Երբ հայացքը լռում է


Իմ աչքերի մեջ
հրեշտակ է խեղդվում՝
ինչպես թիթեռը
սև ավազներում...
տարբերությունը լոկ այն է,
որ հրեշտակները սպիտակ են,
իսկ աչքերս դարչնագույն...

Իմ աչքերի մեջ
քո չծնված մեղքերն են մեռնում.
ես գուշակ չեմ՝
դու ես կանխատեսելի,
դու ես մարդ...

Իմ աչքերի մեջ
քո անցած ու չանցած
ճամփաներն են պատռվում.
դադարի ժամանակն է՝
աչքերս հոգնել են ճամփա թարթելուց...

իմ աչքերի մեջ
քարե տանիքից ճոճվում է,
պայթում է այն միակ լամպը՝
այն միակ լույսը քո թողած.
հաջորդ գիշեր մութ է լինելու...

Իմ աչքերի մեջ
քո դերերն են հավասարվում,
շարվում կողք-կողքի
ու փորձում գտնել քեզ,
իսկ դու դեռ այնտեղ
հրեշտակ ես ներկում...

Իմ աչքերի մեջ
սավանները կարմիր են,
ավազները՝ կանաչ,
իսկ դու՝ թափանցիկ,
իսկ դու փախչում ես,
հոսում ես, այրում.
կոպերս արտասվել գիտեն.
մատնություն.
սատանան թիթեռ է ծնել...

Martin Jonsson, The Topology of emptiness oil on canvas 41x33cm

Հուդան


դու ծնվել ես սաղմից Հուդայի,
դու գիտես երեսներ համբուրել,
դու քո մորն էլ պատով կտայիր,
եթե պատն այդ օգուտ քեզ բերեր:

քո ժանիքը խեժից էլ կպչուն է,
քո աչքերը երբեք չեն սառում,
դու սիրում ես թղթե թռչուններ,
որ փայտից էլ արագ են վառվում...

դու ծնվել ես սաղմից Հուդայի,
չի դառնա քո հոգոցը հառաչ.
դու գիտես խոնարհվել բագինին,
որ քանդվեց ծնվելուցդ առաջ...

Կտավի հեղինակ՝ Դավիդ Բոյդ

Ռի-Ման Ռադիո Մաոյում





Հատուկ բոլոր նրանց համար, ովքեր չեն լսել Ռադիո Մաոյի «Լսարանում» հաղորդումը, որին հյուրընկալվել էր Ռի-Ման:   :)