Ավարտ...

     Այս ներկայացման թաղումից մինչև քառասունք մի ծափ է, դերասանը կամ ես եմ, կամ ինձ շատ նման մեկը, ծափ տվողը ժամանակը, իսկ քննադատը՝ այն բեմի ճաքը, որ սպառնում է էլ չխաղալ...նայի՛ր քեզ... ճաքի չափ էլ չկաս...անգամ ըմբոստության «տնազն» է քեզնից մի աստղաչափ հեռու ըմբոստություն խաղացող դերասանների փնտրում...նայի՛ր քեզ... ուզում ես նայիր հայելու մեջ, ուզում ես նայիր ապակուն (այսօր նա էլ է հայելի ձևանում), կամ ինձ նայիր... նույնն ենք մենք...
    Աշունը ծերացել է... սկսել է բողոքել հոդացավերից, տերևները կնճռոտվել են, իսկ գարունը դարձել է գոյություն ունեցող ամենաազատ գերին ժամանակի զնդանում...
   Իսկ դու դեռ մտածում ես, թե քո ներկայացման հոգեհանգստին քանի աշուն է գալու...
   Այս ներկայացման թաղումից մինչև քառասունք մի ծափ է... Քեզ ու ինձ՝ միակ անտաղանդ դերասաններիս այս բեմի վրա, շատերը ծափ կտային.... շատերը ծափ կտային, եթե միայն... եթե գոնե լավ խաղայինք...
   Այս ներկայացումը դեռ չսկսված ավարտվում է իմ հոգուց մինչև անվերջություն ձգվող ծիածանի թեզանիքներում...
   Երբ ինձ կարկատում էին իբրև դերասան, սրտիս հատվածին հասնելուն պես, կարկատանները վերջացան, ու ես դարձա դերասան՝ բաց սրտով ու կարկատված էությամբ...
   Բայց այս ներկայացումը ավարտվում է... Էլ պետք չի լինելու ժամանակին խաբել, երբ խաղալս չի գալիս...
    Ներկայացումս ավարտվում է, իսկ խոնարհվելուց առաջ ուզում եմ խաբածս գարունները հաշվել... Նրանք ինձ այն ժամանակ հավատում էին... ժամանակ... Էլ ծափ չես տալիս... հոգնել ես... Ես էլ եմ հոգնել...Խոնարհվում եմ...Գլուխ եմ տալիս, բայց ոչ թե քեզ, ոչ թե խաբված գարունններին ու աշուններին, այլ այն ճաքին, որ ինձնից համարձակ դուրս եկավ... Խոնարհվում եմ նրա առաջ, որ նա, ի տարբերություն ինձ, կարողացավ թողնել ամեն ինչ ու հեռանալ մինչև ներկայացման ավարտը...


Ես սիրում եմ քեզ... (ոչ սովորական գործ)




Այգը ինձ այսօր քաղցր է ժպտում,
Անրոպե տարին թվում է վայրկյան,
Ու մի խելագար, գիժ արձագանքով
Անգոսնում է սիրտս պատը մարմնական:


Մի ոլոր ճամփա դեռ կանչում է ինձ 
Ու որոշում է ՝սեր պիտի խաղա,
Որ յուրաքանչյուր առավոտ նորից
Հրակույտ դարձած սիրտս պսպղա:


Այն կողքիս է միշտ, միշտ ինձ մոտ, ինձ հետ,
Մահացու անեղծ ու կյանքով լեցուն,
Գրոհում է դեռ, ընկրկում հավետ ու
Անվերջ բերում նոր մի արբեցում:

Իմ հոգին կրկին այդ արբեցումով
Անավարտ ճամփից պոկվում է մի քիչ,
Ու անվստահ մի կարճատև ճախրով
Իր ներսում գտնում սերը ամոքիչ`


