Անկատար


Դարձա մեջքն այն, որին հենված արտասվեցիր,
Բայց դե երբեք հեկեկոցդ չդարձա,
Դարձա հենքն այն, որի վրա տուն սարքեցիր,
Բայց դե երբեք հաղթ ամրոցդ չդարձա...

Դարձա ճեղքն այն, որով հոգիս թափանցեցիր,
Բայց դե երբեք հոգետունդ չդարձա...
Դարձա զենքն այն, որով ձմեռ դու սպանեցիր,
Բայց դե երբեք քո գարունը չդարձա...

Դարձա փարոս, որ քեզ կանչեց ու փրկվեցիր,
Բայց դե երբեք փրկությունդ չդարձա,
Դարձա քաոս, որում նոր «ես» դու կերտեցիր,
Բայց ես երբեք հարությունդ չդարձա...

Դարձա ձայնն այն, որին կյանքդ դու պատմեցիր,
Բայց քո ընկեր-համախոհը չդարձա,
Դարձա միայն ու ինձ սպանել որոշեցիր,
Բայց ես էլի անմեղ զոհդ չդարձա...

No comments:

Post a Comment