Չեմ վախենում




Հեռո՞ւ ես, թե մոտ
Լո՞ւյս իմ արևոտ,
Սե՞ր ես, թե կարոտ,
Մո՞ւթ, թե առավոտ....

Բուրավետ գարո՞ւն,
Թե ծաղիկ անհոտ,
Ծով խաղաղությո՞ւն,
Թե այրվող վառոդ...

Դո՞ւ ես սիրտը իմ գողացել արդյոք,
Դո՞ւ ես իմ աչքերը քոնը դարձրել,
Ոչ ոք չգիտի, չի ասում ոչ ոք,
Ում էլ որ դիմել եմ, ում էլ որ հարցրել....

Նրանց մատները սեր չեն ճանաչում,
Նրանց ցուրտ հոգուց արևն է հալչում,
Նրանց աչքերին լույսը չի դիպչում
Եվ նրանց այգում ծիլ չի կանաչում...

Այդ մարդկանց աչքում հանցագործ ես դու.
Հանցագործ հոգիս մտնելու համար՝
Սիրտս տանելով իբրև թանկ ավար
Ու այն խոցելով նետերով հատու....

Այդ մարդկանց աչքում հանցագործ եմ ես
Քեզ որոնելու, գտնելու համար,
Հանցագործ՝ սիրտս քեզ մոտ թողնելու
Ու ինձ քո առաջ մատնելու համար....

Բայց ոչինչ, ոչինչ, թող այդպես լինի,
Թող նրանք  կարծեն մեղավոր ես դու,
Մեղավոր եմ ես՝ թող աղաղակեն,
Եվ անգամ պատիժ թող նշանակեն,
Թող նշավակեն, ծաղրուծանակեն,
Թող բոլոր դռները մեր առաջ փակեն,
Ես այստեղ եմ միշտ՝ ինչ էլ պատահի,
Այստեղ եմ՝ կանգուն և առանց ահի,

Մութը թող մնա հին այն վախերում,
Թող դեռ կրծոտի կասկածը մարդկանց,
Ես հիմա տարերք եմ՝ փոթորիկ անանց,
Ես քեզ սիրում եմ և չեմ վախենում....


No comments:

Post a Comment