Քո սիրո հետ և առանց քեզ...


Քո սիրո հետ ես թմրամոլի պես
Ե՛վ կործանվում եմ, և՛ երկինք չափում,

Քո սիրո հետ ես խելագարի պես
Ե՛վ ծիծաղում եմ, և՛ հոգուս խաբում,

Քո սիրո հետ ես ցավագարի պես
Ե՛վ դողդողում եմ, և՛ այրվում տապում,

Քո սիրո հետ ես բանտարկյալի պես
Ե՛վ բանտից փախչում եմ, և՛ շղթաս կապում,

Քո սիրո հետ ես մի շաղկապի պես
Ե՛վ մենակ կորչում եմ, և՛ միտք շաղկապում,

Քո սիրո հետ ես մի կույր սարդի պես
Ե՛վ լուռ գործում եմ, և՛ ինձ քարկապում,

Քո սիրո հետ ես մի սուզյալի պես
Ե՛վ ջրում խեղդվում եմ, և՛ ապրում ափում,

Քո սիրո հետ ես դերասանի պես
Ե՛վ ներսից մեռնում եմ, և՛ ծնվում ծափում,

Քո սիրո հետ ես անապատի պես
Ե՛վ չորանում եմ, և՛ ավազ լափում,

Քո սիրո հետ ես նահանջյալի պես
Ե՛վ ընկրկում եմ, և՛ դեռ սարսափում,

Քո սիրո հետ ես անջուր ձկան պես
Ե՛վ ավարտվում եմ, և՛ լուռ կարկափում,

Քո սիրո հետ ես հենց այդ սիրո պես
Ե՛վ ուշանում եմ, և՛ հավետ շտապում...©


No comments:

Post a Comment