Պահ

Դու ներս սահեցիր ճաքերով պատի,
Լցվեցիր ամեն անցք ու պահարան,
Խմվեցիր ամեն բուռ ու բաժակով,
Ներկեցիր ամեն դուռ ու պատուհան:

Հոսեցիր ամեն կաթիլով ջրի
Ու քուն բերեցիր դեղահաբի պես,
Պատռեցիր ամեն վարագույր ու բարձ,
Խախտեցիր ամեն պատարագ ու ծես...

Փրկեցիր ամեն փորձ ու աղետից,
Վառվեցիր լամպի, լուսամփոփի հետ,
Մաքրեցիր սպիտակ, նուրբ սրբիչի պես,
Ջնջեցիր ամեն շեշտ ու վերջակետ:

Տվեցիր կորցրած ու չեկած մի կյանք,
Թողեցիր հոգի ինձ իբրև ընծա.
Դու քամու նման սուրացիր մի պահ
Ու քամու նման աննկատ անցար...


Հեռացում

Խեղդվել են վաղուց պատերը իմ տան,
ու էլ չի նայում պատուհանը դուրս,
ինձ փոստատարներ հազիվ թե հյուր գան.
ես հեռացել եմ ծանր ու սուսուփուս...

դուռը այն, որ ես չէի ուզում փակել
այժմ կողպում եմ ինքնակամ ու լուռ,
չփորձես իզուր դուռս էլ թակել.
ուրիշ մարդու մոտ կհայտնվես հյուր...

այդպես է լինում, երբ աքսորում ես
ինքդ քեզ քեզնից բայց և դեպի քեզ,
դեպի մարդը այն, ում չես ճանաչել
դեպի այն աշխարհ, որտեղ չունես կես...

այդպես է լինում, երբ հասկանում ես
թուրը չես եղել, բայց վահանն էլ չես.
այդպես է լինում, երբ սովորում ես
կոտրած կողպեքից դու էլ չկառչել...


Զսպված թռիչք



Իմ աչքերը քո երկնքի գույնն ունեն,
Իմ արտասուքը թռչուններն են քո.
Երբ թռչում են նրանք երկնքով
Այդ ես եմ լալիս...


Ու հեռանում են երամ-երամ
Երկինքները իմ,
Ու մնում է հայացքս նրանց ետևից գետեր կարելու,
Որ վերադարձի ճամփան չմոռանան...


Իմ աչքերը քո երկնքի գույնն ունեն,
Իսկ դու երկինքդ սեղմում ես մատներիդ տակ ամեն անգամ
Ու վանդակում թռչող արցունքներս երեկվա...


Ես եմ քո զսպված թռիչքը.
Գոնե մի անգամ երկնքին նայիր իմ վանդակված
Ու արտասվիր ինձ հետ.


Չեմ ուզում թռչուններս հեռանան մենակ...



Ասեղ

Ես քեզ սպասում էի
Ինչպես վերնաշապիկ կարկատելիս մատը ծակելուց հետո
Արյան գալուն են սպասում,
Իսկ այն չի գալիս...

Իմ թելերը չափազանց շատ են բարակել
Անցյալս կարկատելու համար,
Ու կորցրել
Կարերը տունդարձի...

Ես այսօրվանից ասեղ եմ,,
Իսկ ժամանակը՝ դերձակը կյանքի
Ու եթե անգամ ծակելու գնով
Նա պիտի կարկատի քեզ իմ ապագայի շապիկներին

Ինձնով...