Ուզում եմ...





Ուզում եմ ապրել
Աշխարհից հեռու
Գույներով լցված
Ծաղիկ-տնակում...
Ճոճանակ կախել
Լուսնի այտերից
Ու ամբողջ գիշեր
Ճոճվել ու ճոճվել...

Ուզում եմ ապրել
Ամպերից պոկված,
Փետուրներ փչող
Քամու թևերին...
Այգս նվիրել
Գույներ-թելերին
Ու ծիածանին
Գույնի պես դաջվել...

Ուզում եմ շնչել
Օդի տեղ բարիք,
Լույսին բազմալիք
Ուզում եմ ննջել,
Ապրել եմ ուզում
Հույսի ամրոցում,
Որ հույսի լանջին
Արտի պես լանջվեմ...

Ուզում եմ ցնդել
Ցողերում այգի,
Նոր թարմությունով
Հին հոգիս լցնել,
Ուզում եմ մարդիկ
Ինձ էլ չհիշեն,
Որ նրանց կողմից
Ետ էլ չկանչվեմ...

Ուզում եմ թաղվել
Գույների ծոցում
Ու վերածնվել
Հավատի բոցում...

Եվ լուսնից կախված
Իմ ճոճանակով
Օրերից մի օր
Ճոճանակվելիս
Ուզում եմ գտնել
Ես մի սիրող սիրտ,
Որի նվիրած
Բոլոր օրերից
Եվ ոչ մի օրում
Այսպես չտանջվեմ...

No comments:

Post a Comment