշելով, թե քանի անգամ են ձմռան ծառաները փորձել գողանալ իր՝ գարունը թաքցրած թաշկինակը, քանի անգամ են ձմռան ստրուկները փորձել նրան ցած գցել դեպի արտաուքով լցված խորը վիհերը, փորձել կտրել նրա հոգու թևերը, փորձել խոցել հրեշտակին, որ ապրում է նրա հայացքում... Քանի անգամ են նրանք այդ հայացքի մեջ մեղք փնտրել՝ առանց այն անգամ ճանաչելու... քանի անգամ են նրանք այդ թախիծը արթնացրել նրա՝ առանց այդ էլ արտասվող սրտում... Հոշոտել այն սիրտը, որին երբեք չեն տեսել...

Այսօր մի թախծոտ աղջիկ անցավ ամայի փողոցներով՝ գարունը թաքցրած իր մաքուր թաշկինակում... Խոսելով իր դեմքին հարվածող քամու հետ, պատմելով նրան ձմռան ծառաների մասին, պատմելով նրան, որ ինքը զրկվել է արտասվելու իրավունքից, որ նա անկարող է խոսել, անկարող է հարվածել ու վանել իր վրա հարձակվող ձման ստրուկներին... Իսկ քամին ասում է նրան, որ էլ չարտասվի, որ բացի իր թաշկինակը և բաց թողնի այնտեղ քնած գարնանը...

Եվ գալիս է գարունը՝ նոր գույներով ու թարմությամբ... նոր արևածագով ու ծաղիկներն օրորող քամիներով...

Այսօր այն թախծոտ աղջիկը գարուն բերեց միայնակ փողոցներին... Այսօր արթնացան ու կյանք առան թոշնած ծաղիկները... Այսօր մաքրվեց փոշոտ նստարանը... այսօր մեռավ ցրտաշունչ ձմեռը ամայի փողոցներում... 

Իսկ հեռվում դեռ նշմարվում էր միայնակ աղջկա ուրվագիծը ձմռան ստրուկներով շրջապատված, առանց թաշկինակի ու առանց արտասվելու իրավունքի...

Այսօր գարնան թաշկինակը հասկացավ, որ ինքն անզոր է նրա սրտի ձմռան դիմաց...







Հույսի տարին...




Ծիծաղում էր շանթը ամպրոպի գրկում,
Ուրախ արցունքով աշխարհին տիրում,
Գարունը անհոգ վառ այգն էր գրկում,
Իսկ նա սպանում էր. «Ես քեզ չեմ սիրում»...

Հարբում էր տապը շոգի կուլ տալով,
Աշխարհը փախչում էր նրա տաք շնչից,
Իսկ նա գոլորշու միջով ետ գալով
«Ես քեզ սիրել եմ»,- հիշում էր նորից...

Սահում էր տերևը չոր փոշու ամպով,
Կանչում էր փոշին անձրևին պարող,
Իսկ նա քայլում էր մոխրացած ճամփով
Ու արտասվում էր. «Սիրել չեմ կարող»...

Հազիվ են շնչում սառույցի ճանկում
Աչքերն աշխարհի սահմանին անտես,
Վերելքից հետո  չարագույժ անկում,
Բայց և մի նոր էջ. «Դու դեռ կսիրես»........

Խենթ ու բանտարկյալ դերասանը


Հոգիս խելագարության պարն է իր պարում՝
Մերթ գրկում օդի ժապավենն սպիտակ,
Մերթ բաց է թողնում հանց այրող կրակ
Ու նորեն իրեն լույսով ամբարում...

Մերթ ծնկում է ցած՝ մի ցավից խոցված
Ու կծկվում է ցավագարի պես,
Իսկ հետո ինչպես մի արծիվ անհաս
Փորձում է հասնել աստղերին անտես...

Հոգիս խելագարության պարն է իր պարում,
Թևերը նրան գրկելու պարզում,
Իսկ իրեն թախիծն է լուռ այնտեղ սպասում
Ու անհետացնում կրկին գրկում իր...

Հոգիս ճախրում է, սլանում շտապով,
Բայց վերջին հեռվում մի այրոց է զգում
Ու տեսնում հանկարծ ոտքն իր մեջ առած
Հողեղեն շղթա՝ երկաթյա կապով...

Ու հասկանում է՝ շղթայված է նա
Ներքևում քայլող մի հողանյութի,
Որ դեռ սպասում է, որ վերադառնա
Ու լուսավորի գիշերը մութի...

Հոգին իմ ներսում՝ հանց բանտում խավար՝
Ինչպես դերասան նոր ներկայացման.
Ինձ հետ ներկա է թատրոնի բացման,
Ու հեգ խաղում է կյանքի նոր արար...

Որտեղ նա խաղում է, թե ազատ է միշտ,
Թե չկա իրեն կաշկանդող շղթա,
Թե չկա թախիծ, հոգնություն ու վիշտ,
Թե իրեն պահողը լույսն է ապագա...

Այնտեղ նա ուրախ է ու իմը հավետ,
Այնտեղ ուզում է նա իմը լինել.
Մնալ իմ ներսում բանտարկված մի խենթ
Ու իմ մարմինը հոգետուն շինել...

Այնտեղ նա ուրախ է. ես էլ եմ ուրախ.
Թող որ դա լինի նոր ներկայացում,
Թող որ գեթ այնտեղ ծափերից անկախ
Իմ կողքին մնա նոր լուսաբացում...