Խոստովանություն հայելուս...



Դու սխալական ես, դու մարդ ես, դու դու ես...

Դու բողոքում ես դատարկությունից, բայց չէ՞ որ այդ նույն դատարկությունն է մի օր լցվում ու դառնում այլ մի բանի սկիզբը... (Դու դեռ վախենում ես, որ այդ «մի օր»-ը կարող է չափազանց ուշանալ...):

Դու բողոքում ես խավարից, բայց չէ՞ որ հենց դու ես թույլ տվել, որ լույսերը հանգցնեն...(Իսկ այժմ էլ չես թողնում, որ դրանք կրկին վառվեն, քանի որ վախենում ես կուրանալուց...):

Դու բողոքում ես կյանքիդ միօրինակությունից, որ անտրտունջ անիվի պես քեզ կուլ է տալիս իր պտույտներում, բայց չէ՞ որ այդ դու ես, որ հրաժարվում ես գեթ մեկ կիաակնթարթ կանգ առնել... (Դու կրկին վախենում ես ժամանակի այդ չնչին փշրանքում մի բան կորցնելուց...Իսկ գուցե հենց այդ անդուլությո՞ւնդ է գողանում կյանքդ քեզնից...):

Դու բողոքում ես անորոշությունից, բայց չէ՞ որ այդ դու էիր, որ մշուշով ծրարեցիր ապագադ ու որոշեցիր հանդգնորեն չհավատալ... ( Իսկ հիմա արդեն ուշ է մեռյալին հարություն տալու համար. դու աստված չես, չնայած շատ կուզեիր այդպիսին լինել...):

Դու բողոքում ես մենակությունից, բայց մի՞թե դրանում միայն մարդիկ են մեղավոր... Մի՞թե քո մեղքի մասնաբաժինը մենությանդ գրպանների ծակոտկենում թաքնված չէ...Մի՞թե ինքդ ժամանակին լքելիս չես արտասվել...(Դու դեռ վախենում ես սխալներդ նետել սեփական ճակատիդ հայելու մեջ նայելիս...):

Դու բողոքում ես... բողոքում ես, որ քեզ երբեք ու ոչ ոք չի հասկացել, իսկ դու երբևէ փաստարկներդ մարդկանց երեսին շարելիս մտածե՞լ ես, որ նաև լսել գիտես... (Դու այդ ժամանակ վախենում էիր, որ լսածդ կարող է քեզ համոզել, որ սխալվել ես...):
Դու բողոքում ես, որ ստում են, որ չեն տալիս քեզ այն, ինչին արժանի ես, բայց չէ՞ որ անգամ դու ես ինքդ քեզ ամեն րոպե խաբում... Չէ՞ որ դեռ ինքդ քեզ պետք է անկեղծություն շնչել սովորեցնես... (Դու հիմա էլ վախենում ես ինքդ քեզ հետ անկեղծանալիս մահացու խոցվել չիմացյալ մի ճշմարտությունից...):

Դու բողոքում ես, անվերջ բողոքում ես կյանքիդ կիսատությունից, բայց չէ՞ որ այդ դու էիր, հե՛նց դու էիր, որ կյանքդ կիսեցիր ու թողեցիր քո հիմար վրեժի ծոցագրպանում... (Սիրուց վրեժ լուծելիս մոռացար, որ այն դեռ քո ներսում էր...):

Դու բողոքում ես, որ ուժերդ սպառվում են, որ անգամ նրանք են քեզ լքում, որ քեզ կոտրված եղունգի պես մի կողմ նետելիս կյանքը դեռ բողոքում էր իրեն քո հասցրած ցավից ու հայհոյելով խոստանում քեզ էլ երբեք ետ չընդունել...բայց չէ՞ որ այդ դու էիր, որ մեջքով շրջվեցիր աշխարհին ու հեռացար, երբ նրանք քո կարիքն ունեին... (Ցավդ կիսողներին հայհոյելով՝ զուր ես նրանցից կարեցանք ակնկալում...):

Դու սխալական ես, դու մարդ ես, դու դու ես... Դու բողոքում ես մարդկանցից, քանի որ Աստծուն չհավատալով հանդերձ քեզ Աստված ես համարում...(Դու դեռ վախենում ես ճանաչել ինքդ քեզ...):

©Ռի-Մա 


Անազատ...


