Ես քեզ սիրում եմ


Ես քեզ սիրում եմ հենց հիմա, այսպես,
Երբ չունեմ ոչ տեր, ոչ իշխան, ոչ քեզ,
Երբ հոգիս խեղդած ժանգոտվող ոսկին
Չէր փայլել երբեք դեռ այսչափ հրկեզ:

Սիրում եմ հիմա, երբ ազատ անկումը
Չէր եղել երբեք այսչափ անազատ,
Երբ փշրվելուց ու տառապելուց զատ
Չէր եղել սիրտս դեռ այսքան կիսատ:

Սիրում եմ հիմա, երբ համբուրվելիս
Հալվել է ամառը ցուրտ ձմռան գրկում,
Երբ արդեն արևն  է փյունիկին փրկում,
Հոգիս էլ անունդ է անվերջ վանկարկում...

Հիմա, երբ անգամ չեմ էլ ճանաչում
Կողպեքներն սրտիդ ու տեղը նրա,
Երբ գորշ գայլ դարձած մութն է կլանչում
Դեպի քեզ տանող ճամփեքի վրա:

Հիմա, երբ մութից էլ չեմ սարսափում,
Երբ արդեն լույսն է գիշերին խաբում,
Երբ լուսաբացը եղյամ է թափում,
Իսկ սիրտը մրսում է ձմեռվա կապում:

Հիմա, երբ ինչպես ժամացույց սլաք
Իմ ուղին փախչում է ոտներիս տակից,
Երբ ձմռան ցրտից, թե ամռան տաքից
Լալիս է ծաղիկս այգի հատակից:

Եվ հիմա, երբ գիրք ես իմ առաջ փակված,
Որի բանալին ինձ է հենց բացում,
Երբ այգն է արդեն իմ առջև լացում,
Սիրում եմ լացն այդ նոր լուսաբացում...


No comments:

Post a Comment