Սպեղանին այն հին, շշնջված, անտես.
Այս շշուկներում «Ես սիրում եմ քեզ»...©







Զրույց




Երբեմն լինում է այնպես, որ քնելուցս ուղիղ կես վայրկյան առաջ այս անտրտունջ ու անդուլ երկրագունդը մտքումս կանգ է առնում միջտիեզերական տարածության մեջ ու սկսում է խոսել ինձ հետ՝ մի աչքը բաց, մյուսը՝ կիսափակ:
Մինչ ես շուռումուռ եմ գալիս անկողնուս մեջ, մտածում, հարցնում ինքս ինձ, թե ինչու է միշտ լինում, որ թանկ մի բան կամ թանկ մեկին կորցնելիս ես մեռնում եմ ցանկացած մեռյալից էլ լավ, նա հանդարտ նայում է ինձ իր բաց աչքով ու ասում.
-Երբ գլխիցդ մազ են պոկում, ցավում է... ուր մնաց մի ամբողջ մազափունջ...
Մինչ ես գլուխ եմ ջարդում այն հարցականի շուրջ, որ պտտվում է ուղեղիս ծալքերում ու իր սուր ծայրով ժամանակ առ ժամանակ ծակում՝ ինձ անվերջ շնչահեղձ անելով այն հարցով, թե ինչու ես մի նվիրական երազանքի (որ արդեն նպատակ է դարձել) հասնելու համար ստիպված թախիծդ ամեն անգամ թաղել սեփական արյունովդ լցված ոտնահետքերում, երկիրը նայում է ինձ, թեթև ժպտում ու ասում.
-Երբ արևին ձեռք ես տալիս, մատներդ այրվում են...
Մինչ ես թափառում եմ ճանաչողության ու իմացության բոլոր գոյություն ունեցող ու չունեցող դաշտերով ու ժամանակ առ ժամանակ բղավում, թե. «Գրո՛ղը տանի, ինչու՞ է միշտ այնպես լինում, որ ում վրա հույս ես դնում, մի օր անպայման լքում է քեզ», երկիրը լայն հորանջում է ու քնաթաթախ ձայնով ասում.
-Երբ օդին ես հենվում, ընկնում ես...
Մինչ խռովում եմ ինքս ինձնից՝ չհասկանալով, թե ինչպես են մարդիկ դառնում այդքան անտարբեր ու դաժան, երբ մեծանում են, նա քմծիծաղով ինձ հիշեցնում է.
-Երբ անձրևի տաք կաթիլը սառեցնում են, ձյան փաթիլ է դառնում...
Մինչ ես սենյակիս պատերի պլոկված ծեփաններում փորձում եմ թաքցնել այն հարցը, թե ինչու է մարդ իրեն այդքան լավ զգում ուրիշներին մի չնչին ու աննշան լավություն անելիս, իմ զրուցակիցը մատով տալիս է քունքիս ու ասում.
-Երբ բոլոր գույները խցկում ես բռիդ մեջ ու ճզմում, նրանք խտանում են, ու լույս է ծնվում...
Երբ վերջապես սկսում եմ մտածել, թե ինչու մարդիկ չեն հասնում նրան ինչին ձգտում են, չնայած օր ու գիշեր այդ մասին խոսելուն ու ամեն րոպե նույն ծրագրերը մեխերի պես ցանկության մուրճով ճամփաներին գամելուն, երկիրը կամացուկ շշնջում է ականջիս.
-Երբ մի ոտքդ մյուսից մի քայլ առաջ ես դնում, իսկ հետո երկրորդը գալիս-անցնում է առաջինին, քայլում ես...
Ասում է ու շարունակում պտտվել... Ես քնում եմ...

Ռի-Մա

Պատուհանս

Իմ աչքերի լուսամուտի բռնակին
Մի տեսիլ էր, մի սև բիծ էր երևում,
Ու դողում էր ու ճաքում էր ապակին
Ու հիշեցնում. բան եմ թողել ետևում...

Իսկ տեսիլն այն պատուհանն էր իմ բացում՝
Պատուհանն այն, որ գոցել էի ես անձայն.
Մոռացումին պատժեց այլ մի իմացում,
Ու հին հուշեր, հին պատիժներ արթնացան...

Մոռացումս պատժվեց ու նրա հետ նաև ես,
Տունս այրվեց մինչև վերջին լուսամուտը,
Իսկ բռնակն այն ինձնից պոկված զղջման պես՝
Տեղս մնաց՝ ողջունելու լուսնումութը...

