Նկար ես միայն........



Ես քեզ սիրում եմ,
Իսկ դու չես տեսնում,
Ես քեզ հարցնում եմ,
Իսկ դու չես խոսում...
Ես քեզ սպասում եմ,
Դու չես երևում
Եվ կարոտում եմ,
Իսկ դու չես հիշում:

Ինչ պիտի անեմ,
Որ ինձ հետ խոսես,
Ու՞ր քեզ պիտ տանեմ,
Որ գեթ ծիծաղես...
Բայց չես ծիծաղի,
Ես դա լավ գիտեմ,
Սուտն ես ծիծաղի,
Ժպտա գեթ, դժխե՛մ...


Բայց ո՛չ, հարկավոր չէ,
Հանկարծ չժպտաս,
Ես գուցե կորչեմ,
Բայց դու չժպաս...
Միևնույնն է, սուտ են
Ժպիտները քո,
Դրանք կկորչեն
Հանց խաբկանք անգո:

Այդ քո ժպիտից
Կթունավորվեմ,
Այն էլ իմ սրտից
Չի ջնջվի......կայրվեմ...
Իսկ դու կցնդես,
Մեկ է` չժպտաս,
Չեմ տեսնի էլ ես
Կեղծիքդ վրաս...

Քանզի նկար ես,
Իսկ դա չի սիրում,
Անշունչ ես դու, տե՛ս,
Բայց, ավաղ, այսպես,
Ես նորից, կրկին սիրում եմ միշտ քեզ...                
02/09

©Ռի-Մա

Սիրուն էր նա...


Մի ճերմա՜կ-ճերմակ
Երազից էր նա,
Մի ծափ-թափանցիկ
Լուսաշող հեռվից...
Ցողառատ գարուն էր
Հայացքը նրա,
Եվ սիրուն էր նա...
Հանցավոր սիրուն...

Մի կարմի՜ր-կարմիր
Հեքիաթ ուներ նա,
Ամպերով լցված
Իր մանուկ գլխում
Ու որոշել էր
Մի գարուն մի օր
Անդարձ նվիրել
Անցավոր սիրուն...

Ու կանա՜չ-կանաչ
Ճամփով քայլելիս
Տեսավ նա մի օր
Այլ մի երազի,
Ու բա՜ց-վարդագույն
Գարունները իր
Անդարձ նվիրեց
Խայծավոր սիրուն...

Ու բա՜ց-վարդագույն
Գարուններ կորցրած,
Նա ձմեռ սիրեց՝
Հուսահատ, մոլոր...
Նա միամիտ էր,
Մանու՜կ էր, խե՜նթ էր...
Ու ծափ-թափանցիկ
Միայնության մեջ
Դեռ սիրուն էր նա՝
Հանցավոր սիրուն...

27.01.12
©Ռի-Մա


Խոստում


Վաղը խոստանում եմ քեզ նորից սիրել.
Բայց այսօր դրա համար ուժերս սպառվել են,
Վաղը կլինեմ նույնը, ինչ երեկ,
Բայց այսօր մեզ կապող թելերը վառվել են...

Վաղը խոստանում եմ՝ կտեսնես էլի
Այն սիրող հայացքը, որ սնում էր քեզ,
Բայց այսօր, ների՛ր, ծուռ է հայելին,
Հայացքս էլ ծուռ է ճիշտ այդ հայելու պես...

Վաղը երդվում եմ՝ ես կգամ քեզ մոտ
Նույն իմ թարմությամբ արթնացող գարնան,
Բայց այսօր քաղածս վարդերը չունեն հոտ,
Դու թու՛յլ տուր նրանք այսօր ծերանան...

Վաղը, հավատա՛, կլինեմ ես նույնը,
Կլինեմ ուժեղ, ճիշտ ինչպես երեկ,
Բայց հասկացի՛ր ինձ, ես թուլության գույնը
Եվս ուզում եմ ճանաչել մեկ-մեկ..

