Հուսահատի օրագրից...



Բարև..ես կրկին եկել եմ...տե՛ս՝ ես քեզ ձնծաղիկներ եմ բերել... գիտեմ, որ սիրում ես...
Ճիշտ է՝ ինձ ասել ես, որ անշնորհակալ եմ, որ քեզ պետք չեմ, ասել ես, որ հեռանամ ու տեղդ մոռանամ... Բայց ախր գարուն է եկել... Ախր շատ աներեսն է այս սիրտս... Ես կրկին այստեղ եմ... Տե՛ս՝ քեզ ձնծաղիկներ եմ բերել... Գիտեմ, որ սիրում ես...
Կարող ես դրանք դեն նետել... Կարող ես ոտնատակ անել դրանք ճիշտ այնպես ինչպես հոգուս հետ արեցիր... Կարող ես նրանց էլ մերժել ու արհամարհել, ինչպես ինձ մի օր... Ես դեմ չեմ...
Ուզում ես՝ ապտակի՛ր ինձ... վիրավորի՛ր ու անպատվի՛ր... Չեմ հակառակվի... կլռեմ՝ երդվում եմ... Ապերախտ եմ ես... Անգամ՝ շատ... ապտակի՛ր ինձ... բայց չէ՛. Քեզ մոտ միշտ էլ հայացքի ապտակները ամենալավն են ստացվել...
Տե՛ս՝ քեզ ձնծաղիկներ եմ բերել... Գիտեմ՝ սիրում ես ... Ների՛ր աներես հոգուս, թե կարող ես...Ես այս անպիտան գարնան դեմ զզվելի թու՜յլ եմ... Ների՛ր, բայց թե չես կարող՝ սա էլ դասի՛ր մեղքերիս ցուցակին... Ես դեմ չեմ...
Ախր ես մեղք չունեմ շնչելուս ու քեզ այսքան սիրելուս համար... գուցե ունե՞մ... Լա՛վ... գուցե սա էլ է մեղքերիցս մեկը... Թո՛ղ այդպես լինի... Ես դեմ չեմ...
Քեզ ձնծաղիկներ եմ բերել... գոնե դրա՛նք պահիր... նրանք մեղավոր չեն, որ հենց ես եմ նրանց գնել... Ինձ հետ արա՝ ինչ ուզում ես... բայց գարունս մեղք է...
Գիտեմ՝ ասում ես ապերախտ եմ, ասում ես՝ քեզ հիասթափեցրել եմ, բայց ախր չգիտե՜մ մեղքս որն է... Ասա՛ ինձ՝ ձեռքերիդ վրա ինձ աշխարհից պաշտպանելուդ ո՞ր օրն արդյոք ինձ փոխեց... Ո՞ր օրը դարձա այն ապերախտը, որ այսօր եմ...
Տե՛ս՝ քեզ ձնծաղիկներ եմ բերել... Աներես եմ... Անշորհակալ եմ... Անպիտան եմ.. Քո՛նն եմ... Վախենում եմ... Հասկանու՞մ ես... վախենու՛մ եմ... Ձնծաղիկներս բռունքիս մեջ, սառույցների վրա սայթաքելով եկել եմ կրկին... Գարունս վախենում է ուշանալ... Հասկանու՞մ ես...
Մի բան սխալ է... գուցե ես եմ սխալ, գուցե գարունս է սխալ... գուցե աապրելս է սխալ... Բայց վախենում եմ... Ձնծաղիկներս հո սխալ չեն... գոնե դրանք վերցրու՛... Ինձ լքիր, թո՛ղ թունավոր վարդագույն կյանքի ճանկերում, բայց, Աստծու սիրուն, ձնծաղիկներս վերցրու՛... Ես նրանց առաջ մեղավոր եմ... վերցրու՛ նրանց...
Աներես եմ ես... ների՛ր ինձ (թե կարող ես)...
Բարև... Քեզ էլ եմ կարոտել... գիտեմ՝ դու գարեջուր ես սիրում, բայց վերջին դրամս ձնծաղիկին տվեցի... Ների՛ր ինձ... Քեզ ոչինչ չեմ բերել.... Գիտեմ՝ դու էլ ես կարծում, որ ապերախտ եմ... դու էլ ես ինձ մի օր դրանում մեղադրել.... խնդրեմ.. ես դեմ չեմ... Կգնամ... կկորչեմ, կմոռանաք... բայց վախենում եմ... վախենում եմ՝ ուշանաք մի օր...
Ես եկել եմ... գարունս՝ աներես ու անպիտան գարունս բերել եմ... Ես ձերն եմ այսօր... Արե՛ք ինչ կուզեք, բայց, Աստծու սիրուն, մի վերջին անգամ գրկե՛ք ինձ... Մանկությանս թույլ մի՛ տվեք մեռնել... Այնտեղ՝ դրա բազուկների մեջ սիրում էիք ինձ... Այնտեղ ես ուրիշ էի... Մի վերջին անգամ գրկե՛ք ինձ ձնծաղիկներիս հետ... Մանկությունս առավոտյան լացում էր... Վախենում եմ՝ չդիմանա...
Մանկությունս մեղք է... Ձնծաղիկներս մեղք են... Աղբանոց չնետե՛ք... Գարունս կմանկանա ու կմեռնի... Չեմ ուզում... Վախենում եմ...

Ռի-Մա



No comments:

Post a Comment