Իմ ու քո հանելուկը


Սե՞ր, իսկ նա ի՞նչ է,
տե՞ղ, որտեղ խմում են,
պատռված գրպա՞ն,
թե կեսգիշերին քնել խանգարող մի շան հաչոց...

սեր... ի՞նչ է, թե՞ ով,
ապտակի դաղո՞ց է,
թե համբույր պարանոցին, որից փշաքաղվում ես...

գիշերվա երա՞զ,
թե քնից անժամանակ հանող
խելառ ու փչացած զարթուցիչ...

սեր, իսկ ես նրան գիտեմ...
հենց նա է պատճառն այն բանի,
որ ամբոխի մեջ ես քեզ եմ նկարում՝
վերցնում մեկի աչքերը,
մյուսի մազերը,
գողանում ժպիտը երրորդից
ու քայլերը հաջորդի,
և ամբոխը սովորում է քայլել քեզ նման,
և ամբոխը դառնում ես դու,
և ես սիրում եմ ամբոխն այդ...

սերը այն ջրափոսն է փողոցի,
որը շրջանցելով դու ամեն օր գալիս ես տուն...



No comments:

Post a Comment