Կրկնություն


Հանճարեղ չէ գրչիս ծնած ոչ մի տող,
 Նոր բան չկա խոսքերիս մեջ հնչեցրած,
 Ցած չեմ բերում ես արևը հրաշող,
 Ու չեմ ներկում ես ամպերը երկնաթաց...

 Ես տալիս եմ նկարներս չստացված,
 Վրձիններս նվիրում եմ չար քամուն,
 Ես թակում եմ այս դռները կիսաբաց
 Մինչ աչքիս տակ կրկնությունն է արթնանում...

 Ռի-Մա


Տարօրինակ


Տարօրինակն անհայտին է դաս տալիս,
 Զարմանք կտրած՝ իմ հավերժն է ակոսվում,
 Այն, ինչ երեկ հրճվանքով էր հյուր գալիս,
 Այսօր միայն թախիծ-հարցով է սկսվում...

 Զարմանում եմ, զարմանում եմ մերթընդմերթ,
 Երբ բեկվում են ուղիները ակամա,
 Ու ապշանքս վրաս դիզվում է փերթ-փերթ
 Այսօրվանից կամ կմնամ ես կամ նա...

 Երբ տեսա ես իմ ապշանքին սիրելի,
 Երջանիկը ինձ տուն դարձավ հարազատ,
 Բայց երբ կորավ, ինչպես եկել էր էլի,
 Կյանքը հոսեց, խինդս թողեց անավարտ...

 Ռի-Մա


Ավարտս


Այս օրվա մեռնելը ծնվելուց առաջ էր,
 Այս օրվա խորհուրդն էր սկիզբը նոր կյանքի,
 Այժմ չեմ ուզում մանրը տանջանքիս.
 Ավարտից առաջ թույլ տուր հառաչել...

 Մի բան վերջացավ, որ ես չէի սկսել,
 Մի բան մինչև վերջ գորշացավ, մխաց,
 Հրդեհվեց մի բան, մոխիրվեց, մարեց
 Ու դրա տեղում հողակույտ մնաց...

 Այս օրվա արևը մյուսներից դեղին էր,
 Այս օրվա իմ ստվերը մոտ էր երկնքին,
 Այժմ չեմ ուզում ոչ արև, ոչ լույս.
 Ավարտից առաջ տուր ինձ մութն իմ հին....

 Ռի-Մա


Կարոտ


Սեղաններ վախի, մի սարսափ լազուր,
 Մրոտված մի ձեռք ու անահ մի «ես»,
 Հեռվում դեռ ծերուկ կարոտն է հազում
 Ու մի կույր խլուրդ դեռ փնտրում է քեզ...

 Փորփրում է հողը բահը մենության,
 Մոռացված մի ճայ ետ է գալիս տուն,
 Այս մի նախաբանը սկիզբ է մեկնության,
 Որի ավարտին նվնվում ես դու...

 Դու էլ չես լինի, վախկոտ ես, հլու,
 Դու չես դիմանա, երբ քեզ ապտակեն,
 Վախի սեղանին հյուր ես դու գալու,
 Նախքան բիլ նետերը սիրտը քո ծակեն...

 Սեղաններ վախի, մի սարսափ լազուր,
 Մրոտված մի ձեռք ու անահ մի «ես»,
 Հեռվում դեռ ծերուկ կարոտն է հազում
 Ու մի կույր խլուրդ դեռ փնտրում է քեզ...

 Ռի-Մա


Երբ րոպեն ու դարը մեկ են..

Տասնութ րոպեից,
Վաղը չէ մյուս օրը
Կամ հաջորդ տարի,
Կյանքիս վիրաբույժը
Քո տված վերքերը
Համր կկարի...


Տասնութ րոպեից,
Վաղը չէ մյուս օրը
Կամ հաջորդ տարի,
Կսպասեմ, որ բախտը
Իմ վերջին կամքը
Ծանր կատարի...


Վաղը չէ մյուս օրը,
Տասնութ րոպեից
Կամ հաջորդ տարի
Վերհուշի մի խայծ
Սառը քրտինքով
Դեմքս կշպարի...


Վաղը չէ մյուս օրը,
Տասնութ րոպեից
Կամ հաջորդ տարի
Քեզ ես կփակցնեմ
Վերին անկյունում
Հին մի ծրարի,


Վաղը չէ մյուս օրը,
Տասնութ րոպեից
Կամ հաջորդ տարի
Աշունը հոգնած
Լուռ հրաժեշտի
Պարը կպարի...


Վաղը չէ մյուս օրը,
Տասնութ րոպեից
Կամ հաջորդ տարի
Մի ծանոթ մրրիկ
Մի խավար փոսում
Գուցե և մարի...


©Ռի-Մա

Ոտաբոբիկը

Նա հանեց իր կոշիկները
Նախքան արևի շիկնելը
Ու ձեռքում բռնած տարավ
Դեպ ծովերը՝ ծափ-ծարավ...


Ոտաբոբիկ, ձեռքով թաց՝
«Ծակոտում է»,- շշնջաց.
Ոտնահետքերում արյուն.
Կոշիկներն էր խնայում...


Ու տարավ իր կոշիկները
Նախքան արևի շիկնելը,
Ու նվիրեց ծովերին,
Բայց բարկացավ ծովը հին.
Չէր ասել նրան ոչ ոք,
Որ ծովը մութ հանց գիշեր՝
Կոշիկ հագնել չգիտեր...


Ռի-Մա

Արևս տվեք, մնացածը նվիրում եմ...

Ես ուզում եմ իմ արևը մանկության՝
Այն արևը, որ մանուկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ ճերմակ թևը բարության՝
Այն նուրբ թևը, որ կռունկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ իմ երազը փրկության՝
Այն երազը, որ վհուկներն ունեն լոկ:

Ես ուզում բարակ թելը կրկնության՝
Երկար թելն այն, որ թնջուկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ սևությունը մաքրության՝
Սևությունն այն, որ աչուկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ և սպիտակը անձկության՝
Այն սպիտակը, որ դալուկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ իմ դաշույնը հատնության՝
Այն դաշույնը, որ կտրուկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ իմ պայթյունը հարության՝
Այն պայթյունը, որ հատուկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ այն կապույտը հառնության՝
Այն կապույտը, որ կապտուկներն ունեն լոկ:

Ես ուզում եմ այն կոպիտը կոշտության՝
Այն կոպիտը, որ կոշտուկներն ունեն լոկ...

Բայց ոչ, պետք չէ այդ ամենը,
Ձե՛զ պահեք՝ իբրև ընծա.
Ինձ տվեք դուք իմ արևը,
Որ մանկությունն իմ ցնծա...

Ես ուզում եմ իմ արևը մանկության՝
Այն արևը, որ մանուկներն ունեն լոկ...

Ռի-Մա


Բժիշկ մանկությունը...

Հիշու՞մ ես, երբ դեռ փոքր էիր,
Երբ վազվզում էիր դեռ,
Երբ կյանքդ վառ նկար էր՝
Կախված մեխից մի կեռ...

Հիշու՞մ ես, երբ մանուկ էիր,
Երբ հոգսդ խաղն էր լոկ,
Իսկ դու՝ բժի՜շկ, զինվո՜ր՝
Այնպե՜ս անհոգ-անհոգ...

Հիշու՞մ ես, երբ մանուկ էիր,
Հեռու էր ապագան,
Բայց կյանքն անկանգ խլեց-տարավ
Օրեր, որ էլ չկան...

Հիշու՞մ ես, երբ մանուկ էիր,
Գունեղ էր ապագան...

Ռի-Մա