Վաղը կլինեմ, կգամ, խոստանում եմ,
Միայն թե այսօր թու՛յլ տուր՝ ես գնամ,
Իմ բոլոր սխալները ես ինձ հետ տանում եմ,
Գուցե և ճամփիս մեկին նվեր տամ....

Վաղը, խոստանում եմ, կլինեմ ես քոնը՝
Մի խելառ ալիք գիժ քո ծովերի,
Բայց  պիտի խախտեմ այսօր քո կանոնը.
Թող միայն այսօր ծովդ ինձ ների...

27.01.12
©Ռի-Մա

Ես ու Դու







Ես ու Դու



Այս աշխարհում եղել ենք, կանք
Եվ գուցե միշտ ենք լինելու
Սիրով այրվող երկու կրակ,
Երկու հոգի` մեկ ես, մեկ դու:

Գուցե այսօր մեկը մեզնից
Էլ չի ապրում սերը սրտում,
Գուցե ես քեզ, կամ էլ` դու ինձ,
Էլ չենք սիրում ոչ ես, ոչ դու:

Բայց, սիրելի՛ս, չեմ հավատում,
Որ կարող է հեքիաթը իմ
Զոհ դառնալ ակնթարթին,
Ուր չենք սիրում կամ ես, կամ դու:

Գիտեմ, որ կյանքն արյունարբու
Քեզ սխալեցրել է շատ անգամ,
Եվ սխալվել ենք, սխալվել այնքա՜ն,
Եվ ներել ենք մերթ ես, մերթ դու:

Բայց էլ այս ծով ու մութ վշտում
Մենք չենք ապրի սրտով տրտում,
Կմիանանք առավոտում
Ու կլինենք մեկ` ԵՍ ՈՒ ԴՈՒ.........

01/09

Ես քեզ սիրում եմ... (նորությու՞ն է, ի՞նչ է)...


Ես քեզ սիրում եմ ինչպես արևն է
Ատում  երկնքից թափվող փաթիլին,
Ինչպես  լազուրն է աչքերդ շոյում,
Ու  ինչպես շաղն է պարզ ու թափանցիկ
Մեռնում  կապտաթույր խուլ երեկոյում....

Ես  քեզ սիրում եմ ամենից  անկախ,
Երբ  աշունն է լաց ու աշխարհն է խաղ,
Անգամ  քաոսն է իմ միապաղաղ

Պարում  հովի հետ գիշերում խաղաղ...


Ու  ինչպես լուսին կփայլեմ կողքիդ
Անգամ  երբ շողերս ցուրտը գողանա,
Ու  երբ նոր բացված լուսաբացս վառ
Անդարձ  ու անհետ հեռացող դառնա...

Ես  քեզ սիրում եմ՝ աշխարհի փոշին
Զուր  է աշխատում աչքերս փակել,
Իմ  սրտում ես դու՝  մութ լինի թե լույս,
Չեն  կարող հոգուն իմ ծաղրուծանակել...

Ջինջ  է աշխարհը հանց լույսի կաթիլ,
Անմեղ  է, բարի նորածնի նման,
Լոկ  նրա համար որ սիրում եմ քեզ
Լոկ  նրա համար որ մութում անտես
Ես  դեռ տեսնում եմ լույս իմ ապագան....


Ընտրությունը քոնն է, ընտրողը ես եմ...


Հաղթանակ, թե պարտություն
Պիտ անվանեմ ես այն խաղը,
Երբ և գտնում, և կորցնում ես
Ու չգիտես՝ ճիշտը որն է...

Սուտ, թե դառը ճշմարտություն
Պիտ նախընտրեմ, երբ աշխարհը
Արդեն ընտրել, խաբել է ինձ
Ու բացատրել՝ վիշտը որն է...

