«ՄԱԶԵՐՍ ՋՐԱՂԱՑՈՒՄ ՉԵՆ ՍՊԻՏԱԿԵԼ . . . »

Երեւանի Դավիթաշեն թաղամասի Պարույր Սեւակի անվան գրադարանի աշխատակից, թարգմանիչ Գարիկ Ավետիսյանի Ֆեյսբուկով տրված հարցերին պատասխանում է անվանի բանաստեղծ, բեմադրիչ, թատերգակ, առակագիր Գարուշ Հարյանցը:
 
Հարց-Խնդրում եմ մի քանի խոսքով պատմեքթե ինչպե՞ս որոշեցիք գրել:
 
Պատասխան –Նախ ասեմ, որ որոշելով գրող չեն դառնում: Ես 13-14 տարեկան էի՝ վառվռուն պատանության սկիզբ: Ամառային ուշ երեկո էր: Պահմտոցի էինք խաղում մեր եւ Անահիտենց բոստանների միջնորմի վրա: Աթարի բուրգի մեջ հերթական թաքնվելուս պահին, կողքիս աղջկա շունչ զգացի, շփոթից ձախ արմունկս կպավ նրա կրծքի ցոգոլին... Հաճելի դող անցավ մարմնովս՝ սիրո շորշոփն էր դա, որ կապ գցեց լեզուս... Բնածին համրն անգամ կնախանձեր իմ վարպետ կմկմալուն: Իմ կողքին թաքնվել էին ոչ թե Ցողիկն ու Շողիկը կամ Հերիքնազն ու Բավականը, այլ՝ հենց ինքը՝ արծվաչվի Անահիտը, իմ առաջին սիրո «թիրախը» ... նա էլ շփոթվեց ու կպավ ինձ... պահն արդեն մերձեցման բանաստեղծական ակնթարթ-հրայրք էր... հանդգնությունս տեղի տվեց... ես առաջին ու վերջին անգամ գրկեցի նրան, առիթից օգտվելով էլ պաչեցի, որովհետեւ պահմտոցի էր, նա չէր կարող ձայն հանել, տեղը կմատներ... իսկ ես իմ կյանքում սիրո միակ ապտակը ճաշակեցի եւ հայհոյելու փոխարեն՝ հանպատրաստից հորինելով արտասանեցի, բայց գրի չառա ու ողջ կյանքս հիշում եմ ներքոհիշյալը.
 
Երբ քեզ պաչեցի,
իսկույն լացեցիր
եւ ապտակեցիր
ինձ՝ ապագայի 
մեծ բանաստեղծիս...
 
 
Հիմա չե՞ս զղջում,
որ սիրո վերջում
ինձ դափնի մնաց,
քեզ՝ իբրեւ օժիտ,
ատելությունը:
 
Պահմտոցուց հետո սկսեցի բանաստեղծորեն սիրել նրան: Մերժված սիրուց էլ ծնվեց «Անահիտին» գրավոր ակրոստիքոսը, որը 45 տարի անց տպագրեցի քառյակներիս հայտնի հատորի՝ («ՀԱԶԱՐ ԵՒ ՄԵԿ ՀԱՄԱԶԱՐԿ» 2007 թ., Լոս Անջելես),«թվայնացված» իմ առաջաբանում: Ճակատագրական պահմտոցուց 2 տարի անց, իմ առաջին բանաստեղծություններից մեկը՝ «Թեղի սարը» տպագրվեց Ախուրյանի շրջանային «Շիրակ« օրաթերթում... 15 տարեկան էի: Իմ ծննդավայր Հացիկում եւ աշխարհում 1962 թվականն էր... երբ ես որբացա հորից, նա մահացավ Հոկտեմբերի 15-ին, աշնանային լացակումած մի օր: Այս տարի ինձ համար եռակի հոբելյանական է: Մեկը տխուր, որ հորս մահվան կես դարն է լրանում, երկուսը ուրախառիթ՝ լրացան ծննդյանս 65 եւ գրական գործունեությանս 50 ամյակները: Խինդն ու ցավը միշտ միասին են իմ կյանքում: Կարող եմ ասել, ամենավստահելի ուղեկցորդներս են...
 
