5 րոպե քնելուց առաջ...




Իմ աշխարհը պարզ է,
Հանց չգրված թերթը,
Կարծր ապակուց են
Պատերը իմ տան,
Իսկ հոգուս ներսում
Ծերունի մի բերդ է...
Դու էլ ինձ պես խենթ ես,
Խենթ ես ինձ նման...

Երկնքում, տե՛ս, հերթ է,
Աստղային անձրև,
Երկնքի մի փերթը
Իմն է արդ դարձել,
Երկնքին խնդրենք՝
Մեզ էլ աստղեր տան...
Դու էլ ինձ պես խենթ ես,
Խենթ ես ինձ նման...

Կյանքը անհեթեթ է,
Երբ թևեր չունես,
Ու ճամփան անհետ է,
Երբ քայլեր չկան...
Բայց մի՛ մտածիր,
Լույսը միշտ քեզ հետ է.
Դու էլ ինձ պես խենթ ես,
Խենթ ես ինձ նման...


Պարտություն


Կյանքը ինձ ապրում է ու օրերն հաշվում,
Ծերացող թվերը չեն տեսնում էլ ինձ,
Իզուր պայքարից կամքն է լոկ մաշվում,
Բայց դեռ չի պոկվում ծառը տերևից:

Ինձ նետում եմ մի կողմ, գուցե և պատռում,
Հնամաշ շապիկը քո շնչից կարված,
Ժպտալով քնում եմ ու լալիս արթուն,
Ու հայտարարում կամքդ կատարված...

Խաղն այս ես լքում եմ, ինձ պարտվող կոչիր,
Ձեռքս լվանում եմ, ինձ կոչիր վախկոտ,
Բայց պահիր դու իմ հուշն անստորագիր,
Ես դրա ներսում քեզ ունեմ, կարո՛տ...


Երբ չկա


Երբ պայքարել չկա, ու էլ հարցեր չունես,
Երբ բառերի տեղ քեզ տողերն են կարդում,
Քեզ հուշում է ձայնը, որ ծռվել է արդեն
Ուղին որ դեռ մանուկ դու մենակ էիր հարթում:

Երբ ջնջվում է օրը մատնածալքիդ փոսից,
Երբ սպառում, վառում ես օրդ պարկերով,
Դեռ սպասում ես, որ նա քեզ հետ գուցե խոսի,
Ոչ թե քեզ անուն տա համր վանկերով:

Երբ էլ չես հիշում, որ պիտի թաքցնես
Այն հուշերը, որ քեզ դեն են նետել արդեն,
Որ կար ժամանակ, կար մի «դու», մի «ես»,
Ու որ էլ չունի խիղճդ քո հասցեն,

Գիշերվա մութում կույր խարիսխ նետած,
Մատներով խառնում ես ծով աստղափոշին,
Այսօրվանից դու ինձ ու քեզ թողած՝
Փորձելու ես լուռ ձայն տալ ուրիշին...


Մոռացում


Իմ անցյալն ինձ գողացել է,
Իսկ ներկան ետ չի տալիս,
Մեկը տեղս մոռացել է,
Մյուսը տունս չի գալիս...

Ես ապրում եմ տանիքում
Իմ փշրված ծերուկ տան,
Քեզ կգտնեմ գալիքում,
Թե գալիքից ինձ էլ տան...

Շատ վաղուց են կորցրել
Պահակները իմ հասցեն,
Ու իմ տեղում թաղել են
Լոկ պարաններ ու ցանցեր,

Ես անցյալի գրպանում
Դեռ ներկաս եմ փնտրում լուռ,
Սպասում, որ մի օր բացվի
Ոչ թե նոր անցք, այլ նոր դուռ...


ես էլ եմ...


այդպես գալիս են միայն գժերը,
նրանք, ովքեր ուղիղ քայլել չգիտեն
ու նրանք, ովքեր հոգնել են անաղմուկ լինելուց...

իսկ թե ինչպես են նրանք հեռանում՝ ոչ ոք չգիտի...

այդպես լալիս են միայն գժերը,
նրանք, ովքեր ապտակել չգիտեն
ու նրանք, ովքեր հոգնել են վախենալուց...

իսկ թե ինչպես են նրանք ծիծաղում՝ ոչ ոք չգիտի...

այդպես քնում են միայն գժերը,
սպիտակ աղավնիներն
ու նրանք, ովքեր հոգնել են անքուն ու չեղած խաղաղությունից...

իսկ թե ինչպես են նրանք արթնանում, ոչ մի արև չգիտի...

այդպես նկարում են միայն գժերը,
նրանք, ովքեր կեղծել չգիտեն
ու նրանք, ովքեր նկարածը ջնջելու համար ռետիններ չեն պահում...

իսկ թե ինչպես են նրանք մոռանում՝ ոչ ոք չգիտի...

այդպես խեղդում են միայն գժերը,
նրանք, ովքեր ապրել չգիտեն
ու նրանք, ովքեր չեղածը չապատկերացնելու համար քաջության հաբեր չեն խմում...

իսկ թե ինչպես են նրանք մեռնում՝ ոչ ոք չգիտի...

ոչ ոք չգիտի՝ ինչպես են նրանք հեռանում...

ես այսօր այդպես եմ եկել... անաղմուկ...
ես այսօր այդպես եմ ծիծաղում...առանց վախի...
ես այսօր այդպես եմ արթնացել...արևին չնայելով...
ես այսօր այդպես եմ մոռանում... խաբելով....
ես այսօր այդպես եմ մեռնելու... չապրելուց...

ես այսօր այդպես եմ գնալու՝ չիմանալով ուղիղ քայլել ու հոգնած անաղմուկ լինելուց...
ուրեմն.... ուրեմն ես էլ եմ....
կորանք...


Բարև, ես արևն եմ...





Մայրամուտն այս նման է մի մրոտված լամպի,
Որ տնազն է լույսի, գուցե՝ քիչ պակաս,
Իսկ արևը ինչպես հետք մի լուծված հաբի՝
Դեռ պտույտ է գալիս երկնքում մի թաս...

Իմ տանիքն է ներկում մայրամուտը դանդաղ
Ու նրա նման ես էլ եմ եռում,
Արևի նման ես էլ այս գիշեր
Ապտակվում եմ լուռ, բայց դե չեմ մեռնում...



Իմ ու քո միջև





Իմ ու քո միջև դեռ փրփրում է անցյալը,
Ագռավներին դասեր տալիս՝ ինչպես մարդկանց ջահել,
Ինձ ցույց տալիս, ասում՝ սուտ է մնացյալը,
Նրան նայեք, տեսեք՝ ինչպես պետք չէ սիրել...

Իմ ու քո միջև էլ աշխարհներ չկան,
Սահմանները ջնջվել են՝ ինչպես ներկը պատից,
Նրանք չեն տեսնի էլ այն աղջկան,
Որ ագռավ տեսնում՝ դողդողում էր վախից...

Իմ ու քո միջև լոկ տրորված քայլեր են,
Որոնցով շատերն են սև ագռավներ դարձել.
Ես սոսկ վրիպել եմ՝ քեզ կոչել եմ ընկեր,
Իսկ ագռավներին ինձ թշնամի կարծել...


Ես դեռ չեմ ծնկել...