Փրկության փշուրների ետևից...


Չտարբերակված, բութ մի տարակույս,
Հին մի երկընտրանք կոկորդիս կանգնած,
Մի մեռնող հիվանդ, բայց նաև անմեռ
Շուտով փրկվելու չլուծված մի հույս...

Չպարզաբանված, ժանգոտած կարոտ,
Որ սղոցում է մատնահետքերս,
Երբ քեզնից հեռու եմ, բայց նաև քեզ մոտ,
Երբ ջնջելով եմ նկարում պատկերս...

Մոլորված մի գույն ցրտի երախում,
Կոտրատված սպասում ու կրկին աշուն,
Խախտված մի կանոն կյանքի մի խաղում,
Ու պարտված արփին փայլն է իր մաշում...

Լքված ավերակ, ավերված խոստում,
Ու խոտակալած ճանապարհ կանաչ,
Վաղուց մոռացված հուշերի փոստում
Մի վերջին բարև, մի վերջին հառաչ...

Չորացած ծաղիկ՝ անհասցե, մենակ,
Փոշոտ մթության մեջ առկայծող տարերք,
Կիսախելագար, ծեր հավերժություն
Ու արնոտ խորշում կակազող մի վերք...

Մի ձեռքի հինգ մատ սև դաշնամուրին,
Երկրորդին սեղմած, բայց չեղած մի ափ,
Շուրթերը կարոտ են վառ այն համբույրին,
Բայց հազար դար է՝ մնում են «պարապ»...

Ինձ չբարևող, խռոված մի երգ,
Քորոցների տակ ծակծկված գալիք,
Այն մթում կրկին մարմրող տարերք
Ու սիրտս բախտին՝ նվեր-խաղալիք...

Անլուր քաոսում երկունքի մի սկիզբ
Ու ծնունդ մի նոր, ծեր հավերժության,
Որին կնքամայր ես կընտրեմ կրկին
Երազներ սնող հույսը հարության...

Թող լինեն կրկին տարակույս ու մահ,
Թող կրկին նամակս անհասցե մնա,
Կարոտը ծնի թող մոխրացնող նոր ահ,
Ես փրկվելու եմ, քանի դեռ կա նա...©



No comments:

Post a Comment