Հարց  - Եթե ձեզ առաջարկեին մեկ այլ մասնագիտությունդուք կհրաժարվեի՞ք գրելուց:
 
Պատասխան -Սիրով ու երախտագիտությամբ կընդունեի առաջարկը եւ կաշխատեի... Ես վաղուց ունեմ բեմադրիչի բարձրագույն կրթությամբ մասնագիտություն: Բայց հարգելի Գարիկ Ավետիսյան, թույլ տուր շտկեմ հարցդ: Գրելը մասնագիտություն չէ: Հակիրճ կպատասխանեմ ռուս դասականներից մեկի՝ Ա.Պ.Չեխովի ասածով. «Բժշկությունը կինս է, գրականությունը՝ սիրուհիս»: Գրելուց ոչ ոք չի հրաժարվել, նույնիսկ գնդակահարվող Ակսել Բակունցն ու Վահան Թոթովենցը, Ֆեդերիկո Գարսիա Լորկան ու Երեւանի բանտի հիվանդանոցում մահացող Եղիշե Չարենցը... եսիմ էլ ովքեր եւ ի՜նչ դիվային պայմաններում գրելուց չէին հրաժարվի... Գրելը հոգու եւ ոգու բարձրագույն կոչումն է: Գիրք ստեղծելը
հանաք բան չէ: Գիրքն է աշխարհ ու տիեզերք ղեկավարում: Չէ՞ որ ՍԿԶԲԻՑ ԷՐ ԲԱՆԸ...այսինքն՝ մեծատառով ԽՈՍՔԸ:
 
Հարց- Իսկ ի՞նչ կարգավիճակում են ձեր երկրի այսօրվա գրողները:
 
Պատասխան – Ակամա հիշեցրիր իմ տողերից մեկը՝ «ես հայրենիք եմ ցանկացած վայրում»: Ինձ որ քամես, հայրենասիրություն կչռռա... Իմ երկիրը քո երկիրն էլ է՝ Հայաստան հայրենիքը, իսկ եթե դու նկատի ունես ԱՄՆ-ի գրողներին, ապա ընդգծեմ, որ նրանց բոլոր սերունդներն էլ խրված են քաղաքականության, ընկերվարության, անբարոյականության ճահճի մեծ... վերջերս 42-ամյա մի տաղանդավոր բանաստեղծ սպանվեց իր այլախոհ հայացքների մեղքով... Այսօրվա գրողի կարգավիճակը որոշում են Ամերիկա աշխարհամասի գրավաճառության-ընթերցանության անգլիախոս կամ իսպանախոս վիթխարի շուկանները: Հիրավի,  երբեմն ուրախանում ենք, որ մեծն հայ Վ. Սարոյանից հետո հայազգի գրողներ էլի կան: Օրինակ, Փիտեր Բալաքյանի անունն ու՞մ հայտնի չէ... նրա գրքերը ստեպաբար դառնում են «բեստսելլեր», այսինքն՝ լավ վաճառվող:Երկու օր առաջ Լոս Անջելեսի հայերեն «ՄՈԼՈՐԱԿ» շաբաթաթերթում կարդացի հռչակավոր գրական եւ կինոյի հերոս՝ «Հարի Փոթերի» մասին պատմող վեպերի հեղինակ, արդեն մուլտիմիլիարդեր Ջոան Ռոուլինգի անմոռաց մտորումներն իր մասին՝ «Ես նախկինի պես վախենում եմ աղքատությունից» խորագրի տակ: ՈՒրեմն, գրողի առաջին թշնամին աղքատությունն է: Հայ գրական շուկան չի տալիս բարեկեցիկ ապրելու, հարստանալու հեռանկարներ: Ավելին, ասում են մեր ազատ եւ անկախ հայրենիքում գրախանութներն անգամ խիստ սակավ են, գիրք առնող չկա, ընթերցող չկա: Էլ  ի՞նչ կարգավիճակ: Մեզ մոտ, հայաշատ Գլենդել քաղաքում թեեւ կա 3 գրատուն, էլի գիրք առնող, ընթերցող հայեր շատ  չկան... նրանք տրցակով փողերը ցպնում են քեֆ-ուրախությունների,  ռեստորանների, հոգեմաշ ճաշկերույթ-պարահանդեսների, գերեզմանոցների եւ եկեղեցական զանազան միջոցառումների «աշխատավոր» քամիների առաջ, թող ներվի համամատությունս, ինչպես Աստվածաշնչյան հայտնի «մարգարիտները՝ խոզերի առաջ»: Գրողին էլ ո՞ր կարգավիճակից բաժին հասնի, երբ մնացածն էլ ապականվում է ռաբիզ(ս) կոչված թրքա-արաբա-պարսկական ժխորով, անկապ  բառակույտերի տեղատարափով: Բարձր, մաքուր պոեզիա չեն երգում, յար ու յաման ու յասամանն առել-անցել են... ձանձրախտ է արդեն:
 
Հարց- Իսկ ինչպե՞ս են ծնվում ձեր գրքերը:
 
Պատասխան –Առայժմ հաջողվել է բանաստետղծական 7 ժողովածու հրատարակել: Քանի որ ես բազմաժանր հեղինակ եմ, ուստի իմ գրքերը ծնվում են երկվորյակների նման: Ծրագրված մեկի գրման ժամանակ ես զգում եմ մյուսի անհրաժեշտությունը: Երբեմն երկու-երեք նոր գրքեր են զուգահեռ գրվում: Այսօրվա դրությամբ իմ գրական ժառանգության «պահեստում» ես ունեմ հրատարակման պատրաստ 5 վեպ, 7 վիպակ,  պոեմների 1 գիրք, 20 բանաստեղծական ժողովածու, պատմվածքների 2 հատոր, պիեսների 3 գիրք, հոդվածների, խոկումների, հեքիաթների մեկական հավաքածու  ու այլն...
 
