Ընտրությունը քոնն է, ընտրողը ես եմ...


Հաղթանակ, թե պարտություն
Պիտ անվանեմ ես այն խաղը,
Երբ և գտնում, և կորցնում ես
Ու չգիտես՝ ճիշտը որն է...

Սուտ, թե դառը ճշմարտություն
Պիտ նախընտրեմ, երբ աշխարհը
Արդեն ընտրել, խաբել է ինձ
Ու բացատրել՝ վիշտը որն է...

Վայրկյան, թե մեծ հավերժություն
Կդառնա հիմա այս դարը,
Որից տարին գողացել են,
Ժամը սպանել, րոպեն կորցրել
Ու չեն ասել «միշտ»-ը որն է...

Նահանջ, թե նոր ապստամբություն
Ծնվեց, երբ երկնեց խավարը,
Որ պիտ սպաներ կամ համբարձեր
Ու չհարցներ մահը որն է...

Կապանք է, թե ազատություն
Ձեռքս սեղմող քո ձեռքը տաք,
Դատավճիռ, թե քաղցր թույն
Եռացող այս երկնքի տակ...

Զարթոնք, թե կեղծ մի հարություն
Մենությանը կոչեմ հիմա,
Երբ դրանից վախենում եմ,
Բայց չգիտեմ ահը որն է...

Եվ մեռնող անվերջություն
Կոչիր ասքիս այս արարը
Այն հենց այստեղ պիտ ավարտվի,
Չգիտեմ լոկ պահը որն է...

Թե ուզում ես, խելագարվիր,
Թե ուզում ես հարբիր ցավից,
Ոչնչության զարկով հարվիր
Կամ մարդ կերտիր անշունչ կավից,

Թե ուզում ես անհետացիր,
Թե ուզում ես ծնվիր նորից,
Թե ուզում ես ծնկի արի
Արհամարված դու բոլորից,

Թե ուզում ես կյանքից փախիր,
Թե ուզում ես դարձիր ինձ կյանք,
Բայց նախքան դա պատմիր մի քիչ,
Որ հասկանամ կյանքը որն է...


No comments:

Post a Comment