Երբ հայացքը լռում է


Իմ աչքերի մեջ
հրեշտակ է խեղդվում՝
ինչպես թիթեռը
սև ավազներում...
տարբերությունը լոկ այն է,
որ հրեշտակները սպիտակ են,
իսկ աչքերս դարչնագույն...

Իմ աչքերի մեջ
քո չծնված մեղքերն են մեռնում.
ես գուշակ չեմ՝
դու ես կանխատեսելի,
դու ես մարդ...

Իմ աչքերի մեջ
քո անցած ու չանցած
ճամփաներն են պատռվում.
դադարի ժամանակն է՝
աչքերս հոգնել են ճամփա թարթելուց...

իմ աչքերի մեջ
քարե տանիքից ճոճվում է,
պայթում է այն միակ լամպը՝
այն միակ լույսը քո թողած.
հաջորդ գիշեր մութ է լինելու...

Իմ աչքերի մեջ
քո դերերն են հավասարվում,
շարվում կողք-կողքի
ու փորձում գտնել քեզ,
իսկ դու դեռ այնտեղ
հրեշտակ ես ներկում...

Իմ աչքերի մեջ
սավանները կարմիր են,
ավազները՝ կանաչ,
իսկ դու՝ թափանցիկ,
իսկ դու փախչում ես,
հոսում ես, այրում.
կոպերս արտասվել գիտեն.
մատնություն.
սատանան թիթեռ է ծնել...

Martin Jonsson, The Topology of emptiness oil on canvas 41x33cm

No comments:

Post a Comment