Վաղուց էր


վաղուց վաղուց էր.
մայրամուտը ճանկռոտեց աշխարհի բոլոր պատուհանները՝
հուսալով դրանցից մեկի մեջ գտնել աչքերդ,
իսկ դու հայացքդ կողպեցիր
աշնանագույն զարդատուփում
ու սեղմեցիր անցյալդ ատամերիդ տակ...

վաղուց վաղուց էր.
գնացքները գծեցին արևի հետագիծը,
ու թռչունները նկարված մնացին
տրորված թղթերին
ու չթռան
չթռան...

մինչ ես դարձա ճամփաս շփոթած մի մեղու
արքայազնը համաձայնեց էլի գորտ դառնալ
ու բռնվել արագիլի կտուցներում
հանուն գեթ մեկ անգամ նրա հետ թռչելու

վաղուց վաղուց էր
դեմքդ նկարվում էր ափիս
ու չէր ջնջվում ձեռքերս լվանալիս...

զարդատուփը մոռացել է բացվել,
հայացքդ բանտարկյալ է,
մեղուները գորտերին
սիրում են...


No comments:

Post a Comment