Ռի-Մա

Շտապող նամակ

ես շտապում եմ. իմ վազքից
շունչն է միայն քո պակաս,
իսկ դու՝ լուրթ, բյուրեղ երազ.
ոչ եղել ես, ոչ էլ կաս...


ես շտապում եմ. սլացքից
խռովում է իմ ճամփան.
իմ ծովերն ինձ չեն սիրում,
ու լռում է առափնյան...


ես շտապում եմ. գորշ անցքից
ինձ է ժպտում իմ անկումը,
բայց ես դառն այս սպասման շիշը
կըմպեմ մինչ վերջին կումը...


ես շտապում եմ. մի՛ ծաղրիր,
այլ ինձ շունչ տուր՝ կանգ չառնեմ,
որ խավարը ցածում խեղդած՝
աղավնու պես վեր հառնեմ...


ես շտապում եմ... թևեր տուր ինձ.
իմ սլացքից ուժ ստացած
մեկ էլ տեսար վերև թռա՝
վերջին անգամ նայելով ցած...


ես շտապում եմ դռներն թակել
գարնան թրջած ձեռքերով թաց
ես շտապում եմ ճախրով փակել
իմ հոգնատանջ նամակն այս բաց...


Տեսնես ու՞մ եմ պետք...

Ու՞մ է արդյոք պետք
Թախիծս հիմա,
Երբ դռներից ներս
Ինձ լսող չկա,
Իսկ դրանք դրսից
Լուռ փակողը ես եմ...


Ու՞մ է արդյոք պետք
Նախատինքն իմ զուր,
Երբ դռներից ներս
Բարեկամ չկա,
Ու երբ ինքս ինձ
Ապտակողը ես եմ...


Ու՞մ է արդյոք պետք
Անմարմին հոգիս,
Երբ դռներից ներս 
Հոգետուն չկա,
Իսկ մահարձանս
Քանդակողը ես եմ...


Ու՞մ է արդյոք պետք
Համրաքայլ ճամփաս,
Երբ դռներից ներս
Ինձ փարոս չկա,
Իսկ նոր մոլորում
Վաստակողը ես եմ...


Ու՞մ է արդյոք պետք
Ճառս անօգուտ,
Երբ դռներից ներս
Համախոհ չկա,
Իսկ դրսում միակ
Հաստակողը ես եմ...


Ու՞մ է արդյոք պետք
Գոյությունս սուտ,
Երբ դռներից ներս
Էլ ապրող չկա,
Բայց դրսից դարձյալ
Դուռ թակողը ես եմ...


Ռի-Մա


Լքված ճամպրուկների քաղաքը...


