ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ (ֆելիետոն)


ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ  ՀԱՅ  ԳՐՈՂՆԵՐԻ  ՄԻՈՒԹՅԱՆ  ՃԳՆԱԺԱՄԸ
(ֆելիետոն)

Ցավ ի սիրտ ենք տեղեկացնում, որ հանրահայտ «Մկների ժողովից» հետո Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունում կրկնական պատահարը ոչնչով չէր զիջում Աթաբեկ Խնկոյանի անգերազանցելի, գրական դարակազմիկ ծաղրանքին: Բանն այն է, որ 2012 թ. Փետրվարի 25-ին հրավիրված ԿՀԳՄ Ընդհանուր ժողովը տապալեց իր օրակարգը՝ մի խումբ խռովարար գրողների եւ իրենց ձայները ապօրինի անդամ դառնալու համար վաղօրոք անդամավճարով «ծախած» գրչակների կպչուն զեղծարարության պատճառով: Գործող վարչության շնորհիվ բացահայտվեցին որոշ կոպիտ խախտումները եւ չեղյալ համարվեց ամեն բան, կասեցվեց եւ հետագձվեց կատվի «վզից զանգ կախելու» գործընթացը: Լարվեց անհաճո մթնոլորտը: Այն չխորացնելու ձգտմամբ եւ իսպառ ի չիք դարձնելու նպատակով՝ գործող-հիմնադիր վարչությունը 2012 թ. Մայիսի 27-ին հրավիրեց նոր ընդհանուր ժողով, որն էլ, ավա՜ղ, նախորդից ժառանգած սխալների առյուծի բաժինը կրկնեց այդ անգամ, ի զորու չեղավ բացառել նախորդի սայթաքումները, շտկել հակականոնադրական թերությունները: Համայնքիս միակ գրողների միության բարոյական ճգնաժամը խորացավ հետեւյալ կերպ՝ կրկին չիրականացավ ԿՀԳՄ նոր վարչության արդար ու թափանցիկ ընտրությունը, որը վերջ կդներ լուսանցքներում թափառող ասեկոսեներին: Մայիսի վերջին հրավիրված ԿՀԳՄ ընդհանուր ժողովը դարձյալ տապալվելով՝ ինքն իրեն դատապարտեց անբարոյականության: Փետրվարյան «բուրժու-հեղափոխական» նկրտումներով վարակված, ստահոդ, կանխավ  խոստումներ շռայլած, հետո հրաժարված խռովարարների «կնքահայր» Շահե Քյորօղլյանը յուրայինների կողմից «դավաճանի» պիտակը շալակած հայտնվեց նաեւ երկրորդ, Մայիսյան ընդհանուր ժողովին եւ արեց այն, ինչը չէր հաջողացրել Փետրվարի 25-ին:  Նախ դեմագոգիկ պահվածքով բացեիբաց ու հոտնկայս հրաժարվեց  վարչության անդամի թեկնածությունից, որ իրեն հարմար չի այդ շրջանի համար թեկնածու ըլլալը: Ընդհանուր ժողովը (ատենապետ Հրանտ Սիմոնյան) քվեարկության չդրեց նրա հրաժարականը: Նման կերպ լմնցավ եւ Շահեի նախագահ դառնալու օգտին բրուտոսաբար քվեարկելուն ծառայեց նաեւ Պողոս Գուբելյանի առողջական պնդմամբ հրաժարականը, որ մնաց օդում, բայց ներքին թյուրիմացությամբ նպաստեց վարչության նոր կազմում նրա հայտնվելուն, ինչպես Շ.Ք.-ի դեպքում...Ժողովի ատենապետը շարունակեց իր չիմացությամբ եւ «եռանդուն» լարախաղացությամբ կազմալուծել ժողովի բնականոն ողջ ընթացքը, որ երբեք ու երեւի «կատվի վզից զանգ չկախվի»: Նախ մեջտեղ նետեց ԿՀԳՄ անդամությունից հեռացված, խռովարարների «մայր» Ֆիրա Ակյանի անունը՝ չունենալով բողոքող կողմի գրավոր ոչ մի հայց, որը կապահովեր խնդրո իրավական կողմը... Պատվակալ կոչված Ատենապետը թերացավ նաեւ օրակարգի հարցերի հերթականությունն ու քննարկումն ապահովելու մեջ:
Կանոնադրության 66-րդ կետի, որը սեւով սպիտակի  վրա ազդարարում է, թե «Վարչական երկու հաջորդական ժամանակաշրջանում Վարչության Անդամ ընտրվածը  չի կարող հաջորդ երրորդ ժամանակաշրջանի Վարչության Անդամ ընտրվել» , վերանայումը բարձրացվեց, առաջարկվեց ազատ ընտրություն եւ չվավերացվեց քվեարկությամբ, հետեւաբար կանոնադրության տվյալ կետի պահանջն անփոփոխ մնաց, որն էլ առաջացրեց շփոթ, բայց  Գեւորգ Քրիստինյանի համար դա «օգտակար» եղավ նախապես մշակված սցենարն իրագործելու համար... Նա 12 գումարած 1 պարզ առավելության սահմանած սանդղակից պակաս ձայնով՝ 11, հակականոնադրականորեն ԵՐՐՈՐԴ անգամ մնաց Վարչության նոր, բայց ապօրինի կազմում եւ քվեարկեց Շահեի ԿՀԳՄ նախագահ ընտրվելու օգտին, ինքն էլ դարձավ փոխնախագահ... Արեւելյան «աջապսանդալ» ճաշատեսակը պակաս չխառնեց նաեւ նախկին խռովարար, 10 ձայն ստացած, որ 12 գումարած 1 չի, ԿՀԳՄ Վարչության նոր կազմում անօրինական թափանցած Ագնես Գեւորգյանը: Պահանջվածից պակաս 9 ձայնով անդամ «համարվեց» նաեւ բանից անտեղյակ, այս ընդհանուր ժողովի քարտուղար, նոր կոչված վարչության առաջին նիստից հարգելի պատճառով բացակայած Արաքս Նավասարդյանը... Փաստորեն (22-ից 17) ամենաշատ ձայն ստացած եւ մաքուր անդամ ընտրվածը միայն Կիմա Կիրակոսյանն է, որի դեմ արդեն հալածանքները թեժանում են, որ հեռանա... Իսկ Գարուշ Հարյանցը՝ (15 ձայն ստացած) համարելով նոր վարչությունը չկայացած եւ անօրինական, հարգելով ԿՀԳՄ գործող կանոնադրության 66-րդ կետի պահանջը,  հրաժարական տվեց եւ հեռացավ զեղծարար կազմից...
           Այսպիսով, կատուն մնաց կատու, զանգը՝ զանգ, որն այլեւս չկախվեց ահաբեկչի վզից՝ իբրեւ տագնապի ազդանշան եւ արդարացի պայքարի սկիզբ... Այո, չկայացած ենք համարում ԿՀԳՄ Վարչության «նոր» կազմի ընտրությունը եւ պահանջում ենք՝ ակնկալելով իսկապես նոր եւ արդարամիտ Ընդհանուր ժողովի հրավիրում:

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
Հունիսի 11, 2012 թ., Լոս Անջելես-Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄՆ:

P.S.
Անկախ վերոհիշյալ քաշքշուկից, Մենք հայտարարում ենք գրողների 3 միություններ ստեղծելու մասին.
1.Մեծի Տանն Կիլիկիո Հայ Գրողների Միություն, հետայսու՝ ՄՏԿՀԳՄ,
2.Արեւմտյան Հայաստանի Հայ Գրողների Միություն, հետայսու՝ ԱՀՀԳՄ,
3.ԱՄՆ-ում Բնակվող Հայ Գրողների Միություն, հետայսու՝ ԱԲՀԳՄ:

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
Հունիսի 11, 2012 թ., Լոս Անջելես-Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄՆ:

No comments:

Post a Comment