Զրույց




Երբեմն լինում է այնպես, որ քնելուցս ուղիղ կես վայրկյան առաջ այս անտրտունջ ու անդուլ երկրագունդը մտքումս կանգ է առնում միջտիեզերական տարածության մեջ ու սկսում է խոսել ինձ հետ՝ մի աչքը բաց, մյուսը՝ կիսափակ:
Մինչ ես շուռումուռ եմ գալիս անկողնուս մեջ, մտածում, հարցնում ինքս ինձ, թե ինչու է միշտ լինում, որ թանկ մի բան կամ թանկ մեկին կորցնելիս ես մեռնում եմ ցանկացած մեռյալից էլ լավ, նա հանդարտ նայում է ինձ իր բաց աչքով ու ասում.
-Երբ գլխիցդ մազ են պոկում, ցավում է... ուր մնաց մի ամբողջ մազափունջ...
Մինչ ես գլուխ եմ ջարդում այն հարցականի շուրջ, որ պտտվում է ուղեղիս ծալքերում ու իր սուր ծայրով ժամանակ առ ժամանակ ծակում՝ ինձ անվերջ շնչահեղձ անելով այն հարցով, թե ինչու ես մի նվիրական երազանքի (որ արդեն նպատակ է դարձել) հասնելու համար ստիպված թախիծդ ամեն անգամ թաղել սեփական արյունովդ լցված ոտնահետքերում, երկիրը նայում է ինձ, թեթև ժպտում ու ասում.
-Երբ արևին ձեռք ես տալիս, մատներդ այրվում են...
Մինչ ես թափառում եմ ճանաչողության ու իմացության բոլոր գոյություն ունեցող ու չունեցող դաշտերով ու ժամանակ առ ժամանակ բղավում, թե. «Գրո՛ղը տանի, ինչու՞ է միշտ այնպես լինում, որ ում վրա հույս ես դնում, մի օր անպայման լքում է քեզ», երկիրը լայն հորանջում է ու քնաթաթախ ձայնով ասում.
-Երբ օդին ես հենվում, ընկնում ես...
Մինչ խռովում եմ ինքս ինձնից՝ չհասկանալով, թե ինչպես են մարդիկ դառնում այդքան անտարբեր ու դաժան, երբ մեծանում են, նա քմծիծաղով ինձ հիշեցնում է.
-Երբ անձրևի տաք կաթիլը սառեցնում են, ձյան փաթիլ է դառնում...
Մինչ ես սենյակիս պատերի պլոկված ծեփաններում փորձում եմ թաքցնել այն հարցը, թե ինչու է մարդ իրեն այդքան լավ զգում ուրիշներին մի չնչին ու աննշան լավություն անելիս, իմ զրուցակիցը մատով տալիս է քունքիս ու ասում.
-Երբ բոլոր գույները խցկում ես բռիդ մեջ ու ճզմում, նրանք խտանում են, ու լույս է ծնվում...
Երբ վերջապես սկսում եմ մտածել, թե ինչու մարդիկ չեն հասնում նրան ինչին ձգտում են, չնայած օր ու գիշեր այդ մասին խոսելուն ու ամեն րոպե նույն ծրագրերը մեխերի պես ցանկության մուրճով ճամփաներին գամելուն, երկիրը կամացուկ շշնջում է ականջիս.
-Երբ մի ոտքդ մյուսից մի քայլ առաջ ես դնում, իսկ հետո երկրորդը գալիս-անցնում է առաջինին, քայլում ես...
Ասում է ու շարունակում պտտվել... Ես քնում եմ...

Ռի-Մա

No comments:

Post a Comment