Տարօրինակ մի քաղաք կա չարի ու բարու սահմանագլխին... Այստեղ ապրում են լքված ճամպրուկներն ու բոլոր ժամանակների չուղարկված նամակները... Համարակալված ավերակներն են այստեղ ողջունում անցորդներին ու նրանցից հասցե մուրում... Այդ ավերակների մեջ ամեն գիշեր հավաքվում ու վերջին են սպասում նրանք...  Խեղված ճակատագրերի մնացուկները, որ փշուր-փշուր կուտակվել են այստեղ այն աշխարհից՝ այն մեկից՝ մարդկայինից...
Այստեղ անտանիք մի տան մամռակալած անկյունում թիկնոցի մեջ կծկվել է մի ուրվական... Նա այնքան շատ էր ուզում տարբերվել բոլորից...Ու տարբերվեց մի օր... Բայց նրան դա չներեցին...
Այստեղ անվերջ նույն խոսքերը բղավելով շրջում է մի ստվեր, ով ժամանակին գրազ եկավ հավերժության հետ, որ նրանից երկար կապրի ու արդեն երեք դար է՝ պարտվում է...
Այստեղ իրար հետ անվերջ վիճում են երկու քերական, ովքեր ժամանակին մարդկային կյանքերը տողադարձում էին որտեղից և ինչպես պատահի... Որտեղից և ինչպես իրենց էր հարմար...
Այստեղ գիշեր-ցերեկ արտասվում է մի թախծոտ խելագար, ով սովորել էր աշխարհի բոլոր լեզուները, բայց մարդկայինը հասկանալ չկարողացավ...
Այստեղ անտեր ճամպրուկներով զարդարված մայթերով քայլում է այս և երևի թե  բոլոր գոյություն ունեցող աշխարհների ամենադժբախտ ծաղրածուն, ում միակ ունեցածը մի երբեք չփոշոտվող երգող զարդատուփն է՝  երբեք կանգ չառնող ու երգի հետ համաչափ պտույտներ անող տիկնիկով... Նա քայլում է ամայի փողոցներով առանց դադարի ու նվագում նույն մեղեդին, որից սարսռում ես...
Այստեղ՝ հենց քաղաքի ժանգոտ ուճռճռան դարպասների մոտ, ապրում է մետաղադրամներից ձուլված մաշկով մի պահակ, ով ամեն օր հաշվում է քաղաք մտնող չուղարկված նամակները ու նամականիշերը իր ցնդած երևակայության մեջ մետաղադրամի տեղ դնելով՝ հատ-հատ հավաքում է ու դարսում իր սնդուկի մեջ... քաղաքն էլ մնում է խեղդված՝ չուղարկված ու աննամականիշ նամակների ճանկերում...
Այստեղ մի խամաճիկ է ապրում, որի վերնաշապիկը միթևանի է, իսկ աչքերը՝ կույր... Նա այնքան էր պարել հաստ ու բարակ թելերի վերուվարին հավասար, որ մի օր պարզապես սկսել էր սպառվել պարի ժամանակ...
Այստեղ քաղաքից մշտապես դեպի չարի ու բարու սահման հոսող ցեխաջրի ափին նստած հառաչում է մի ծերունի... Նրա ամեն հոգոցը մի բուռ տաք ու գորշ ծուխի է վերածվում ու խառնվում անվերջ հոսող սևին... Այս ծերունին այդպես էլ չէր հասկացել, թե որոնք էին իր պատքուպահանջները սեփական գոյությունից և ի վերջո զրկվել էր որևէ բան պահանջելու իրավունքից...
Տարօրինակ էր այս քաղաքը... Իր խեղված ու տարօրինակ բնակիչներով... Սա լքված ճամպրուկների քաղաքն էր, որ տեսել են միայն նրա բնակիչները... Մարդիկ երբեք չեն գիտակցում, թե ինչպես են հայտնվում այստեղ... Այս քաղաք մտնելու տոմսը մոռացումն է, ետդարձի ճամփան՝ երբեք էլ գոյություն չի ունեցել, իսկ գոյատևման նախապայմանը... ավարտի սպասումն է... Այստեղ ամեն գիշեր հավաքվում են ու վերջին են սպասում նրանք... Փշուրները... Մնացուկները այն մի աշխարհից՝ մարդկայինից... Այստեղ զգացմունքներ չկան... կան միայն ստվերներ, բայց դրանք էլ հետևանք են մի արհեստական ու աղոտ ջահի, որ ամեն օր զզվանքով է լուսավորում այս քաղաքը... Այստեղ գիշերն են սիրում, քանի որ դրա շղարշի ներքո նրանք չեն երևում... Այստեղ հայելիներ չկան... Այստեղ նրանք են ապրում...Անլույս, անզգա, անհուշ լքյալները այս քաղաքի... Լքված ճամպրուկների քաղաքի... Իսկ ավերակները հասցե են մուրում անցորդներից... Նրանք դեռ հավատում են  մարդկանց ու արևի վերադարձին... նրանք դեռ հավատում են, որ ճամպրուկների ու նամակների տերերը մի օր գալու են...
Եթե մի օր որոշեք այցելել այս քաղաք, կարդացեք ցուցանակը ներս մտնելիս ու. « Մի՛ մոռացեք ձեր ճամպրուկներն ու նամակները ճանապարհի կեսին... Նրանք այստեղ տառապում են »...


©Ռի-Մա


Վախենում եմ...


