Սրտի ծեփանները՝ լացկան բարձին


Կատաղությունդ հերթական կաթվածն է ապրում,
Հոգիդ ճանկռում է արնոտ ծեփանները
Վաղուց զարկելուց թոշակի անցած
Ու կաթվածավոր սրտիդ պատերի...

Իսկ դու հիվա՞նդ ես, խելագա՞ր, կարո՞տ,
Ո՛չ, ո՛չ, քեզ ոչինչ, ոչինչ չի եղել,
Այս խելառ սիրտն է անոթում փոշոտ
Մի կաթիլ սիրո հուշ միամիտ հեղել...

Ու ամեն գիշերն երկխոսություն է
Քո ու միայնակ անկողնուդ համար.
Եվս մի գիշեր անիմաստ անցավ,
Ու լուսաբացը արթնացավ մինչև,
Այս լացկան բարձը էլի թացացավ,
Ու զինադադար իմ ու քո միջև...

-Իսկ դու սիրո՞ւմ ես, տանջվո՞ւմ ես, լացո՞ւմ,
-Ո՛չ, ոչ, չեմ սիրում, գրողը տանի...
Թե նա չտանի, Տերը խափանի...
Պարզապես ստում եմ, սիրտս չեմ բացում...

Սերդ, որ ստում է, թաքցնում ես վարար
Անձրևի հոսքում գարնան երակի,
Արևը հիմա բոց է մահարար,
Ու այգը խանձում է հոգիդ եռակի...

Ու կրկին գիշեր, թաղում կրակի,
Ու կատաղում է հոգիդ խելագար,
Երբ ծեփաններից մի կաթիլ արյուն
Ընկնում է բարձից այգի հատակին...


Կիսաճամփին...


«Թե տերև էիր, ընկար ցած,
Թե գարուն էիր, ուշացած,
Թե երազ էիր, հուշ դարձար,
Թե փոշի էիր, վերացար»:

Մի հուշ գտած ու կորցրած
Թափառում էր նա անձայն,
Մի կյանք տված, սեր վերցրած,
Ուներ սերը այդ միայն:

Սիրո դատի մի մութ ծալքում
Նա փնտրում էր համաներում
Ու խուլ ցավի արձագանքում
Լսում երգեր, հուշեր գերում:

Գարուն չկար նրա հոգում,
Հույսը նրան չէր ամոքում,
Խարխուլ կյանքի կիսաճամփին
Կրկնում էր սրտի խորքում.

«Թե տերև էիր, ընկար ցած,
Թե գարուն էիր, ուշացած,
Թե երազ էիր, հուշ դարձար,
Թե փոշի էիր, վերացար»:

Բայց կանգ առավ սերը ձեռքում
Խարխուլ ճամփին նա մի պահ,
Հոգու արնոտ մի խոր վերքում
Կարդաց սոսկում, հազար ահ,

Բայց և տեսավ վերջաբանում
Մի հույսի շող արշալույսի.
Ճամփան այդտեղ չէր վերջանում.
Սերը նոր երգ դեռ կհյուսի...

Ու նոր հույսերով լցված
Դեռ քայլում էր  միայնակ,
Ու մի նոր սեր կարդացած
Շշնջում էր շարունակ.

«Թե տերև ես, ետ եկար,
Թե գարուն ես, չուշացար,
Թե երազ ես, մոտ ես շատ,
Ինձ հետ, հավերժ, անընդհատ...»