Խոստովանություն հայելուս...



Դու սխալական ես, դու մարդ ես, դու դու ես...

Դու բողոքում ես դատարկությունից, բայց չէ՞ որ այդ նույն դատարկությունն է մի օր լցվում ու դառնում այլ մի բանի սկիզբը... (Դու դեռ վախենում ես, որ այդ «մի օր»-ը կարող է չափազանց ուշանալ...):

Դու բողոքում ես խավարից, բայց չէ՞ որ հենց դու ես թույլ տվել, որ լույսերը հանգցնեն...(Իսկ այժմ էլ չես թողնում, որ դրանք կրկին վառվեն, քանի որ վախենում ես կուրանալուց...):

Դու բողոքում ես կյանքիդ միօրինակությունից, որ անտրտունջ անիվի պես քեզ կուլ է տալիս իր պտույտներում, բայց չէ՞ որ այդ դու ես, որ հրաժարվում ես գեթ մեկ կիաակնթարթ կանգ առնել... (Դու կրկին վախենում ես ժամանակի այդ չնչին փշրանքում մի բան կորցնելուց...Իսկ գուցե հենց այդ անդուլությո՞ւնդ է գողանում կյանքդ քեզնից...):

Դու բողոքում ես անորոշությունից, բայց չէ՞ որ այդ դու էիր, որ մշուշով ծրարեցիր ապագադ ու որոշեցիր հանդգնորեն չհավատալ... ( Իսկ հիմա արդեն ուշ է մեռյալին հարություն տալու համար. դու աստված չես, չնայած շատ կուզեիր այդպիսին լինել...):

Դու բողոքում ես մենակությունից, բայց մի՞թե դրանում միայն մարդիկ են մեղավոր... Մի՞թե քո մեղքի մասնաբաժինը մենությանդ գրպանների ծակոտկենում թաքնված չէ...Մի՞թե ինքդ ժամանակին լքելիս չես արտասվել...(Դու դեռ վախենում ես սխալներդ նետել սեփական ճակատիդ հայելու մեջ նայելիս...):

Դու բողոքում ես... բողոքում ես, որ քեզ երբեք ու ոչ ոք չի հասկացել, իսկ դու երբևէ փաստարկներդ մարդկանց երեսին շարելիս մտածե՞լ ես, որ նաև լսել գիտես... (Դու այդ ժամանակ վախենում էիր, որ լսածդ կարող է քեզ համոզել, որ սխալվել ես...):
Դու բողոքում ես, որ ստում են, որ չեն տալիս քեզ այն, ինչին արժանի ես, բայց չէ՞ որ անգամ դու ես ինքդ քեզ ամեն րոպե խաբում... Չէ՞ որ դեռ ինքդ քեզ պետք է անկեղծություն շնչել սովորեցնես... (Դու հիմա էլ վախենում ես ինքդ քեզ հետ անկեղծանալիս մահացու խոցվել չիմացյալ մի ճշմարտությունից...):

Դու բողոքում ես, անվերջ բողոքում ես կյանքիդ կիսատությունից, բայց չէ՞ որ այդ դու էիր, հե՛նց դու էիր, որ կյանքդ կիսեցիր ու թողեցիր քո հիմար վրեժի ծոցագրպանում... (Սիրուց վրեժ լուծելիս մոռացար, որ այն դեռ քո ներսում էր...):

Դու բողոքում ես, որ ուժերդ սպառվում են, որ անգամ նրանք են քեզ լքում, որ քեզ կոտրված եղունգի պես մի կողմ նետելիս կյանքը դեռ բողոքում էր իրեն քո հասցրած ցավից ու հայհոյելով խոստանում քեզ էլ երբեք ետ չընդունել...բայց չէ՞ որ այդ դու էիր, որ մեջքով շրջվեցիր աշխարհին ու հեռացար, երբ նրանք քո կարիքն ունեին... (Ցավդ կիսողներին հայհոյելով՝ զուր ես նրանցից կարեցանք ակնկալում...):

Դու սխալական ես, դու մարդ ես, դու դու ես... Դու բողոքում ես մարդկանցից, քանի որ Աստծուն չհավատալով հանդերձ քեզ Աստված ես համարում...(Դու դեռ վախենում ես ճանաչել ինքդ քեզ...):

©Ռի-Մա 


No comments:

Post a Comment