Ե՛վ կրկին աշունն ու ես կամ վերադարձ դեպ մենություն


Ե՛վ կրկին աշունն ու ես,
Ե՛վ կրկին միայնություն,
Գտնում ու կորցնում եմ քեզ.
Անավարտ մի պատմություն:
                                  
Եվ կրկին աշունն ու ես.
Գորշությունն է ինձ սպանում.
Այն ցուրտ շունչը, որ ջերմում է
Հավերժության գրպանում...

Ե՛վ կրկին աշունն ու ես,
Ե՛վ աշունը առանց ինձ.
Մի ոտնաձայն կհիշի քեզ,
Բայց կլռի կասկածից...

Ե՛վ կրկին աշունն ու ես,
Ո՞վ է ավելի մենակ.
Սի՞րտը, որ դառնում է կես,
Թե աշունն այս սառն ու տաք...

Կրկին աշուն, կրկին ես,
Պատմությունը այս կրկին,
Այն մասին, թե երբ, ինչպես
Լի աշխարհը դարձավ սին...

Թե ով ասքն այս հնարեց
Եվ թե ով հրամայեց
Մութին դառնալ ամուսին,
Իսկ երկնքին՝ սիրող կին...

Եվ կրկին աշունն ու ես,
Զրուցում ենք քո մասին,
Նա ասում է՝ սիրում է քեզ
Ես էլ իր հետ միասին...

Եվ կրկին աշունն ու ես.
Մոռացված հետևություն.
Աշնանը այդ, որ չունի քեզ,
Անվանում են մենություն...


No comments:

Post a Comment