Երջանկություն

Երջանկություն. դեռ մատներս նա դաղում է,
Ու մրմուռից կյանքի հոսքը դանդաղում է...
Գոյությունը մահվան դեմ խենթ մաքառում է,
Երբ ոտքերդ հանձնվում են, իսկ սլացքդ համառում է...


Երջանկություն. իսկ անձրևը դեռ մաղում է,
Ու ես էլի անձրև կուլ տալ հապաղում եմ...
Այս անձրևն էլ աշնան նիհար մատռվակն է.
Նրա գալն է իմ հարբելու պատրվակը...


Երջանկություն. նա իմ բակում դեռ խաղում է,
Եվ այդ խաղից իմ աշխարհը խաղաղվում է,
Այդ մանուկն է իմ անանուն փրկությունը.
Ես վաղուց է՝ ինչ հավատի հարսնացուն եմ...


Երջանկություն. ջրվեժներդ ես քաղում եմ,
Իսկ դու, ներիր, իմ պատճառով ծարավում ես.
Երազում իմ երջանկության ջրվեժներ են,
Ուր գարունն էլ վաղուց ջրվեժ-հավերժվել է...


Երջանկություն. տե՛ս, փողոցն այս դեռ կաղում է,
Ու ծուռ քայլքից անցորդները կատաղում են...
Մոլորություն. թող աղմկի բազմությունը.
Ես վաղուց է՝ ճշմարտության ծաղրածուն եմ...


No comments:

Post a Comment