Վայրկյան, թե մեծ հավերժություն
Կդառնա հիմա այս դարը,
Որից տարին գողացել են,
Ժամը սպանել, րոպեն կորցրել
Ու չեն ասել «միշտ»-ը որն է...

Նահանջ, թե նոր ապստամբություն
Ծնվեց, երբ երկնեց խավարը,
Որ պիտ սպաներ կամ համբարձեր
Ու չհարցներ մահը որն է...

Կապանք է, թե ազատություն
Ձեռքս սեղմող քո ձեռքը տաք,
Դատավճիռ, թե քաղցր թույն
Եռացող այս երկնքի տակ...

Զարթոնք, թե կեղծ մի հարություն
Մենությանը կոչեմ հիմա,
Երբ դրանից վախենում եմ,
Բայց չգիտեմ ահը որն է...

Եվ մեռնող անվերջություն
Կոչիր ասքիս այս արարը
Այն հենց այստեղ պիտ ավարտվի,
Չգիտեմ լոկ պահը որն է...

Թե ուզում ես, խելագարվիր,
Թե ուզում ես հարբիր ցավից,
Ոչնչության զարկով հարվիր
Կամ մարդ կերտիր անշունչ կավից,

Թե ուզում ես անհետացիր,
Թե ուզում ես ծնվիր նորից,
Թե ուզում ես ծնկի արի
Արհամարված դու բոլորից,

Թե ուզում ես կյանքից փախիր,
Թե ուզում ես դարձիր ինձ կյանք,
Բայց նախքան դա պատմիր մի քիչ,
Որ հասկանամ կյանքը որն է...


Ես մարդ եմ (մա՞րդ արդյոք)...



Թո՛ւյլ տվեք այսօր ինձ կնքել նորից,
Բաց այս անգամ տալ ինձ իմ անունը ճիշտ,
Թո՛ւյլ տվեք այսօր նայել ինքս ինձ
Ոչ այն հայելու մեջ, որ նայել եմ միշտ...

Թույլ տվեք ասել, որ սխալմունք եմ ես,
Որ ճշմարտությանը նայել  չգիտի,
Ասել, որ հեռու եմ այստեղ այսպիսին
Նրանից , ում պատկերը լինեի պիտի...

Այդ ես եմ, որ գիտեմ նմանիս սպանել,
Ես եմ, որ գիտեմ դուրս քամել արցունք,
Ես եմ, որ գիտեմ կյանքս այպանել,
Մարդկանց ոտնելով՝ նվաճել բարձունք...

Մի՛ դրվատեք ինձ, այլ նայե՛ք, սա ես եմ՝
Ձեր գովեստներից փքված մի ոչինչ.
Մարդ ձևանալը ինձ համար հին ծես է.
Դուք չեք իմ փրկիչը. ես եմ ինձ դահիճ...

Ես եմ ինքնակամ խաբեբա դարձել,
Ես եմ ձեզ ստել, ձևացրել, կեղծել,
Ես եմ չարքերին գործընկեր վարձել,
Ես եմ ինքս ինձ կատարյալ կարծել...

Այո՛, կատարյալ եմ, կատարյա՜լ անշուշտ,
Նորին մեծություն հպարտ մի ոչինչ.
Կեղծիքի ծարավ մի սև անցք անկուշտ
Ու աղբակույտում չորացած մի ճիչ...

Ես եմ, որ գիտեմ ստորանալ, ընկնել,
Գլուխ տալ՝ տեղս պնդելու համար,
Ես եմ, որ գիտեմ հնազանդ ծնկել
Ում առաջ ասե՜ս... Տե՜ղ լինի հարմար...

Ես եմ, որ գիտեմ խիղճս վաճառել,
Ես եմ, որ վաղուց վաճառել եմ այն,
Ինձ համար մեկ են հասկն էլ, հաճարն էլ,
Ես փողի համն եմ տարբերում միայն...