Որբ հոգեառը


Ես աշխարհի խորթ զավակն եմ,
Հոգիս՝ կյանքի  մանկատնից
Փախած, փրկված մի որբուկ,
Ճշմարտության խենթ նավակն եմ
Ու ստերի բացած վերքից
Կաթող ցավը՝ սառն ու մուգ...

Ես ինձ խեղդող կախաղանն եմ,
Պայքարների դաշտում խոցված
Անտեր կամքիս թաղված տերը,
Ինձ կալանած նենգ դարանն եմ,
Ու կործանման բոթը բերած
Արագահաս լրաբերը...

Ես ձեզ լքածն ու լքվածն եմ,
Որ ծննդյան օրից ի վեր
Ձերը երբեք չի եղել,
Ես այն ազատ արձակվածն եմ,
Որ ձեր առաջ տապալվելով՝
Անեծք, լուտանք չի հեղել...

Ես օտարն եմ տանս մեջ,
Խղճի առաջ հեգ ծնկած
«Անչարություն» խելագարը,
Ես պաղ լույս եմ, համր շեղջ
Ու ավարտի մահճում սառած
Ինձ քուն բերող հոգեառը... 


©Ռի-Մա


Բաց նամակ հավերժությանը...

Սիրելի՛ հավերժություն...



Հիշու՞մ ես՝ մի օր հարցրիր ինձ, թե ինչ է ինձ համար երջանկությունը, և ես քեզ ասացի, որ կպատասխանեմ այդ հարցին, երբ մի փոքր մեծանամ... Չգիտեմ՝ մեծացել եմ, թե՝ ոչ, բայց պատրաստ եմ այդ հարցիդ պատասխանն ասել...

Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ ապտակողի կոտրված ձեռքը այժմ ապաքինվել է և մեկնվում է որևէ մեկին օգնելու...

Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ ատող և նախանձող մարդիկ այժմ երջանիկ են, քանի որ ունեն շատ ավելին, քան ես, և քանի որ էլ չկա մի բան, ինչի համար նրանք ինձ նախանձելու առիթ կունենային... Ես երջանիկ եմ, որ նրանք հասել են իրենց ուզածին՝ ոչ թե ինձ ցածրացնելով, այլ՝ իրենք բարձրանալով ինձնից էլ վեր...

Ինձ համար երջանկություն է այն, որ ես այնքան թույլ եմ, որ մարդկանց սիրում եմ և այնքան ուժեղ եմ, որ նրանց չեմ ատում...

Ինձ համար երջանկություն է այն, որ ես ունեմ այնքան ուժ, որ չսայթաքեմ, եթե անգամ մի օր սայթաքեմ, ունեմ ուժ չընկնելու, բայց եթե անգամ ընկնեմ, ունեմ ուժ կրկին վեր կենալու...

Ինձ համար երջանկություն է այն, որ կարող եմ օգնությանս ձեռքը մեկնել նրան, ով դրա կարիքը ունի, անգամ եթե օգնության կանչ չեմ լսում նրա շուրթերից...

Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ սիրողները և իմ սիրելիները ինձնից էլ երջանիկ են...

Ինձ համար երջանկություն է այն, որ ստիպված չեմ մուրալ ո՛չ փող, ո՛չ սեր, ո՛չ կյանք...

Ինձ համար երջանկություն է այն, որ արտասվելու կարիք չունեմ և երբ անգամ արտասվում եմ, արցունքս սրբվում է, իսկ մատներս չեն շարժվում... քանի որ կա մարդ, ով ամուր սեղմում է ձեռքերս և սրբում արտասուքս իմ փոխարեն...

Ինձ համար երջանկություն է այն, որ կան մարդիկ, ում ես երջանկացնում եմ միայն, քանի որ կամ, և մարդիկ, ումով երջանիկ եմ ես, միայն քանի որ նրանք կան...

