Վախենում եմ...


Երբ ստանում ես կյանքի հերթական դաղող ապտակը դեմքիդ, երբ հասկանում ես, որ չափազանց հեռուն ես գնացել ետևում մնացածների հետ պայքարելու համար, և որ նրանք կարծում են, թե վախից ես փախել, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես ապրել սովորիր, սա է կյանքը... Ես արդեն սկսել եմ...
Երբ երազներդ ձուլվում են նպատակներիդ ու անէանում ապագայի՝ արտասուքից ժանգոտած տանիքներին, որոնք էլ երբեք կարմիր չեն լինելու, որոնք էլ երբեք քոնը չեն լինելու, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես տանիքներ ներկել սովորիր... Ես արդեն սկսել եմ...
Երբ կտավդ չի ստացվել, իսկ քեզ միայն ցամաքած ներկապնակն է մնացել, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես սովորեցրու հոգուդ նկարել... Նրան դրա համար ներկապնակներ ու վրձիններ պետք չեն... Ես արդեն սկսել եմ...
Երբ ատելությունը քեզ խեղդում է սեփական տանդ մեջ, իսկ դու անգամ արտասվել չես կարող, քանի որ արդեն այնքան ես արտասվել, որ քեզ կարող են չհավատալ, դա այդքան էլ սարսափելի չէ...Պարզապես սովորիր դուռդ փակ պահել ատելության առաջ, թե կարող ես... Ինձ մոտ դա դեռ չի ստացվում...
Երբ թվում է, թե ուշացել ես դեպի խաղաղություն ուղևորվող գնացքից, երբ թվում է, թե կիսախելագար սիրտդ էլ երբեք հանգիստ չի գտնելու ու այդ ուշացման պատճառով պատժված՝ ամեն գիշեր երազումդ դեգերելու է քո գոյության սահմանագծին ու անքուն բու դարձած՝ ոչ ապրելու է, ոչ  մեռնելու, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես համոզիր ինքդ քեզ, որ երազում բու տեսնելը լավ նշան է...Ես արդեն հավատում եմ դրան...
Երբ աչքիդ առաջ րոպեները, հատ առ հատ, դառնում են բթացած ծայրով նետեր ու մի քանի անգամ կրակված փամփուշտներ՝ սպասումներիդ գունավոր սավանը վերածելով խոշոր անցքերով ցանցի, որ կարկատել անհնար է, դա այնքան էլ սարսափելի չէ...Պարզապես սովորիր հույսիդ թիթեռնիկներին ունեցածդ ցանցով բռնել...  Ես արդեն երկուսին բռնել եմ...
Երբ որոշում ես կրակով ներծծված չարության սպունգը մերկ ձեռքերով բռնել ու քամել, և հպման հաջորդ իսկ վայրկյանին հասկանում ես, որ ձեռքերդ փոշիանալու աստիճան այրվում են, բայց դու չես կարող ոչինչ անել, քանի որ դա է չարից ազատվելու միակ ուղին, իսկ ձեռքերդ թույլ են, դա այնքան էլ սարսափելի չէ... Պարզապես կոփիր մաշկդ... թեկուզ կրակով, թեկուզ մոխիրների վերածվելով, թեկուզ մեռնելով, բայց կոփի՛ր... Կյանքը մեղմամաշկներին ատում է, հոգիս... Ես արդեն այրել եմ մատներս....
Երբ գոռում ես, իսկ խուլ ու թափանցիկ արհամարհանքի պատերը ճզմում են ճիչերդ շուրթերիդ ճաքերում, երբ գոռոցիդ պատասխանը դատարկություն արտաշնչող հայացքն է միայն, դա այնքան էլ սարսափելի չէ... Պատերին շուրթերի շարժումները կարդալ սովորեցրու... Այսօր առաջին դասս է...
Սարսափելի չէ, երբ ընկնում ես, երբ դատարկվում ես, երբ ապագադ չի երևում ու չգիտես՝ գալու է, թե ոչ... Սարսափելի չէ, երբ մերժված ես, երբ տերը չես այն ամենի, ինչ կարծում էիր, թե միշտ էլ քոնն է եղել... Երբ քո փոխարեն անգամ մեռնելուդ օրն են որոշում նրանք, ովքեր երդվում էին, թե սիրում են քեզ... դա այնքան հեռու անցյալում էր... Այնքան հեռու...
Սարսափելին այն  է, երբ հասկանում ես, որ ատելության գորշ մաղձը եռում է նրանց երակներում, ում այդքան սիրում էիր... դա այնքան հեռու անցյալում էր... Սարսփելին այն է, որ քո փոխարեն արդեն որոշել են, որ համր ես ու որ դա քեզ հայտնում են... կատակով... Սարսափելին այն է, որ վախենում ես ինքդ քեզնից... Այն մարդուց, ում նրանք են կերտել քո փոխարեն... Իսկ դու այդպիսին չէիր... Չէիր ուզում լինել... Չէիր լինելու...
Սարսափելի չէ երբ մահացու հոգնում ես ճանապարհիդ կեսին... Միշտ էլ կարող ես ճամփադ շարունակել մի փոքր դանդաղելով... Սարսափելին այն է, որ չգիտես ինչ է լինելու հաջորդ կեսով անցնելիս... Գուշակել չգիտես... Ես էլ չգիտեմ... Վախենում եմ...


No comments:

Post a Comment