Չե՞ք հասկանում, ի՞նչ է, ասում եմ՝ այդ ես եմ,
Որ օգնելու տեղ ձևանում եմ կույր.
Քանի մարդը ողջ է՝ ինձ համար անտես է,
Թե մեռավ, դառնում եմ կեղծ մի խնկաբույր...

Ես եմ մեծագույն դավաճանը իմ,
Ես եմ իմ ձեռքով իմ հոգուն մորթել,
Ես եմ խոնարհվել անզորության դեմ
Ու մարդ լինելս թողել, որ շորթեն...

Ես եմ ինձ կորցրել ու դեռ չեմ գտնում,
Ես եմ խավարում՝ անդունդի եզրին,
Ես եմ իմ ներսում ճիշտ մարդուն խեղդել
Եվ այլ մարդկանց մեջ հուսահատ փնտրում...

Մինչ ինձնից լավի արարման երկունք,
Թու՛յլ տվեք այսօր ինձ կոչել սխալմունք...


Ինչու՞ ես ստում



Ինչու՞ ես ասում` ապրել չես կարող,
Երբ դրա համար լոկ շնչել է պետք,
Հայտարարում ես` հրդեհ ես այրող,
Երբ ծովը հոգուդ չունի հրի հետք,

Ինչո՞ւ ես պնդում, թե դուռ ես բացվող,
Երբ մի ճամփա ես` խավար, գորշ ու թեք,
Ինչո՞ւ ես ասում` դու էլ ես խոցվող,
Երբ հոգուդ վրա չկա ոչ մի վերք:

Ինչո՞ւ ես խաբում, թե գիտես թռչել,
Երբ իրականում թև անգամ չունես,
Երբ իրականում գիտես լոկ փախչել,
Եվ անէանալ խաբկանքում անտես:

Եվ էլ ինչո՞ւ ես համոզել փորձում
Թե միայն դու ես սիրտը իմ գոցում,
Թե սերը քո լույս է վառ այգաբացի,
Ոչ թե խավարը գիշերվա ծոցում` ,

Թե դու փարոսն ես իմ մոլոր սրտի,
Ոչ թե ինձ շեղող զարտուղի ճամփա,
Թե դու ծաղիկն ես իմ գարանան արտի,
Ոչ թե մոլախոտ, քար մի առափնյա... 

Թե գնալը խենթություն է,
Ոչ թե հոգու հարություն,
Թե մեռնելը փրկություն է,
Ոչ թե` ինքնասպանություն...

21/12/09

Ռի-Մա

Ուզում եմ...





Ուզում եմ ապրել
Աշխարհից հեռու
Գույներով լցված
Ծաղիկ-տնակում...
Ճոճանակ կախել
Լուսնի այտերից
Ու ամբողջ գիշեր
Ճոճվել ու ճոճվել...

Ուզում եմ ապրել
Ամպերից պոկված,
Փետուրներ փչող
Քամու թևերին...
Այգս նվիրել
Գույներ-թելերին
Ու ծիածանին
Գույնի պես դաջվել...

Ուզում եմ շնչել
Օդի տեղ բարիք,
Լույսին բազմալիք
Ուզում եմ ննջել,
Ապրել եմ ուզում
Հույսի ամրոցում,
Որ հույսի լանջին
Արտի պես լանջվեմ...

Ուզում եմ ցնդել
Ցողերում այգի,
Նոր թարմությունով
Հին հոգիս լցնել,
Ուզում եմ մարդիկ
Ինձ էլ չհիշեն,
Որ նրանց կողմից
Ետ էլ չկանչվեմ...

Ուզում եմ թաղվել
Գույների ծոցում
Ու վերածնվել
Հավատի բոցում...

Եվ լուսնից կախված
Իմ ճոճանակով
Օրերից մի օր
Ճոճանակվելիս
Ուզում եմ գտնել
Ես մի սիրող սիրտ,
Որի նվիրած
Բոլոր օրերից
Եվ ոչ մի օրում
Այսպես չտանջվեմ...