Վե՛ր կաց...


Ճակատս համբուրում է սառը գոլորշին,
Աչքերս անգամ սիրտ չունեմ բացել,
Ես անժամկետ հյուր եմ մոռացումի խորշին,
Իմ հոգում առնետ մութն է արթնացել...

Ձեռքս դողդողում է կործանումի փեշին,
Ես, աչքերս փակ, զգում եմ ցուրտը նրա.
Մի քինաստվեր փարվել է իր իսկ փտած լեշին
Ու կաղկանձում է իր անցյալի վրա...

Այստեղ հոգուն բռնում են «ոխ» թունախայծով,
Այստեղ կամքը կոտրում են մի չլուծված «բայց»-ով,
Այստեղ հուրը վառում են ատելության կայծով,
Այստեղ զոհին դատում են անապացույց հայցով...

Բայց հոգնել եմ արդեն աշխարհում այս անմիտ
Ինձ առերես ամոքող կեղծ իմ նահանջից,
Ո՛չ նոր աշխարհ եմ ուզում, ո՛չ հոգի, ո՛չ սիրտ.
Լոկ արթնանալ եմ ուզում այս մղձավանջից...


No comments:

Post a Comment