Այն, ինչ մնում է


Այն մարդու մոլորակը,
ով ապրում էր քո ներսում
վեց կտոր արեցիր
նարնջի պես...
տունը,
որից նա թռչուններին էր կերակրում
վառեցիր
լուցկու հատի նման...
անկողինը,
որում նա կռիվ էր տալիս մղձավանջների հետ
պատառոտեցիր
ու դարձրիր ցամաքած օդապարիկ...
մարմինը,
որ պահում էր նրա հոգին,
սեղմեցիր տգիտության աքցաններում
ու ճզմեցիր 
հասած ծիրանի նման...
մատները,
որով նա սեր էր նկարում հատակին
կոտրեցիր դալար շիվերի պես
կոտրեցիր միանգամից
ու առանց բողոքելու...
էլ ոչ մի մատ չմնաց քո ներսում,
ոչ մի ծալք,
ոչ մի հետք...
միայն մի եղունգ՝
իսկական
մարդկային...

գոնե դա պահիր...
գլուխդ մի օր գուցե քոր գա...


No comments:

Post a Comment