Դարերի ժամացույցը


Իմ կիսակույր աչքերին
Մոմի լույս է հարկավոր,
Որ դարերի ժամացույցի
Սլաքները հասկանամ....

Իմ սառած այս ձեռքերին
Մի տաք շունչ է հարկավոր,
Որ դարերի խուլ սառույցից
Ձուլված դռները բանամ...

Իմ լուռ ծալվող ծնկներին
Մի պատնեշ է հարկավոր,
Որ մինչև վերջ ծնկի չեկած
Ալիքի պես բարձրանամ...

Ինձ սպանող իմ մտքերին
Ցնորվել է հարկավոր,
Որ կասկածի խավար խուցից
Դեպի արև սլանամ...

Իմ ոտքի տակ անհետացող
Գուցե չեղած այս հետքերին
Փոշոտ ափ է հարկավոր,
Որ հետքերս դրոշմելով
Քայլեմ, գնամ, վազեմ անգամ...

Ու կատաղած իմ վերքերին
Ազատում է հարկավոր,
Որ ազատող այդ հանճարին
Նվերի տեղ հենց սիրտս տամ....

Կամ էլ գուցե ջնջվել է պետք,
Անհետանալ օդով ասես,
Որ անհոգի դառնամ քեզ պես,
Որ քեզ նման անէ դառնամ,
Որ գուցե և այդժամ միայն
Այս դարերի ժամացույցի
Սլաքները ես հասկանամ...

©Ռի-Մա


No comments:

Post a Comment