Որովհետև


որովհետև հոգնում ես
անընդմեջ տրորվելով նրանցից, ովքեր
անգամ քայլելու իրավունք չունեն,

որովհետև չարանում ես
անընդմեջ նվիրած լույսի դիմաց
որքան հնարավոր է շուտ
մեռնելու հերթական մաղթանքը ստանալով,

որովհետև փակվում ես
կողպվում ես ինքդ քո մեջ,
երբ բարությունն անում են ստիպողաբար
իսկ չարությունը, աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի,

որովհետև խաչում ես ձեռքերդ,
երբ դրանց չափազանց շատ են հարվածում,
որովհետև մրմռում է,
երբ դաղում են...

որովհետև դժվար է
եղունգիցդ փոքրի ոտքի տակ լինելով
մտածել նրան
սիրելու մասին...

իսկ ես երևի դեռ չեմ բուժվել,
եթե դեռ փորձում եմ...


Լուսաբաց


մատներս սպիտակ են
սպիտակ ինչպես գիշերը
լուսանալիս

տերևների բույրը դեղին է
դեղին ինչպես գարունը
աշնան շուրթի տակ

թերթերը կարմիր են
կարմիր ինչպես աղավնիները
արտասվելիս

հոնքերը վարդագույն են
վարդագույն ինչպես համբույրը
պոկված վարդի թերթիկից

իսկ մատներն այսօր
ծանոթ շուրթեր ու հոնքեր են ներկում
գարնան ստվերում արտասվող
աղավնիների մասին
լուսանում է...


.

Վաղուց էր


վաղուց վաղուց էր.
մայրամուտը ճանկռոտեց աշխարհի բոլոր պատուհանները՝
հուսալով դրանցից մեկի մեջ գտնել աչքերդ,
իսկ դու հայացքդ կողպեցիր
աշնանագույն զարդատուփում
ու սեղմեցիր անցյալդ ատամերիդ տակ...

վաղուց վաղուց էր.
գնացքները գծեցին արևի հետագիծը,
ու թռչունները նկարված մնացին
տրորված թղթերին
ու չթռան
չթռան...

մինչ ես դարձա ճամփաս շփոթած մի մեղու
արքայազնը համաձայնեց էլի գորտ դառնալ
ու բռնվել արագիլի կտուցներում
հանուն գեթ մեկ անգամ նրա հետ թռչելու

վաղուց վաղուց էր
դեմքդ նկարվում էր ափիս
ու չէր ջնջվում ձեռքերս լվանալիս...

զարդատուփը մոռացել է բացվել,
հայացքդ բանտարկյալ է,
մեղուները գորտերին
սիրում են...