Ինձ համար երջանկություն է այն, որ կարող եմ լսել, երբ գոռալ եմ ուզում, որ կարող եմ խոսել և պատմել, երբ ուզում եմ պարզապես թողնել ամեն ինչ և հեռանալ...որ կարող եմ երգել, երբ ձայն չունեմ և որ կարող եմ ասել, որ սիրում եմ, երբ բարկացած եմ ու հուսահատ...

Ինձ համար երջանկություն է այն, որ սպասել գիտեմ, երբ անգամ ժամանակ չկա... որ գիտեմ սիրտս նվիրել և ոչինչ չսպասել ի պաստասխան... որ գիտեմ հոգիս հանձնել արհամարհանքի ճանկերին, համոզել, որ նա դրան արժանի է և վայրկյան իսկ չզղջալ...

Ինձ համար երջանկություն է այն, որ գիտեմ հպարտությունս քնեցնել, երբ արթանում է սերը... որ գիտեմ թույլ չտալ, որ այն ինձ մղի սիրասպանությունների...

Ինձ համար երջանկություն է այն, որ գիտեմ ապրել կյանքի ամեն րոպեն ինչպես վերջինը և համոզել ինքս ինձ, որ դա իրոք վերջին այդպիսի րոպեն է իմ կյանքում...

Ինձ համար երջանկություն է այն, որ մեծագույն հիասթափությունից հետո անգամ կյանքը ինձ տալիս է ժպտալու փոքրիկ, չնչին մի առիթ և այն, որ ես չեմ անտեսում այդ առիթը...

Ինձ համար երջանկություն է այն, որ ցանկացած փոթորիկ ավարտ ունի... Կարևորը այդ փոթորկի ժամանակ քո սիրելիներին ամուր բռնելն է, որ ավարտից հետո նրանք նորից կողքիդ լինեն...

Ինձ համար երջանկություն է հույսը’ իբրև օդի հետ թոքեր խուժող թմրանյութի չափաբաժին ամեն օր ընդունելը...

Ինձ համար երջանկություն է այն, որ հոգու ազատության անավարտ նոպաներին ես թռչել եմ սովորում...

Ինձ համար երջանկություն է այն, որ կյանքի անվերջանալի հարվածներին ինձ ուսուցիչ կարգելով՝ ես ապրել եմ սովորում...

Ինձ համար երջանկություն է այն, որ խոսքերս լսող կա.. թեկուզ նրանցից շատերը դրանք կասկածի տակ առնելն են դիտում իբրև նպատակ...

Ինձ համար երջանկություն է այն, որ այսօր ես կարող եմ պատմել քեզ, հավերժությու՛ն, այն, ինչ չեմ ասել այսքան երկար... որ այժմ կարող եմ խախտել լռության իմ դարը և պատմել քեզ՝ որն է իմ իրական երջանկությունը... այն, որ կլինի գոնե մեկը, ով կխորհի իր մասին այս տողերը կարդալով...

Ինձ համար երջանկություն է այն, որ իմ ճանապարհին շատ են սիրտս ցավեցնողները... այդպիսով ես մյուս անսիրտների պես չեմ դառնա... այդպես ես երբեք սրտիս տեղը չեմ մոռանա...

Սիրելի՛ հավերժություն, ես քեզ խոստացել էի պատմել՝ ինչ է ինձ համար երջանկությունը.... ես հիմա էլ չգիտեմ՝ մեծացել եմ, թե՝ ոչ... բայց այսօր պատմում եմ քեզ ամենը...

Ինձ համար երջանկությունը այն է, որ ներսումս քնած և ժամանակ առ ժամանակ արթնացող ու կյանքի ամենակուլ խավարից վախեցող մանկանը ես միշտ կարողանալու եմ ասել «Մի՛ վախեցիր»...


©Ռի-Մա14.01.12

Դարերի ժամացույցը


Իմ կիսակույր աչքերին
Մոմի լույս է հարկավոր,
Որ դարերի ժամացույցի
Սլաքները հասկանամ....

