Երբ աշունն է մոտենում...


Հոգիս կծկվել է խավարի մի անկյունում: Կծկվել է ցավից, թևերով օղակել ծնկները, որոնց վրա նրա գլուխն է անզոր թեքված... Եվ այդ մթության մեջ ոչ ոք չկա. Թե լիներ անգամ, միևնույնն է՝ չէր տեսնի՝ ինչպես են նրա ուսերը ցնցվում արտասվելիս... Չէր տեսնի նրա լուսավոր արտասուքը, որը հոսում է նրա այտերով, կաթկթում ծնկներին ու հոսում վար՝ խառնվելով այս խավարի սև մշուշին...
Իմ լուսավոր, սպիտակ հոգին չի երևում, ավաղ, կծկված խավարի խուլ ու կույր այս սահմանին... Այդ ճերմակ կետը չի երևում սև աշխարհի հորձանուտում... Այն բոլոր հոգիներից ամենալուսավորն է ու ամենասևը...
Խավարը չափազանց կույր է հոգուս արտասուքը տեսնելու համար, լռությունը չափազանց խուլ է նրա ձայնն ու կանչերը լսելու համար...
Մշուշի սև ժապավենը մեղմորեն սահում է նրա ոտքերի կողքով, հանդարտ խառնվում նրա արտասուքին, որ անվերջ հոսում է ծնկներն ի վար, իսկ հետո հանկարծ կատաղում, կոպտորեն փաթաթվում նրա ձեռքերին ու ոտքերին և չի թողնում նրան շարժվել, շնչել, ապրել...
Մթության սև ժապավենը հպվում է նրա այտերին և զգում աղի արտասուքի համը... և կարծես դա նրան դուր է գալիս...
Հոգուս շուրջ դեռ ավելանում են մշուշի խավարածին ժապավենները, հոգիս կրկին շնչահեղձ է լինում սեփական արտասուքից, որ խառնվում է սաթահյուս ժապավեններին...
Այս մթության մեջ հոգիս պիտի հալվի ու դառնա մի բուռ մշուշ, որ ցրվում է, երբ գեթ մեկ անգամ արտաշնչում ես...
Այս մթության մեջ չափազանց ուշ է և անօգուտ փրկության սպիտակ աղավնի փնտրելը...
Այս մթության մեջ իմը վերջին հոգին է, որ պիտի սպիտակ աղավնի դառնա, որ կրկին չի երևա, երբ իրեն փնտրեն...
Տեսնես՝ այս մթության մեջ երբ է մեկը ատղեր ու լուսին կախելու...
Տեսնես՝ քո հոգու այս մթությունից երբ է իմ հոգին ազատվելու ու զատվելու...
Տեսնես՝ երբ ես հասկանալու, որ այն, որ քո սեփական հոգու մեջ դատարկություն է ու խավար, չի նշանակում, որ պարզապես գիշերն է այդպիսին, որ դա նշան է այն բանի, որ դու ցերեկ չես տեսել... Դա նշան է այն բանի, որ եթե մի օր սիրտդ կոտրվի, անգամ քո իսկ պղտոր կիսասև արյունը չի երևա հոգուդ այդ խավարում...
Տեսնես՝ երբ ես հասկանալու, որ իմ հոգին բանտարկյալ է քո մթության մեջ...
Տեսնես՝ երբ ես հասկանալու, որ հոգիս դանդաղ գոլորշանում է մշուշի հետ՝  կծկված քո հոգու մի մութ անկյունում...
Տեսնես՝ երբ է քո հոգում մի շփոթված սպիտակ աղավնի հայտնվելու...
Տեսնես՝ երբ են քո այդ տձև ու կույր խավարը և խուլ լռությունը հոգու վերածվելու...
Տեսնես՝ երբ ես սովորելու՝ ինչպես է «հոգի» բառը գրվում...

(Թե դա ինչ է նշանակում, իմ հոգին կպատմի քեզ մինչև գոլորշանալը)...

No comments:

Post a Comment