Ների՛ր, վարանում եմ...




Դու ներիր ինձ, Տե՛ր, որ դեռ վարանում եմ,
Որ մեկ կտրելիս յոթը չեմ չափում,
Որ ներկա ձմռան սառնության չափը
Չեմ գտնում անցյալ ամառվա տապում...

Դու ներիր ինձ ,Տե՛ր, ես դեռ մահանում եմ
Ու անգամ այդժամ չեմ ապաշխարում
Եվ իմ վերամբարձ տապանաքարով
Քեզ եմ զարմացնում այն մի աշխարհում...

Դու ներիր ինձ, Տե՛ր, ես դեռ  սասանում եմ
Ինձնից տկարի անավարտ հոգին,
Ու ներիր կրկին, որ ամբողջ զորքին
Թագուհուս համար ստորաբար սպանում եմ...

Դու ներիր ինձ, Տե՛ր, ես դեռ կուրանում եմ
Լրբերի առաջ խիղճս վաճառած,
Խիղճս վաճառա՞ծ. պարտված գրազում,
Ու ես չեմ նեղվում. սա է ինձ սազում...

Դու ներիր ինձ, Տե՛ր, ես դեռ կործանվում եմ
Իմ կորած բախտին փող խոստանալով,
Սիրում գուշակին, բաժակին սուրճի
Ու խաղաթղթին տուրքը իմ տալով...

Դու ներիր ինձ, Տե՛ր, ես դեռ դիմանում եմ
Իմ մեղկ գոյությանը վիշապի շնչում.
Հեռվում մաքրության մի փոշոտ հնչյուն.
Ու հին հետքերս տեղս իմանում են...

Դու ներիր ինձ, Տե՛ր, ես դեռ կայանում եմ
Աշխարհի փշոտ, խուլ կայարանոմ
Ու փոխիր նրանց, որ քավարանում են
Ու ներիր դու ինձ. ես դժվարանում եմ...©


No comments:

Post a Comment