Երբ երանին դառնա բարև...


Իմ թարթիչներից դեպ քո մատները ձգվող «երանին»
Հազար «գուցե»-ներ է իր ճանապարհին ոտքի տակ տալիս,
Իսկ միքտս նստում է իմ ծեր հուշերից կարված սավանին
Ու քեզ է կրծում ու հույս է վառում ու մոխիր լալիս...

Երբ մեծավարի մի օր հեռացար մազերիս միջից,
Ես չգիտեի, որ քեզ նման չեմ, որ մանուկ եմ դեռ,
Որ դեռ երկար եմ քաշելու թաթով մենության փեշից
Ու ապտակելու հրեշտակներին իմ երազաբեր...

Ու երբ կջնջվեն մի օր քաղաքներն իմ ու քո միջև
Ու երբ «երանին» կդառնա «բարև» ու կհասնի քեզ,
Իմ թարթիչները քո մատների մեջ կմնան մինչև
Նոր մի առավոտ ծնի նոր քաղաք ու բաժանի մեզ...

Իմ թարթիչներից դեպ քո մատները ձգվող «երանին»
Իմ ականջներում դեռ երկար-երկար ինձ օրոր կասի,
Իսկ միտքս երկար կնստի հուշից կարված սավանին
Ու քեզ կկրծի ու քեզ կպատռի ու քեզ կսպասի...


No comments:

Post a Comment