Ես՝ գիշերս


ես ցանցաճոճում օրորվող
կույր ու իմաստուն սրիկա եմ՝
ծխամորճն ատամներով սեղմած
ու ծեր...

ժամացույցիս թիկ-թակը
հեղուկանում ու խառնվում է
ջրի կաթ-կաթին...
թիկ-թակ-կաթ...
ես ճանաչում եմ բոլոր մեղքերի
ձայները...

մյուսների համար գիշերը
ցերեկ կուլ տվող գազան է, 
իսկ ինձ համար նա տուն է՝
այն միակը տներից,
որ տեղավորվում է փակ աչքերում.

ես ծնվել եմ այսպես՝
գիշերը աչքերիս մեջ դրոշմած...


Երանի


խաղաղությունը լցվում է 
պատուհանափեղկերից ներս,
ու սառած պատերն իմ սենյակի
համբուրում են թպրտացող ու հեռու
շուրթերը գարնան...

խաղաղությունը թաղում է 
հայացքս այն հողի մեջ,
որից ծնվել է.
աչքերս վերադառնում են տուն.

թող փոթորիկները փոքրանան
ու տեղավորվեն սուրճիս բաժակում,
թող ձմեռը արտասվի
ու գարուն ծնի.

թող ետ գան կորած
ծիծեռնակները խաղաղության.
այս քաղաքը թռիչքի կարիք ունի


Կտավի հեղինակ՝ Dumitru Verdianu

Իմ նորածին գարունը


գարունը դեռ չծնված երեխայի դիրքով
կծկվել է քաղաքիս արգանդում
ու չի շարժվում ...

ձնաբուքը մտրակում է պատուհաններս,
իսկ ապակիները քրտնում են՝
ամաչելով սեփական մերկությունից...

քաղաքի բոլոր աչքերից ու ականջներից ելնող ծուխը
հուշում է ինձ, որ
դեռ երկար են նրանք այդպես քրտնելու,
ու դեռ երկար ժամանակ գարունը իր տոտիկով
քաղաքին ներսից չի դիպչի...

բայց այս գարնանը ես սպասելու եմ
այս անգամ ավելի մեծ անհամբերությամբ, քան երբևէ.
այս գարունը լինելու է
իմ վերածնված մանկության
տարեկիցը...



Կտավի հեղինակ՝ Lluís Albert Herranz

ջազ, 50/50 կյանք ու մահ, ու...


ջազ, 50/50 կյանք ու մահ, ու մոմերն էլ չեն ծխում.
առաջինը լույս ու ստվեր է անում երկրորդի համար,
ու պատին նկարվում է երրորդը...

ջազ, 50/50 կյանք ու մահ, ու դռներն էլ չեն բացվում.
մատներիդ ստվերով աղավնի պատկերիր պատին,
թող գոնե նա թռչել սովորի քո մենավոր պատն ի վեր...

ջազ, 50/50 կյանք ու մահ, ու անգամ հիվանդանալդ չի գալիս.
լռության բարակ ժապավենը նենգորեն սողոսկում է սենյակդ,
ու դու լավագույն բարեկամիդ տեսնելով նրան փաթաթում ես վզիդ.
քեզ տեղն է...

ջազ, 50/50 կյանք ու մահ, ու շուտով կլուսանա.
սենյակդ այս առավոտ կմահանա.
ասածս ինչ է՝ լռությունից չվախենաս.
ինձ կկանչես սենյակիդ հոգեհանգստին.
խոստանում եմ չուշանալ...


Վտարում


կյանքիդ գարունները
քեզ ջերմացնելու տեղ ապտակեցին,
ու դու վերցրիր մի թափանցիկ, անօդ արկղիկ
ու այնտեղ քո աշխարհը տեղավորեցիր,
ծնեցիր խամաճիկներ որդիներիդ պատկերով
ու բաժանեցիր դերերը նրանց միջև,
այնպես որ նրանցից որևէ մեկը
քեզնից չնեղանա...

հետո նրանց շարժել սկսեցիր,
իսկ նրանք մի օր էլ չուզեցին
քո թելիկներին ենթարկվել,
ու դու որոշեցիր նրանց կոտրել.
արդյունքում միայն թելերը կտրվեցին,
ու աշխարհդ փախավ ձեռքերիդ տակից...

գիշերը դեռ փողոցային շան պես
ոռնում է քո պատուհանի տակ,
իսկ ծխի քուլաները
քո ճակատին երկինք են նկարում.

դու այդ երկինքը կորցրել ես այն օրը,
երբ որոշել ես մահկանացուիդ անձնագիրը
փոխել աշխարհաստեղծի կեղծած պատճենով...