Քո հոգին և իմը...


Քո հոգին ճախրանք,
Իմը՝ մի փետուր,
Իմը հառաչանք,
Կիսաբաց մի դուռ...

Քո հոգին սեգ ժայռ,
Իմը՝ մի ալիք,
Որ և փախչում է,
Եվ տենչում քեզ զուր...

Քո հոգին հեռու է,
Իմը՝ հեռացած,
Իմը մի ուրու է,
Տեղն իր մոռացած....

Քոնը կատարյալ է,
Իմը՝ դեռ թերի,
Քոնն արտացոլանք է,
Իմը՝ հայելի...

Քո հոգին կորած է,
Իմը՝ կորցրած,


Քո հոգին միշտ փակ է,
Իմն՝ հավետ փակված,


Քոնը մի սենյակ է՝
Մութ մի խորշ դարձած,
Իմը ավերակ է՝
Ստվերներով շինված...

Քո հոգին քաղաք է,
Որ ելքեր չունի,
Իմը խուլ մի բակ է,
Ծեր մի ծառուղի...

Մի հոգնած աշուն հին այդ ծառերին
Ու չասված մի խոսք, որ շուրթիս դեռ տաք է....
Ու չասված մի խոսք, որը սրտիս տակ է,
Ու չասված մի խոսք, որ արդեն կատակ է....

Քո հոգին անդորր, պարզ մի վեհություն,
Իմը՝ խելառ օր, գիժ մոլորություն...
Քո հոգին բացվող նոր մի ճանապարհ,
Իմը կործանվող ավարտված աշխարհ,

Քո հոգին հերոս, մի մարտիկ անահ,
Իմը՝ երկնչող մի վախկոտ ծնկած,
Քո հոգին հավերժ, քո հոգին անմահ,
Իմը՝ այն փոշին՝ լույսդ օղակած...

Քո հոգին անվերջ...
Իմ հոգին անսկիզբ...
Քոնը՝ լույսի շեղջ,
Իմն այդ լույսի մեջ
Դեռ աղաղակող,
Անհանգիստ, փոռթկուն
Չլուծված մի վեճ...

No comments:

Post a Comment