Երբ ստանում ես կյանքի հերթական դաղող ապտակը դեմքիդ, երբ հասկանում ես, որ չափազանց հեռուն ես գնացել ետևում մնացածների հետ պայքարելու համար, և որ նրանք կարծում են, թե վախից ես փախել, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես ապրել սովորիր, սա է կյանքը... Ես արդեն սկսել եմ...
Երբ երազներդ ձուլվում են նպատակներիդ ու անէանում ապագայի՝ արտասուքից ժանգոտած տանիքներին, որոնք էլ երբեք կարմիր չեն լինելու, որոնք էլ երբեք քոնը չեն լինելու, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես տանիքներ ներկել սովորիր... Ես արդեն սկսել եմ...
Երբ կտավդ չի ստացվել, իսկ քեզ միայն ցամաքած ներկապնակն է մնացել, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես սովորեցրու հոգուդ նկարել... Նրան դրա համար ներկապնակներ ու վրձիններ պետք չեն... Ես արդեն սկսել եմ...
Երբ ատելությունը քեզ խեղդում է սեփական տանդ մեջ, իսկ դու անգամ արտասվել չես կարող, քանի որ արդեն այնքան ես արտասվել, որ քեզ կարող են չհավատալ, դա այդքան էլ սարսափելի չէ...Պարզապես սովորիր դուռդ փակ պահել ատելության առաջ, թե կարող ես... Ինձ մոտ դա դեռ չի ստացվում...
Երբ թվում է, թե ուշացել ես դեպի խաղաղություն ուղևորվող գնացքից, երբ թվում է, թե կիսախելագար սիրտդ էլ երբեք հանգիստ չի գտնելու ու այդ ուշացման պատճառով պատժված՝ ամեն գիշեր երազումդ դեգերելու է քո գոյության սահմանագծին ու անքուն բու դարձած՝ ոչ ապրելու է, ոչ  մեռնելու, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես համոզիր ինքդ քեզ, որ երազում բու տեսնելը լավ նշան է...Ես արդեն հավատում եմ դրան...
Երբ աչքիդ առաջ րոպեները, հատ առ հատ, դառնում են բթացած ծայրով նետեր ու մի քանի անգամ կրակված փամփուշտներ՝ սպասումներիդ գունավոր սավանը վերածելով խոշոր անցքերով ցանցի, որ կարկատել անհնար է, դա այնքան էլ սարսափելի չէ...Պարզապես սովորիր հույսիդ թիթեռնիկներին ունեցածդ ցանցով բռնել...  Ես արդեն երկուսին բռնել եմ...
Երբ որոշում ես կրակով ներծծված չարության սպունգը մերկ ձեռքերով բռնել ու քամել, և հպման հաջորդ իսկ վայրկյանին հասկանում ես, որ ձեռքերդ փոշիանալու աստիճան այրվում են, բայց դու չես կարող ոչինչ անել, քանի որ դա է չարից ազատվելու միակ ուղին, իսկ ձեռքերդ թույլ են, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես կոփիր մաշկդ... թեկուզ կրակով, թեկուզ մոխիրների վերածվելով, թեկուզ մեռնելով, բայց կոփի՛ր... Կյանքը մեղմամաշկներին ատում է, հոգիս... Ես արդեն այրել եմ մատներս....
Երբ գոռում ես, իսկ խուլ ու թափանցիկ արհամարհանքի պատերը ճզմում են ճիչերդ շուրթերիդ ճաքերում, երբ գոռոցիդ պատասխանը դատարկություն արտաշնչող հայացքն է միայն, դա այնքան էլ սարսափելի չէ... Պատերին շուրթերի շարժումները կարդալ սովորեցրու... Այսօր առաջին դասս է...
Սարսափելի չէ, երբ ընկնում ես, երբ դատարկվում ես, երբ ապագադ չի երևում ու չգիտես՝ գալու է, թե ոչ... Սարսափելի չէ, երբ մերժված ես, երբ տերը չես այն ամենի, ինչ կարծում էիր, թե միշտ էլ քոնն է եղել... Երբ քո փոխարեն անգամ մեռնելուդ օրն են որոշում նրանք, ովքեր երդվում էին, թե սիրում են քեզ... դա այնքան հեռու անցյալում էր... Այնքան հեռու...
Սարսափելին այն  է, երբ հասկանում ես, որ ատելության գորշ մաղձը եռում է նրանց երակներում, ում այդքան սիրում էիր... դա այնքան հեռու անցյալում էր... Սարսփելին այն է, որ քո փոխարեն արդեն որոշել են, որ համր ես ու որ դա քեզ հայտնում են... կատակով... Սարսափելին այն է, որ վախենում ես ինքդ քեզնից... Այն մարդուց, ում նրանք են կերտել քո փոխարեն... Իսկ դու այդպիսին չէիր... Չէիր ուզում լինել... Չէիր լինելու...
Սարսափելի չէ երբ մահացու հոգնում ես ճանապարհիդ կեսին... Միշտ էլ կարող ես ճամփադ շարունակել մի փոքր դանդաղելով... Սարսափելին այն է, որ չգիտես ինչ է լինելու հաջորդ կեսով անցնելիս... Գուշակել չգիտես... Ես էլ չգիտեմ... Վախենում եմ...