Հարց - Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք եւ որքա՞ն հաճախակի եք ունենում շնորհանդեսներ:
 
Պատասխան – Մտածում եմ ծննդյանս 65 ամյակը նշել նաեւ բոլորիս հայրենիք Հայաստանում, եւս մեկ նոր գրքով, որը հավանաբար կլինի արձակ: Գործող ու գործունյա գրողը կարող է ամեն տարի գիրք հրատարակել, անկախ ժանրային տարբերությունից, եւ շնորհանդես կազմակերպել: Ես արդեն եռակի պապիկ եմ, դրանով եմ Հռոմի պապից առավել: Այս տարի էլ նոր գրքիս՝ «ՊԱՊՆ Ու ԹՈՌՆԵՐԸ» առականիիս շնորհանդեսն արեցինք, որի մասին մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվեց ՄԻՋՆԱԲԵՐԴ»  մշակութային միության տեղեկատվության բաժնի համակարգող, շնորհալի լրագրող Հովհաննես Գալոյանի ինքնատիպ ակնարկը՝ «Փոքր եկեղեցում էլ կարելի է մեծ պատարագ անել» խորագրով... բայց սփյուռքում էլ հեշտ չէ, երբ, մանավանդ, որ հովանավորները, ներդնողները հայավարի «քնած» են, գրականության հետ հույսեր կապող բարերարներ չկան: Լապտերով պիտի հիմա փնտրես Մանթաշովներին...Գրելը եկամտաբեր գործ չէ:
 
Հարց -Պարոն Հարյանց, իսկ մեր անվանի գրողներից ու՞մ  կերպարով եք առաջնորդվում՝ պահպանելու մեր դարավոր գրելու արվեստը:
 
Պատասխան –Հարգելի Գարիկ Ավետիսյան, չկարծես, թե մազերս ջրաղացումեն սպիտակել...չէ՜... այդպես չէ: Իսահակյանական տողն ինձ հետ է՝ «Տառապանքս փորձ ունի»:Իմ գրական գործունեության հիսուն տարում հավասարապես ստեղծագործել եմ թե՛ դասական, եւ թե՛մոդեռն-վերլիբրային տաղաչափություններով ու ոճերով: Շատ լավ գիտեմ, թե բանաստեղծական արվեստի ժողովրդականության շան գլուխը որտե՞ղ է «թաղված»: Նախասիրությամբ ես դավանում եմ Նարեկացի-Սիամանթո-Չարենց-Պ.Սեւակ չափածո տամարը: Ասեմ նաեւ, որ վերջինս մեր պոեզիայում խոհափոլիսոփայական հռետորիկայի խոշոր ու խոժոռ հիմնադիրն է: Ես ողջունում եմ հայոց վերջին մայրաքաղաք Երեւանի Դավիթաշեն թաղամասի գրադարանը Պարույր Սեւակի պայծառ անունով կոչելու բոլորիդ նախանձախնդրությունը:Եւ այդ հիշարժան առիթով էլ  իմ երկու նոր գրքերից չորսական օրինակ եմ նվիրում ձեր գրադարանին: Բարով կարդան ձեր ու մեր ընթերցողները...
 
Հարց - Քանի որ այս տարի ազգովի նշում ենք հայ  գրատպության 500 ամյակը, ի՞նչ նոր գրքեր եք ներկայացրել կամ ներկայացնելու մեր ընթերցողներին:
 