Իմ սառած այս ձեռքերին
Մի տաք շունչ է հարկավոր,
Որ դարերի խուլ սառույցից
Ձուլված դռները բանամ...

Իմ լուռ ծալվող ծնկներին
Մի պատնեշ է հարկավոր,
Որ մինչև վերջ ծնկի չեկած
Ալիքի պես բարձրանամ...

Ինձ սպանող իմ մտքերին
Ցնորվել է հարկավոր,
Որ կասկածի խավար խուցից
Դեպի արև սլանամ...

Իմ ոտքի տակ անհետացող
Գուցե չեղած այս հետքերին
Փոշոտ ափ է հարկավոր,
Որ հետքերս դրոշմելով
Քայլեմ, գնամ, վազեմ անգամ...

Ու կատաղած իմ վերքերին
Ազատում է հարկավոր,
Որ ազատող այդ հանճարին
Նվերի տեղ հենց սիրտս տամ....

Կամ էլ գուցե ջնջվել է պետք,
Անհետանալ օդով ասես,
Որ անհոգի դառնամ քեզ պես,
Որ քեզ նման անէ դառնամ,
Որ գուցե և այդժամ միայն
Այս դարերի ժամացույցի
Սլաքները ես հասկանամ...

©Ռի-Մա


Թիթեռի խոստումը...



Մնաս բարով
Հարյուր տարով,
Հարյուր տարուց
Երեք բառով 
Քեզ կկանչեմ.
Հիշաչար չեմ...


Մնաս բարով 
Միա՜յն, միա՜յն
Հարյուր տարով,
Հարյուր տարուց
Կարոտ լալով
Քեզ կգտնեմ,
Հուսահատն եմ...


Գնաս բարով,
Մնաս բարով,
Բայց խոստացի՛ր՝
Հարյուր տարով...
Հարյուր տարուց
Իմն ես հավետ.
Քեզ կսպասեմ
Հուշերիս հետ...


Հարյուր... հարյուր
Հարյուր տարի...
Վերջավոր դար...
Տեսնես՝ ում նա 
Շուտ կտանի
Ճամփով երկար...


Մնաս բարով,
Մնաս բարի
Գոնե, գոնե
Հարյուր տարի,
Որ տեսնելիս
Քեզ ճանաչեմ.
Չէ՞ որ գիտես՝
Հիշաչար չեմ...


Դե, իսկ վերջում
Էլ ի՞նչ ասեմ...
Հարյուր տարի
Քեզ կսպասեմ.
Կհանդիպենք 
Մեկ դար հետո՝
Հավետ, հավերժ
Միանալու...


Մնաս բարով
Հարյուր տարով...


©Ռի-Մա
18.02.12

Ո՞վ է ասել



Ո՞վ է ասել, որ չի կարող
Մարդը մի օր վերև թռչել,
Որ պարտք ունի՝ ողջ իր կյանքում
Նա այս երկրից ամուր կառչել...


Որ չի կարող մարդը լինել
Գահավիժող ջրվեժի պես,
Ջրհորի պես լինել անտակ
Ու սառն լինել վրեժի պես...


Ո՞վ է ասել, որ չի կարող
Մարդն ագռավից կարապ սարքել,
Որ չի կարող երկինք ներկել,
Ծիածանով կրակել գույն
Ու գիշերով աստղեր հերկել...


Ո՞վ է ասել, որ չի կարող
Մարդը սպանել անգույն կարոտ,
Սառցարանի դռների մոտ,
Լինել սառած երջանկություն
Ու «սառցե ցավ» կնքված անոթ...


Ո՞վ է ասել, որ չի կարող
Մարդը քերել, քերծել բարին,
Կյանք նվիրել խճաքարին,
Աղաղակից երգեր քամել
Ու սոսնձել վատը լավին...


Ո՞վ է ասել, որ չի կարող
Մարդը մարդ դառնալ կրկին,
Ամուր սեղմել ձեռքում հոգին,
Արցունքի մեջ արև գտնել
Ու բույն շինել լույսի կողքին...