Լքվածը




«Անարգանք» ճահիճ-փոսում
Արհամարհված մի հոգի կար,
Որ չէր շնչում, չէր խոսում,
Որի կյանքն էր անկատար...

Նա իր տկար թիկունքին
Մեղքն էր կրում ուրիշի,
Մահը գամված էր քունքին,
Ներսում ցավն էր վերհուշի...

Իրենը չէր բեռը այդ,
Նա չէր տերը այդ ցավի,
Ու՞ր էր նեռը այն անհայտ՝
Հեղինակն այս կտավի...

Օգնող ձեռքեր չկային,
Ցավը կիսող չուներ նա,
Մարդը չարք էր դիվային.
-Նա այստեղ պիտի մնա...

Իմ առաջ էր այս հոգին՝
Ձեռքիս տակ էր՝ իմ կողքին.
Նրան փրկել էի ուզում,
Բայց մեխված էի կապանքին...

Օղակել էին ձեռքերս,
Կամքիս առաջ պատ շինել,
Թարմացնում էին վերքերս
Ու արգելում մարդ լինել...

-Ես կողքիդ եմ, ես քեզ հետ եմ...
-Նրան օգնել չես կարող...
-Ես քեզ փրկող արահետ եմ...
-Նրան լքի՛ր՝ մեռնի թող...

Իսկ նա այնտեղ էր, մենակ՝
Տկար հոգի՝ մարմնով թույլ,
Նրա ցավն էր անհատակ
Կյանքի մաղձով ժանգոտ դույլ...

Նա էլ չէր սպասում կյանքից
Փրկության մի թույլ ակնարկ.
Սիրտն էր միայն բողոքում,
Երբ տալիս էր նոր մի զարկ...


©Ռի-Մա 
(Գրված է Մարիամ Վարդանյանի պատմած իրական պատմության հիման վրա)

Գարուն գողանալիս


Մոտ է դուռը փախուստի,
Կարճ է ճամփան դեպ գարուն,
Նոր զարթոնքն է մեզ կանչում,
Լույսն է պարում գալարուն...

Մի պտղունց սեր գողացած,
Մի բուռ արև շնչիս մեջ,
Ես ձմեռն իմ մոռացած՝
Կուզեմ լինել գարնան շեղջ...

Արի այսօր շշուկով
Հավատ փռենք քաղաքում,
Արի գնանք հեռուներ՝
Գարուն բերենք թափ-թաքուն...

Թող չոր ճյուղեր կանաչեն,
Պիրկ բողբոջներ պայթեն թող,
Թող ստվերները լույս կանչեն
Ու մարմիններ գտնեն թող...

Թող սառույցներ չքանան,
Սառած սրտեր հալվեն թող,
Թող ծեր ծառեր մանկանան
Ու նոր շիվեր ծլեն թող...

Արի այսօր շշուկով
Հոգի բացենք՝ գարուն գա,
Արի այսօր հավատանք
Մենք բողբոջին ապագա...

©Ռի-Մա