Վերափոխում


երբ դատարկվում ես ինքդ քեզնից,
ու էլ ոչ ոք քեզ չի սպասում սուրճի բաժակի մյուս ափին,
փոխվում են օրերը
փոխվում են մարդիկ
ու փոխվում ես դու...

երբ ստիպում են քեզ խեղդել պատուհանափեղկերի արանքում
երջանկության սպասելիքով պատուհանից դուրս նայելիս,
դու չես փոխվում.
մարդիկ են դադարում իմանալ
քո երազանքների թիվը...



Անբուժելի... մարդ


Վերջերս թռչունները զանգվածայնորեն
սկսել են զրկվել թռչելու կարողությունից
ու իրար դաժանորեն կտցահարել
գետնին առավել արևոտ տեղերում
հայտնվելու համար...

գիտնական-խելագարները նրանց մոտ ախտորոշել են
«մարդ» հիվանդությունը...


Այսպես են մարդիկ ծերանում...


նա պառկած էր գիշերվա ձախ ականջում
ու դիտում էր, թե ինչպես են
մեքենաների լույսերը սահում
իր սենյակի պատերով,

ու նրան թվում էր,
թե ամեն լույս մի հոգի է, 
որ եկել է իր բախտից բողոքելու
ու ասելու, որ կյանքը կարճ է,
իսկ գիշերվա ձախ ականջը՝ խուլ...

ամեն լույս իր գույնն ուներ, 
բայց նրանք բոլորն էլ դեղին էին,
ինչպես մազերն արևի...

լույսերը ճանկռում էին պատերը,
իսկ նա անքնությունից հունցում էր 
բանատեղծություն...

այսպես են մարդիկ ծերանում...


Կյանք


երբ մոլորակը ոտքեր առնի,
նոր ուղեծիր գծի՝
ծուռումուռ ինչպես գյուղական ճանապարհը,
ու հեռանա ծաղիկներ հավաքելու,
բռնիր ձեռքս...

երբ մեր տունը փոքրանա
ու դառնա փողոցներում խաղացող երեխաների
զառերից մեկը, 
որ միշտ վեցի վրա է ընկնում.
բռնիր ձեռքս...

երբ կյանքը անցնի գնացքի վագոններում քնած
ու ինձ մնա միայն վերջին վագոնի
մեկ սուրճի բաժակ կյանքը, որ խմեմ,
բռնիր ձեռքս...

երբ մի օր մետաղադրամ տամ
փողոցում մեզ մոտեցող տատիկին, 
իսկ նա, սովորականի պես օրհնելու փոխարեն
անիծի,
բռնիր ձեռքս...

երբ մաշվեն ափերս,
ու հոգնեն շարժվելուց 
մատներս չորացած ու բարակ,
քո ծերուկ ձեռքերով
բռնիր ձեռքս...