Ո՞վ է ասել, որ չի կարող
Մարդը փրկվել խավարից.
Ես դրան այսօր, այստեղ
Չեմ հավատում. ներեցե՛ք ինձ...


13.02.12







Հուսահատի օրագրից...



Բարև..ես կրկին եկել եմ...տե՛ս՝ ես քեզ ձնծաղիկներ եմ բերել... գիտեմ, որ սիրում ես...
Ճիշտ է՝ ինձ ասել ես, որ անշնորհակալ եմ, որ քեզ պետք չեմ, ասել ես, որ հեռանամ ու տեղդ մոռանամ... Բայց ախր գարուն է եկել... Ախր շատ աներեսն է այս սիրտս... Ես կրկին այստեղ եմ... Տե՛ս՝ քեզ ձնծաղիկներ եմ բերել... Գիտեմ, որ սիրում ես...
Կարող ես դրանք դեն նետել... Կարող ես ոտնատակ անել դրանք ճիշտ այնպես ինչպես հոգուս հետ արեցիր... Կարող ես նրանց էլ մերժել ու արհամարհել, ինչպես ինձ մի օր... Ես դեմ չեմ...
Ուզում ես՝ ապտակի՛ր ինձ... վիրավորի՛ր ու անպատվի՛ր... Չեմ հակառակվի... կլռեմ՝ երդվում եմ... Ապերախտ եմ ես... Անգամ՝ շատ... ապտակի՛ր ինձ... բայց չէ՛. Քեզ մոտ միշտ էլ հայացքի ապտակները ամենալավն են ստացվել...
Տե՛ս՝ քեզ ձնծաղիկներ եմ բերել... Գիտեմ՝ սիրում ես ... Ների՛ր աներես հոգուս, թե կարող ես...Ես այս անպիտան գարնան դեմ զզվելի թու՜յլ եմ... Ների՛ր, բայց թե չես կարող՝ սա էլ դասի՛ր մեղքերիս ցուցակին... Ես դեմ չեմ...
Ախր ես մեղք չունեմ շնչելուս ու քեզ այսքան սիրելուս համար... գուցե ունե՞մ... Լա՛վ... գուցե սա էլ է մեղքերիցս մեկը... Թո՛ղ այդպես լինի... Ես դեմ չեմ...
Քեզ ձնծաղիկներ եմ բերել... գոնե դրա՛նք պահիր... նրանք մեղավոր չեն, որ հենց ես եմ նրանց գնել... Ինձ հետ արա՝ ինչ ուզում ես... բայց գարունս մեղք է...
Գիտեմ՝ ասում ես ապերախտ եմ, ասում ես՝ քեզ հիասթափեցրել եմ, բայց ախր չգիտե՜մ մեղքս որն է... Ասա՛ ինձ՝ ձեռքերիդ վրա ինձ աշխարհից պաշտպանելուդ ո՞ր օրն արդյոք ինձ փոխեց... Ո՞ր օրը դարձա այն ապերախտը, որ այսօր եմ...
Տե՛ս՝ քեզ ձնծաղիկներ եմ բերել... Աներես եմ... Անշորհակալ եմ... Անպիտան եմ.. Քո՛նն եմ... Վախենում եմ... Հասկանու՞մ ես... վախենու՛մ եմ... Ձնծաղիկներս բռունքիս մեջ, սառույցների վրա սայթաքելով եկել եմ կրկին... Գարունս վախենում է ուշանալ... Հասկանու՞մ ես...
Մի բան սխալ է... գուցե ես եմ սխալ, գուցե գարունս է սխալ... գուցե աապրելս է սխալ... Բայց վախենում եմ... Ձնծաղիկներս հո սխալ չեն... գոնե դրանք վերցրու՛... Ինձ լքիր, թո՛ղ թունավոր վարդագույն կյանքի ճանկերում, բայց, Աստծու սիրուն, ձնծաղիկներս վերցրու՛... Ես նրանց առաջ մեղավոր եմ... վերցրու՛ նրանց...
Աներես եմ ես... ների՛ր ինձ (թե կարող ես)...
Բարև... Քեզ էլ եմ կարոտել... գիտեմ՝ դու գարեջուր ես սիրում, բայց վերջին դրամս ձնծաղիկին տվեցի... Ների՛ր ինձ... Քեզ ոչինչ չեմ բերել.... Գիտեմ՝ դու էլ ես կարծում, որ ապերախտ եմ... դու էլ ես ինձ մի օր դրանում մեղադրել.... խնդրեմ.. ես դեմ չեմ... Կգնամ... կկորչեմ, կմոռանաք... բայց վախենում եմ... վախենում եմ՝ ուշանաք մի օր...
Ես եկել եմ... գարունս՝ աներես ու անպիտան գարունս բերել եմ... Ես ձերն եմ այսօր... Արե՛ք ինչ կուզեք, բայց, Աստծու սիրուն, մի վերջին անգամ գրկե՛ք ինձ... Մանկությանս թույլ մի՛ տվեք մեռնել... Այնտեղ՝ դրա բազուկների մեջ սիրում էիք ինձ... Այնտեղ ես ուրիշ էի... Մի վերջին անգամ գրկե՛ք ինձ ձնծաղիկներիս հետ... Մանկությունս առավոտյան լացում էր... Վախենում եմ՝ չդիմանա...
Մանկությունս մեղք է... Ձնծաղիկներս մեղք են... Աղբանոց չնետե՛ք... Գարունս կմանկանա ու կմեռնի... Չեմ ուզում... Վախենում եմ...

