Աղոթք միայնության...


Սուրբ Մարիամ Աստվածածի՛ն,
Դու փրկի՛ր կաթվածածին
Ու անիծյալ այս ախտից...
Որ չսպասեմ չեղածին
Ու փախչեմ ես իմ բախտից...
Տե՛ս մաշվում են երազներս
Մոռացումի փտախտից...
Դու ինձ ո՛ւժ տուր, որ ողջ մնամ,
Չմեռնեմ կարոտախտից...


Սուրբ Մարիամ Աստվածածի՛ն,
Դու այս վախս խառնածին՝
Լույսն ու մութը խառնածին,
Իմ հոգուց անհետացրու՛.
Դու օգնի՛ր մոլորվածին...

Դու ինձ օգնի՛ր, որ չգայթեմ,
Ինձ սպանողին որ չխայթեմ,
Որ աչքերս մեկ էլ թարթեմ
Ու գիտակցեմ՝ ես էլ մարդ եմ...

Քեզ եմ դիմում Սուրբ Տիրամայր,
Որ խավարի աչքը ծակես,
Ու որ հոգուս զուր հարվածող
Չարի առաջ ճամփան փակես...

Դու օգնի՛ր ինձ չատել երբեք,
Չնզովել, չտալ անեծք,
Օգնի՛ր քայլել ճամփով անթեք,
Օգնիր չընկնել, չընկնել երբեք...

Սուրբ Մարիամ Աստվածածի՛ն,
Դու փրկիր ինձ սպանածին...


No comments:

Post a Comment