Մի՛ մտածիր...


մի մտածիր, կանցնի շուտով,
կանցնի սա էլ,
կմոռանաս այս մի ցավն էլ դու անշուշտ,
բայց մի կարծիր, թե իր ոտով
եկած գայլն էլ
քեզ հենց այնպես լքելու է ողջ ու կուշտ...


մի մտածիր, կանցնի շուտով
այս մի գայլն էլ,
կմոռանաս, թե ինչպես էր քեզ կրծում,
բայց մի կարծիր՝ ձեռքիդ փայտի
երկու ծայրն էլ
ճիշտ նույն կերպ է գազաններին հարվածում...


մի մտածիր, կանցնի, կանցնի,
կանցնի սա էլ,
հարբածներն էլ շուտով ուշքի են գալու,
բայց մի կարծիր՝ հարբած սրտի
կույր «գնա»-ն էլ
սթափ «արի»-ից քեզ ուժեղ է թվալու...


մի մտածիր, կանցնի շուտով,
կանցնի սա էլ,
այս գրիչն էլ չի գրի տող, որ անցած է,
բայց մի կարծիր՝ կլինի դա
շատ շուտով.
այս գրիչն էլ տիրոջ նման գինովցած է...





No comments:

Post a Comment