Ես եմ...

Ես քար սրտիդ նուրբ դարմանն եմ,
Երազանքիդ ուսապարկը,
Անուրջներիդ մեծ թարգմանն եմ
Ու հաղթական համազարկը...

Ես քո մեջ քո ապաստանն եմ,
Միտքդ պտտող անիվն անդուլ,
Քո պարտեզի այգեպանն եմ
Ու ձմեռդ ամենակուլ...

Ես հարցերիդ պատասխանն եմ,
Բայց և անգետն ամենա,
Եվ քո հոժար կախաղանն եմ,
Եթե սիրտդ կամենա...

Ես քո ներսում հենց իմ տանն եմ,
Եվ աներես այն տնանկը,
Ունայնության վեհ պատգամն եմ,
Ու հավետ քո այն մենակը...

Քո  պարապն եմ, քո անբանը,
Եվ մշտարթուն աշխատողը,
Միօրինակ քո կածանը
Եմ մերթընդմերթ ընդհատողը...

Քո վախերի ահասպանն եմ,
Քո ձեռքի այն սուր դանակը,
Քո անձրևի ծիածանն եմ,
Ու գունավոր թաշկինակը...

Քո անցյալի պահապանն եմ,
Քո ներկայի ծեր դայակը,
Ժամանակիդ կառապանն եմ
Ու գալիքի տողատակը...

Խոսքիդ խեղդվող բնաբանն եմ,
Քո հոգու այն նույն ոչինչը,
Քո հուշերի հաշմանդամն եմ,
Ու քո ներսում մեռած խիղճը...


No comments:

Post a Comment