Ես մարդ եմ (մա՞րդ արդյոք)...



Թո՛ւյլ տվեք այսօր ինձ կնքել նորից,
Բաց այս անգամ տալ ինձ իմ անունը ճիշտ,
Թո՛ւյլ տվեք այսօր նայել ինքս ինձ
Ոչ այն հայելու մեջ, որ նայել եմ միշտ...

Թույլ տվեք ասել, որ սխալմունք եմ ես,
Որ ճշմարտությանը նայել  չգիտի,
Ասել, որ հեռու եմ այստեղ այսպիսին
Նրանից , ում պատկերը լինեի պիտի...

Այդ ես եմ, որ գիտեմ նմանիս սպանել,
Ես եմ, որ գիտեմ դուրս քամել արցունք,
Ես եմ, որ գիտեմ կյանքս այպանել,
Մարդկանց ոտնելով՝ նվաճել բարձունք...

Մի՛ դրվատեք ինձ, այլ նայե՛ք, սա ես եմ՝
Ձեր գովեստներից փքված մի ոչինչ.
Մարդ ձևանալը ինձ համար հին ծես է.
Դուք չեք իմ փրկիչը. ես եմ ինձ դահիճ...

Ես եմ ինքնակամ խաբեբա դարձել,
Ես եմ ձեզ ստել, ձևացրել, կեղծել,
Ես եմ չարքերին գործընկեր վարձել,
Ես եմ ինքս ինձ կատարյալ կարծել...

Այո՛, կատարյալ եմ, կատարյա՜լ անշուշտ,
Նորին մեծություն հպարտ մի ոչինչ.
Կեղծիքի ծարավ մի սև անցք անկուշտ
Ու աղբակույտում չորացած մի ճիչ...

Ես եմ, որ գիտեմ ստորանալ, ընկնել,
Գլուխ տալ՝ տեղս պնդելու համար,
Ես եմ, որ գիտեմ հնազանդ ծնկել
Ում առաջ ասե՜ս... Տե՜ղ լինի հարմար...

Ես եմ, որ գիտեմ խիղճս վաճառել,
Ես եմ, որ վաղուց վաճառել եմ այն,
Ինձ համար մեկ են հասկն էլ, հաճարն էլ,
Ես փողի համն եմ տարբերում միայն...

Չե՞ք հասկանում, ի՞նչ է, ասում եմ՝ այդ ես եմ,
Որ օգնելու տեղ ձևանում եմ կույր.
Քանի մարդը ողջ է՝ ինձ համար անտես է,
Թե մեռավ, դառնում եմ կեղծ մի խնկաբույր...

Ես եմ մեծագույն դավաճանը իմ,
Ես եմ իմ ձեռքով իմ հոգուն մորթել,
Ես եմ խոնարհվել անզորության դեմ
Ու մարդ լինելս թողել, որ շորթեն...

Ես եմ ինձ կորցրել ու դեռ չեմ գտնում,
Ես եմ խավարում՝ անդունդի եզրին,
Ես եմ իմ ներսում ճիշտ մարդուն խեղդել
Եվ այլ մարդկանց մեջ հուսահատ փնտրում...

Մինչ ինձնից լավի արարման երկունք,
Թու՛յլ տվեք այսօր ինձ կոչել սխալմունք...


No comments:

Post a Comment