Պատասխան -Արդեն ասացի, որ հայոց գրատպության պանծալի հինգ դարյա հոբելյանը ես դիմավորեցի առակներիս նոր գրքով, եթե միջոցներ հայթայթեմ, ապա գուցե մինչեւ տարեվերջ եւս մեկ ժողովածու հրատարակեմ: Չէ՞ որ շնորհիվ Հակոբ Մեղապարտի՝ մենք ժառանգեցինք եւ ունենք այսօր գրատպության բարձր մշակույթ: Գիրքը հզոր զենք է: Սկսած աշխարհի թիվ մեկ գրքից՝ ասորաբաբելական «ԳԻԼԳԱՄԵՇ»
էպոսով, շարունակած Աստվածաշնչով, ի դեպ, սուրբ գիրքը «Հին կտակարանից»  բեռնաթափելու ժամանակն է: Որպեսզի ունենանք
իրոք Ազգային, հայեցի Աստվածաշունչ, պետք է «Նոր կտակարանի» հետ մի գրքով հրատարակել Մ.Խորենացու «Հայոց պատմությունը», որը մեր արիական ծագումնաբանությունն էլ է տալիս, բացի հայոց երբեմնի հզոր արքայատոհմերի անցուդարձից: Ես կգնայի այդ հրատարակչական-հեղափոխական քայլին, եթե հովանավոր ճարվեր: Դա բնավ էլ մեղք չէ: Մեղա գալու, մեղայական հնչեցնելու առիթ բոլորովին չեմ տեսնում: Հերիք է Սառայի անառակությունը քարոզենք... Հասունացել է ինքներս մեզ ճանաչեցնելու ժամանակը: Թուրքերն անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր ունեցան, իսկ մենք դոփում ենք մեր հայրենասիրության եւ հայրենացավի տեղապտույտում... Մրափից արթնանալ է հարկավոր: Գրականությունը պարտավոր է գոնե ռազմավարական զարթոնքին զուգահեռ ընթանալ, էլ չասեմ՝ անհրաժեշտ վազանցելու մասին: Հայեցի,արիական մտածողության լայնաշառավիղ համարձակություն է պետք, գեղարվեստական մտքի եւ հույզի ներդաշնակ թռիչք՝ Հայկ Նահապետի աղեղից արձակված ճակատագրական նետի պես սրընթաց ու զգետնող:
 
Հարց - Ձեր խոսքը, պատգամը կամ խորհուրդը մեր սկսնակ գրողներին:
 
Պատասխան– Գրականությունը հիմնականում հորդորներ չի սիրում ստանալ, բայց տալիս է: Գիրքը ոչ միայն ազգային արժանապատվության գրավական է, այլեւ ինքնաճանաչման լուրջ հայտ: Սկսնակները թող լավ իմանան մեր մայրենին եւ հիշեն, ով որ սկսել է գրել, արդեն սկսնակ չէ, քանզի շարունակող է, իսկ դա ժողովրդական առածով նշանակում է՝ «էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը...» ... ես կասեի՝ էշություն է: Ռուս բանաստեղծուհին ժամանակին տագնապը հնչեցրել է: Նա կոչ էր անում՝
«Հոգացեք տաղանդավորների մասին, անտաղանդներն իրենք կսողոսկեն:» Ահա ճշմարիտ մի կարգախոս, որին հավատալով ու հետեւելով՝ կկարողանանք գրական արժանի հերթափոխ ապահովել: Սակայն տաղանդավորները չպետք է ձգտեն պաշտոնավարության, պատգամավոր դառնալու մրցավազքի մեջ խցկվելով՝ կջլատվեն: Նրանց
հայրենանվեր առաքելությունը պիտի լինի ԳՐԵԼԸ... Ես ուրախ եմ նաեւ այն առումով, որ երկրաշարժի ու պատերազմի թվերին ծնվածները կրթված, ընթերցող, ճաշակով, ամեն ինչով երիտասարդ հայորդիներ են, տաղանդավոր են, համարձակ, ինքնատիպ, գունեղ: Ֆեյսբուկից գիտեմ շուրջ տասը անուններ, որոնց ապագային հավատում եմ այսօրվանից: Ես իմ մի հոդվածում, որ վերնագրվել է «ՆԵՐՇՆՉԱՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ»  եւ տպագրվել զանազան թերթերում, տեղադրվել Երեւանի «Գրական ակումբ» եւ Թեհրանի «Գրական կամուրջ» կայքերում... արդեն նրանց անդրադարձել եմ, քննել ու զննել, դրվատել, քաջալերել, հորդորել:
Հույս ունեմ, շատ առաջ կգնան: Գրողը քաղաքացիական մարտիկ է, խղճի երդվյալ զինվոր, ամոթ նրան, որ չի ձգտում գեներալ դառնալ եւ վստահ անդամագրվել հայ գեղարվեստական գրականության դասական գեներալիտետին: Նրանք դեռեւս Պ. Դուրյանի տարիքում են... իսկ մինչեւ Իսահակյանի տարիքը, կես դարից ավել ժամանակ եւ ուժանյութ ունեն, ինչե՜ր կստեղծեն ի փառս հայոց ու հայ հավաքական գրականության: Շնորհակալ եմ անակնկալ հարցազրույցի համար: Ջերմ բարեւներս հաղորդեք հայրենի հարցնողաց: Ես ձեզ հետ եմ, սիրելիներս:
 
Սեպտեմբերի 6, 2012 թ., Լոս Անջելես, Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ: 



No comments:

Post a Comment