Ռի-Մա



Ինձ գրիչ տվեք...




Ուզո՞ւմ եք պատմեմ՝ ինչ է մարդը զգում,
Երբ արհամարհված է, օտարված ու խորթ
Սեփական տանը, սեփական հոգում,
Ծնկած սեփական ճամփին խորդուբորդ...

Պատմեմ, թե ինչ կա մարդկային սրտում,
Երբ հոգին ծախում է սև սատանային
Լոկ նրա համար, որ ձեռքում ունի
Նրանից մի սուտ դիվային խոստում...

Պատմեմ՝ ինչու է սիրտն արնահսում,
Երբ դատակվում է հերթական սիրուց
Եվ արտասուքը ինչու է հոսում,
Երբ աչքը հոգնում է խավարի փերուց...

Պատմեմ՝ ինչու է անգամ մանուկը
Արտասվում կաթող բաց տանիքի տակ,
Եվ պատճառն այն է, որ մի դաժան օր
Հորն է կուլ տվել մի փամփուշտ անհագ:
Դուք սա անվանեք չար բախտի սարկազմ,
Պատմության հեգնանք կամ անգութ կատակ.
Թույլ տվեք ես էլ կոչեմ «պատերազմ»...

Հետո կպատմեմ, թե ձեզ ինչ կասեր
Նա, ով վաճառում է իրեն կամովին,
Կամ ում ստիպում եմ իրեն վաճառել,
Բայց չեն ճանաչում կամք կատարողին...

Կպատմեմ կնոջ լուռ ցավի մասին,
Ում օրվա հացն է հեգ լռության մեջ
Տանել հարվածը նույն հարբած ձեռքի՝
Դատավճիռը անպատիժ մեղքի...

Մենակ մոր մասին կպատմեմ ես ձեզ,
Ով կյանք է տվել, սնել իր որդուն,
Ու մի օր լքվել անպետք իրի պես,
Ու մոռացել է ճամփան դեպի տուն...

Ուզո՞ւմ եք պատմեմ մարդկային կյանքի
Այս նկարները սև շրջանակով
Ու ավելացնեմ գորշ տառապանքի
Վրձնահարվածները սև ու սպիտակով...

Ուզում եք քայլե՞լ այս ճամփով անթեք.
Չեմ ուզում խոսքեր. ինձ գրիչ տվե՛ք...

©Ռի-Մա