Մի գնա

խնդրեցի՝ նստես կողքիս,
որ նայեմ մատներիդ ու աշխարհից չվախենամ,
ինձ նվիրեցիր ձեռքերդ,

խնդրեցի՝ նստես կողքիս,
որ համոզվեմ աչքերիդ կանաչության մեջ.
աչքերիդ մեջ տուն գտա,

խնդրեցի՝ նստես կողքիս,
որ կյանքին նայեմ ուսերիդ վրայով
ու կյանք դարձան թևերդ 

անվերադարձ...


Irrevocabilis

թանձրանում է կյանքը իմ սենյակում,
ու ես սկսում եմ պատուհանագոգիս նստող աղավնիներին հաշվել.
նրանք ցավեցնել չգիտեն...

ամեն ինչ դառնում է պատուհան.
դռները, պատերը, մարդիկ.
ու սարսափում եմ նրանց միջով նայելիս,
ու չեմ ճանաչում աշխարհն այդպիսին...

ես չեմ մոռանում,
ու չեմ հեռանում առանց հրաժեշտի.
պարզապես կան շիվեր,
որոնք կոտրվել գիտեն
ու էլ չեն ծաղկում...